ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դադարեցվել է սոցիալական քարտերի տրամադրումը, սակայն բանկային գործարքների ժամանակ պարտադիր պահանջվում է այն: Սոցքարտի տրամադրման համար հիմք են ընդունվում անձնագրի տվյալները: Իսկ ինչպե՞ս վարվեն այն քաղաքացիները, որոնք ստիպված են եղել փոխել իրենց անձնագրերը եւ, բնականաբար, սոցիալական քարտի եւ անձնագրի տվյալները չեն համապատասխանում:

Արման Գալոյան (30 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական ապահովության համակարգը փոխվել է հանրային ծառայությունների համարանիշերի համակարգով, այսինքն՝ սոցիալական ապահովության քարտերի փոխարեն անձը ստանալու է հանրային ծառայությունների համարանիշ: Այն, որպես կանոն, ամրագրվում է ID քարտով: Այն անձինք, որոնք չեն ստացել ID քարտ, կարող են մոտենալ իրենց հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, վճարել 3000 դրամ պետական գումար եւ ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշերի վերաբերյալ տեղեկանք կամ դիմել անձնագրային վարչություն նույն տեղեկանքը ստանալու համար, որտեղ նշվում են այս պահին գործող անձնագրի տվյալները: Այն սոցիալական ապահովության քարտին լիարժեք փոխարինող փաստաթուղթ է, տրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար պետական տուրք չի գանձվում: Նրանք, ովքեր չեն փոխել իրենց անձնագիրը եւ ունեն սոցիալական քարտ, կարող են ուղղակի օգտագործել այն, սակայն բացառապես տարածքային անձնագրային բաժնից   համապատասխան կից տեղեկանք ունենալու դեպքում:  

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Մնաց Բիչախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Առաջին  հայացքից պարզ ու դյուրին թվացող այս գործընթացն իրականում բավական ժամանակատար է: Նախ՝ քաղաքացիներն իրազեկված չեն, որ սոցիալական քարտերը փոխարինվել են հանրային ծառայությունների համարանիշով, եւ երկրորդ՝  իմանալու դեպքում էլ չգիտեն՝ որտեղից այն ձեռք բերեն:




Լրահոս