ԲՀԿ-ն եկող շաբաթվա մեջ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի. Վարդան Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Բրյուսել կատարած այցը որեւէ ձեւով չի որոշելու նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության վերաբերյալ հայտարարության էությունը: Այդ մասին “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան ԲՀԿ-ի եվրոպական հանդիպումները նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում կուսակցության դիրքորոշման վրա, Օսկանյանը պատասխանեց. – “Չէի կապի այս այցը նախագահական ընտրությունների հետ։ Անկախ` այս այցը լիներ թե չէ, վերջ ի վերջո, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հայտարարություն պետք է աներ։ Բնականաբար, այդ հայտարարությունը Երեւանում կլինի, եւ այս այցը որեւէ ձեւով չի որոշելու այդ հայտարարության էությունը”։
Ըստ Օսկանյանի, բնականաբար, կուսակցությունը լավ կլինի ներկայանա իր թեկնածուով` կուսակցության առաջնորդով: “Այդ որոշումը վերջնական այս մի քանի օրերի ընթացքում արդեն կկայացվի։ Ինչպիսին կլինի այդ որոշումը` ժողովուրդը կիմանա դրա մասին` կարծում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում։ Ուղղակի ժամկետները մոտենում են, մոտ ապագայում, միգուցե` եկող շաբաթվա մեջ արդեն, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցության իր վերջնական դիրքորոշումը կհայտնի”, – ասաց Վարդան Օսկանյանը։




Լրահոս