Հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ այցելել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Կարապետյանի տուն, խուզարկել տունն ու Կարապետյանին տարել ոստիկանության բաժին:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել են Կարապետյանի հարազատները, բաժնում նրան դաժանաբար ծեծել են, այնուհետեւ երեկոյան ազատ արձակել, իսկ հոկտեմբերի 31-ին Հայկին կրկին կանչել են ոստիկանություն եւ երկու ամսով կալանավորել թմրանյութեր իրացնելու կասկածանքով:
Հայկ Կարապետյանի մայրը՝ Մարգո Կարապետյանը, պատմել է, որ հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան, ոստիկաններն ուժեղ ծեծել են իրենց տան դուռը, որդուն հարցրել, այնուհետեւ պահանջել, որ մայրը Հայկին քնից հանի:
«Ասեցին՝ Արագածոտնի մարզի ոստիկանությունից են, հետո տղաս հագնվեց, դուրս եկավ, ասացին՝ «նարկոտիկի համար ենք եկել, ինչքան զենք-զինամթերք կա, ինչ թմրանյութ ունեք, բերե՛ք, ներկայացրե՛ք»: Ասացի՝ իմ տանը ոչ մի նման բան չկա: Ամուսինս, ով ֆիդայի է եղել, մի դանակ ուներ, դա էլ որպես իրենից հուշ պահում էինք: Ցույց տվեցի նրանց, դա էլ տարան փորձաքննության: Ամբողջ տունը տակնուվրա արեցին, նույնիսկ շուն էին բերել, ման եկան, ոչ մի բան չգտան»,-պատմել է մայրը:
Երբ մայրը որդուն հարցրել է, թե արդյոք նրան ծեծել են, որդին պատասխանել է, թե «դրանց ձեռն ընկնողը չի ծեծվի՞, ա՛յ մեր»: Նա, սակայն, մորը ցույց չի տվել իր կապտուկները, մինչդեռ փոքր քույրը՝ Անգին Կարապետյանը, պատմել է, որ եղբոր մարմնի վրա տեսել է բազմաթիվ կապտուկներ:
Հայկի մյուս քույրը՝ Նարինե Կարապետյանը, նշել է, որ սա արդեն երրորդ դեպքն է՝ տանում ու ծեծված հետ են ուղարկում. «Անցյալ տարի նոյեմբերին էլ Մասիսի շրջանի ոստիկանները տարան, ծեծեցին: Մի օր պահել էին, ասել էին՝ եթե հիսուն հազար դրամ տաս, կթողնենք, մինչեւ ժամը երեքը տուն կգնաս»:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը պատմել է, որ օմբուդսմենի արագ արձագանքման խմբից երկու երիտասարդ մտել են Հայկի մոտ եւ դուրս գալիս ասել, թե ամեն ինչ նորմալ է: «Հետո, երբ Անին դուրս եկավ, պարզվեց, որ ՄԻՊ ներկայացուցիչները նայել են միայն որովայնի մասը, եւ դա արվել է միլպետի ներկայությամբ»,-պատմել է Միքայել Դանիելյանը:
Հայկ Կարապետյանի պաշտպան Անի Թորոսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 5-ին այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող երիտասարդին: Հայկը պատմել է, որ հոկտեմբերի 26-ին ոստիկանության բաժնում իրեն դաժանաբար ծեծել են: «Ոստիկանության աշխատակիցները կարծես թե ձեռագիր ունեն, թե ինչպես ծեծեն, որ հետագայում կա՛մ հետքեր չմնան, կա՛մ քիչ մնան, կա՛մ արագ անցնեն: Հայկը գանգատվել է, որ առ այսօր շատ ուժեղ գլխացավեր ունի, ստամոքսի հետ կապված խնդիրներ, մարսողության խանգարում: Նա ասել է նաեւ, որ շատ դժվարությամբ է ոտքերը գետնին դնում, քանի որ ոտքերի տակ էին հարվածում ռետինե մահակներով»,-ասել է պաշտպանը:
Թորոսյանը պատմել է, որ գործում վկա է ներգրավված՝ «Գազել»-ի վարորդ Վոլոդյա Պետրոսյանը, որն ասել է, թե Հայկն է իրեն թմրանյութ փոխանցել: Ու այդ ցուցմունքը հիմք են ընդունել: Ա. Թորոսյանը նաեւ տեղեկացրել է, որ Կարապետյանի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունեցել նաեւ դատարանում՝ խափանման միջոցը որոշելու ժամանակ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանի հետ, որն ասաց, թե չի պատասխանի մեր հարցերին: Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե հարուցված է քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի հատկանիշներով: Կարապետյանը կալանավորված է, նախաքննություն է ընթանում:
ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ, ՈՐ ՉԵՐԵՎԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ