«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ը ԽԱԲՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում կրկին բողոքի ակցիա էր: Այս անգամ բողոքի էին դուրս եկել Մուշ-2-ի շինարարները, որոնք կատարած աշխատանքի դիմաց չեն վճարվել դեռ օգոստոս ամսից: «Ես էս ի՞նչ սխալ գործեցի, էդ սրիկաների հետ ընչի՞ համաձայնվա աշխատել»,-մոտավորապես այսպիսին էին հավաքվածների՝ միմյանց փոխանցվող խոսքերը: Մուշ-2-ի արդեն նախկին աշխատակիցները ժամը 12:00-ին հավաքվել էին նորակառույց թաղամասում գտնվող «Գլենդել հիլզ» շինարարական ընկերության գրասենյակի մոտ: Բայց մոտ մեկ ժամ սպասելուց եւ աշխատավարձի մասին որեւէ տեղեկություն չստանալուց հետո որոշեցին գնալ Շիրակի մարզպետարան: Մի քանի աշխղեկների ընդունեց ու նրանց հետ զրուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանը: Նա նշեց, որ իրենք խնդրին տեղյակ են ու պատրաստակամ են նրանց օգնելու: Խ. Պողոսյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ դիմել են «Գլենդել հիլզ»-ին, որտեղից չեն հրաժարվել գումարների վճարումից: Իսկ թե կա վճարման  հստակ ժամկետ, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Ցավոք սրտի, այս պահին որեւէ ժամկետ ասել չեմ կարող»:
Ներսում գտնվող աշխղեկներն աշխատակազմի ղեկավարին առաջարկում էին դուրս գալ ու հավաքված հարյուրավոր շինարարներին ասել, թե երբ նրանք կվճարվեն, քանի որ ամիսներ շարունակ «Գլենդել հիլզ»-ի կողմից խաբված շինարարների զայրույթը հասել է գագաթնակետին: Այնուամենայնիվ, շինարարները աշխատավարձերի վճարման հարցում որեւէ հստակ պատասխան չստացան, իսկ մարզպետարանից էլ ոչ ոք դուրս չեկավ նրանց հետ զրուցելու: «Տվե՛ք մեր աշխատավարձը», «Տվե՛ք մեր փողերը», «Մեր էրեխեքի հացը մի՛ կերեք»՝ ահա այսպիսի վանկարկումներով մարզպետարանի դիմաց հավաքված շինարարների պահանջն անպատասխան մնաց, ինչն էլ կրկնապատկեց նրանց  զայրույթը: Արդյունքում նրանք որոշեցին գնալ ու փակել Գյումրի-Երեւան ճանապարհը՝ փորձելով գոնե այդ կերպ իրենց ձայնը լսելի դարձնել իշխանություններին: Մինչ այդ արդեն տարածքում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել՝ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանի ու մարզային փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանի գլխավորությամբ: Փոխոստիկանապետն ու մի քանի ոստիկաններ հորդորում, ամեն կերպ փորձում էին համոզել շինարարներին՝ չփակել ճանապարհը` զգուշացնելով, որ նման բան  իրենք թույլ չեն տա: Չնայած այս ամենին՝ հավաքվածներից շատերը չենթարկվեցին ոստիկանների հորդորներին ու շարժվեցին դեպի քաղաքի գլխավոր մայրուղի:
Մինչ շինարարները կհասնեին գլխավոր մայրուղի տանող կամրջի մոտ, այդ ընթացքում եւս փոխոստիկանապետը մի քանի անգամ շինարարներին հորդորեց նման բան չանել, քանի որ, իր տեղեկություններով, մարզպետարանի աշխատակիցները խոսել են «Գլենդել հիլզ»-ի ղեկավարության հետ: Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ երկուշաբթի առավոտյան ղեկավարներ են գալու, եւ շինարարների այս խնդրին պատասխան է տրվելու: Վ. Ենգոյանի հետ մի քանի րոպե տեւած խոսակցությունից հետո շինարարները համաձայնության եկան՝ դադարեցնել բողոքի ակցիան, բայց տեղում որոշեցին կրկին հավաքվել արդեն երկուշաբթի օրը Մուշ-2 թաղամասում:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս