ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ՄԱՀԱԿՈՎ ԾԵԾԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում: ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, դաժանաբար ծեծի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ Սահակ Սահակյանին: Բարսեղյանի որդին իր մոտ եղած «դուբինկայով» այնքան է ծեծել Սահակին, որ նրան գրեթե անգիտակից վիճակում տեղափոխել են Վեդու, այնուհետեւ Երեւանի հիվանդանոց:
Վեդու բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել անհեթեթ հողի վրա. Հակոբը իր մեքենայով մեծ արագությամբ «սլացել» է քաղաքով՝ բնակիչներին անհանգստություն պատճառելով: Սահակն էլ, լինելով Վեդի քաղաքի արժանապատիվ բնակիչ, Հակոբին խնդրել է նման արագությամբ մեքենա չվարել եւ չխանգարել բնակիչների հանգիստը:
Քաղաքապետի որդուն բարկացրել է երեւույթը, որ սոցիալապես ոչ այնքան ապահով ընտանիքից շարքային մի երիտասարդ իրեն կարող է թույլ տալ զգուշացում անել: Եւ ահա Հակոբն իջել է իր մեքենայից ու դրանում եղած «դուբինկայով» դաժանաբար ծեծի ենթարկել Սահակին: Ականատեսների վկայությամբ՝ Սահակն այնքան է ծեծվել, որ տեղափոխել են Վեդու հիվանդանոց, որտեղ խորհուրդ են տվել շտապ տանել Երեւան: Ու երբ լուրը հասել է Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանին, վերջինս շտապել է «հարթել» խնդիրը: Անմիջապես դիմել է ծեծվողի հարազատներին եւ խնդրել՝ որեւէ մեկին որեւէ բան չասեն՝ խոստանալով հոգալ Սահակի բուժման ծախսերը: Սահակի ծնողները թեեւ սկզբում դեմ են եղել, սակայն ստիպված համաձայնել են:
Այնուամենայնիվ, փորձեցինք Վեդու հիվանդանոցից տեղեկանալ, թե ինչ վիճակում է այնտեղ տեղափոխվել քաղաքացի Սահակ Սահակյանը: Հիվանդանոցի ընդունարանից հաստատեցին, որ Սահակյանին «տրավմայով» իրենց մոտ են տեղափոխել նոյեմբերի 18-ին: Իսկ հիվանդանոցի հերթապահ վիրաբույժ Գրիգորյանը կտրականապես հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, թե ինքը նման իրավունք չունի:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին քաղաքապետ Վ. Բարսեղյանն այդպես էլ չպատասխանեց: Նրա մտերիմները մեզ փոխանցեցին, թե Բարսեղյանը շատ «խառն» է:
Ի դեպ, նշենք, որ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, քաղաքում մշտապես աչքի է ընկել իր «լկտի» պահվածքով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս