ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ՖԻԳԱՐՈ օրաթերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիական “Le Figaro”-ն հարցազրույց է անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով 3-օրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա։
Երկուշաբթի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Համատեղ ասուլիսում նախագահները ցանկություն են հայտնել շարունակել երկու երկրների միջև տնտեսական կապի ամրապնդումը և ողջունել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։
Le Figaro. -Ի՞նչ վիճակում են գտնվում հայ-ֆրանսիական հարաբերությունները։
Ս. Ս. – Հայ-ֆրանսիական հարաբերությունները նկարագրելու համար ես հաճախ օգտագործում եմ “յուրօրինակ” բառը։ Ֆրանսիան բացել էր իր դռներն ու սիրտը Ցեղասպանություն ապրած հայերի համար։ Այսօր, Ֆրանսիայի հայկական համայնքը, որը հիմնականում 1915թ. Ցեղասպանության արդյունք է, կապող օղակ է հանդիսանում երկու երկրների միջև։ 2012թ. շատ խորհրդանշական է։ Մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Մեր հարաբերությունների 20 տարիները նշանավորվել են մեծ ձեռքբերումներով։ Մեր մշակութային ու առևտրային հարաբերությունները շատ ակտիվ են զարգանում։ Ֆրանսիան 2-րդ ներդրող երկին է Հայաստանում. 155 ընկերություն՝ ֆրանսիական կապիտալի ներկայությամբ։ Դրանց մեջ առաջնային դերակատարություն ունեն Օրանժը, Կրեդիտ ագրիկոլը, Պեռնո Ռիկարը, Ալկատելը, Կառֆուրը և այլն։
Le Figaro. – Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճանաչվեց հակասահմանադրական…
Ս.Ս. – Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի քաղաքականությունը մեր կողմից չի պարտադրվել։ Ֆրանսիան հրապարակայնորեն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը։ Ցեղասպանության ժխտումը՝ հանցագործության շարունակությունն է։ Կարծում ենք, որ նրանք, ովքեր փորձում են վերանայել մի ժողովրդի կողմից մյուս ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմությունը, ամբողջությամբ կիսում են այդ հանցագործության պատասխանատվությունը։ Դժվար է կանխագուշակել այդ օրինագծի հետ կապված որոշումները։ Ես կարող եմ միայն ողջունել նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումը, որը նա արտահայտել է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ և որպես երկրի ղեկավար։
Le Figaro. – Հայաստանը կասկածվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցելու մեջ։ Դա այդպե՞ս է։
Ս.Ս. – Սիրիայի ժողովրդի հետ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող անտարբեր թողնել։ Սիրիայի հայկական համայնքի հիմնական մասը հայկական օջախի հայերն են, ցեղասպանությունից փրկված հայեր, ովքեր հենց Սիրիայից են տեղափոխվել այլ երկրներ։ Քաղաքացիական պատերազմը լուրջ փորձություն է յուրաքանչյուր պետության համար։ Այդուհանդերձ, պատրաստի որոշումներ չկան։ Դժվար է ասել, թե որքանով կարող է միջազգային միջամտությունն օգտակար կամ արդյունավետ լինել։ Այլ բաղադրատոմսերը, որոնք կաշխատեն այլ հանգամանքների վրա, կարող են բերել ողբերգական հետևանքների Սիրիայում, որոնց արդյունքում՝ տարածաշրջանում դեմոգրաֆիական անուղղելի փոփոխություններ կարող են առաջանալ։ Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի ներածին չափով կանի ամեն ինչ երկրում խաղաղությունը և հայկական համայնքում կայունությունը պահպանելու համար։
Le Figaro. -Փարիզում Բաքվի ու Երևանի արտգործնախարարների հանդիպումը ավելացրե՞ց ԼՂ հիմնախնդրի լուծման հույսերը։ 
Ս.Ս. – Այդ հանդիպումը բերեց համաձայնության՝ շարունակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցությունները, ներկա բանակցությունների շրջանակում։ Այդուհանդերձ, այդ հանդիպումը ամենևին նոր հույսեր չառաջացրեց։ Բաքուն մերժում է որպես բանակցությունների հիմք ընդունել միջազգային միջնորդների ներկայացրած սկզբունքները և կարծում է, որ խաղաղ համաձայնագրի շուրջ պայմանավորվել, առանց հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվելու։ Բայց, խաղաղության համաձայանգիրը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե այն հիմնված է հստակ սկզբունքների վրա և ընդունելի է բոլորի համար։ Չնայած Բաքվի գործողություններին, որը գովաբանում է քնած հայ սպային կացնահարած սպային, Հայաստանը կշարունակի անել ամեն ինչ խաղաղ կարգավորմանը հասնելու համար։
Le Figaro. – Վախենո՞ւմ եք արդյոք Ֆրանսիայի ու Թուրքիայի հաշտեցումից։
Ս.Ս. – Իհարկե ոչ։ Մեր քաղաքականությունը չի առաջնորդվում Թուրքիային վնաս հասցնելու գաղափարախոսությամբ։ Այն առաջնորդվում է հստակ սկզբունքներով։ Մենք ցանկանում ենք, որ կապը Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների միջև զարգանա, որպեսզի այդ կապի միջոցով Թուրքիա գնահատի Եվրոպայի նշանակությունը։ Ֆրանսիայի նախագահները քաջություն ունեցան նայելու պատմության դեմքին։ Ես կարող եմ միայն ողջունել նրանց քաջությունը։ Ես կխնդրեմ նախագահ Օլանդին, որ նա պատմի Թուրքիայի իշխանություններին, թե ինչպես է ինքն անձամբ դատապարտել հրեաների արտաքսումը համակենտրոնացման ճամբարներ։ Դա կարող է օրինակ ծառայել Թուրքիայի իշխանություններին։
Թարգմանեց՝ Արփի Բեգլարյանը` eMedia .am




Լրահոս