ԱՆԳՐԱԳԵՏԸ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակման, որտեղ նշված է, որ ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին, Ս. Խաչատրյանը slaq.am-ի հետ զրույցում ասել է. «Ուղղակի թերթի խմբագիրն անգրագետ հայտարարություններ է արել»:
Կարծում ենք՝ անգրագիտության մեջ մեղադրելու համար մեղադրողն ինքը առնվազն պետք է գրագետ լինի: Այս առիթով հարկ ենք համարում մեջբերել նույն slaq.am-ում այս տարվա մարտի 8-ին հրապարակված՝ «Լիսկան կանանց մաղթում է երկրին խաղաղություն» վերնագրով հոդվածը, որտեղ գրված է, որ Սյունիքի մարզպետը շնորհավորել է կանանց՝ մաղթելով. «Թող երջանիկ լինեն, շատ երեխա ունենան եւ խորհրդավոր լինեն մեր գլխին եւ միշտ խաղաղություն լինի մեր երկրին»: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են…
Նույն գրագետ մարդը, որը հայտնի է կանանց ծեծելով եւ հայհոյելով, այս տարվա հունիսին, երբ հեռախոսով հայհոյել էր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների (այդ մասին հետո գրվել է նաեւ այլ լրատվամիջոցներում), իր արարքի համար բացատրություն տալով ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին՝ ասել էր. «Զանգեց, ղժղժում էր վրես, թե չգամ հասնեմ ըտեղ, գրասենյակը ոնց վերցրել ես, տուր: Ես էլ ասի՝ դե գնա…»: Կրկին մեկնաբանություններն ավելորդ են…
Ավելի վաղ՝ դեռ 2011-ի դեկտեմբերին, նույն Սուրեն Խաչատրյանը (Լիսկան) բնապահպան Մարիամ Սուխուդյանին ասել էր. «Ա՛յ ճպուռ, քի՛չ խոսա», «Սո՛ւս մնա, թե չէ հետդ վատ բան կպատահի», իսկ մյուս բնապահպաններին. «Ալա-բուլա եք աչքիս երեւում, ձեր վերջը վատ կլնի, տո դուք ո՞վ եք», ինչը նույնպես հրապարակվել էր տարբեր լրատվամիջոցներում:
Եւս մեկ-երկու օրինակ. այս տարվա մայիսին aravot.am-ին տված հարցազրույցում՝ «Տո ինքը չի գա, ես իրան կքցեմ մաշինեն, կպիրեմ», հուլիսին՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում՝ «Մուտիլովկեքը չսկսեք, բոլորն էլ իմ լավ ընկերներն են», «Դե չեղավ էլի, նաչալնիկ, Սյունիքում տես, թե ինչ լավ համայնքային ընտրություններ ենք կազմակերպելու»: Եւ այսպես անվերջ: Սյունիքի մարզպետի գրագիտության դրսեւորումներին  ծանոթանալու համար բավական է google որոնողական համակարգում մուտքագրել Սուրիկ Խաչատրյան կամ Լիսկա բառերը, եւ հետաքրքիր ժամանցը երաշխավորված է:
Այս ամենին եթե ավելացնենք գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու փաստը, դպրոցահասակ երեխային հարվածելու եւ ծնոտը կոտրելու մասին լուրերը, Ս. Խաչատրյանի դեմ նախկինում հարուցված 3 քրեական գործերը, նրա 2 եղբայրների դեմ հարուցված 4-ական քրեական գործերը, նրա եղբայր Սեյրան Խաչատրյանի՝ խանութում աղջիկ բռնաբարելու եւ Ս. Խաչատրյանի կողմից այդ հանցանքը կոծկելու փորձերը, ապա պատկերն ամբողջանում է: Եւ, ահավասիկ, վերստին մեր առջեւ հառնում է ՀՀԿ-ական «կիրթ եւ գրագետ»  պաշտոնյայի  կերպարը, որին իր ՀՀԿ-ական գործընկերներն այդպես էլ ոչ մի կերպ չցանկացան վտարել իրենց շարքերից՝ գերադասելով խայտառակ լինել, քան գնահատականներ տալ նրա արարքներին: Թե ինչու, կարծում ենք՝ այստեղ էլ վաղուց արդեն մեկնաբանությունների կարիք չկա:
Եւ վերջում ցանկանում ենք հորդորել մեր գործընկերներին. անկախ նրանից, թե ինչ է ասել Սյունիքի մարզպետը, եթե նրա ասածի մեջ կա վիրավորանք լրագրողի (թեկուզ այլ լրատվամիջոցի լրագրողի) հասցեին, գործընկերության չգրված կանոններից ելնելով` ճիշտ չէ նման արտահայտությունը հրապարակելը, առավել եւս` հաշվի առնելով այդ արտահայտության հեղինակի ինքնությունը: Սա մեր մոտեցումն է ու սկզբունքը, որը մենք մշտապես դրսեւորել ենք` այդ թվում եւ նույն slaq.am-ի ղեկավարի հասցեին իր իսկ հարազատ կուսակիցների կողմից հնչեցված բազմաթիվ ոչ կոռեկտ արտահայտությունները չհրապարակելով: Հուսով ենք՝ այսուհետ կաշխատենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս