Չեմ կարծում, որ Լեվոն Զուրաբյանն այն պրոդուկտն է, որ ԱԱԾ-ին հետաքրքրեր.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ “Հանրապետական” խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնալսումը և տարածումը ԱԱԾ-ին չի հետաքրքրում: “Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանն այն պրոդուկտն է, որ ԱԱԾ-ին հետաքրքրեր”,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ հետաքրքիր չէ նաև Օսկանյանը:
Նա վստահեցնում է, որ այդ ձայնագրությունը ոչ էլ իշխանությանն էր պետք. “Ես չեմ կարծում, որ իշխանությունը որևէ խնդիր ունի երկու պատգամավորների խոսքը ձայնագրելու և հրապարակելու: Դա մեզ ոչինչ չի տալու, պարզապես ակտիվ ժամանակաշրջան է, և ամեն ինչն էլ կարող է ազդել հասարակության վրա”,- ասաց նա: Իսկ հարցին, թե, ըստ նրա, ո՞ւմ է այդ դեպքում ձեռնտու՝ պատասխանեց. “Ով արել է, նրան է ձեռնտու”:
Խոսակցության բովանդակությունը նա որակեց “բամբասախառն”. “Շատ սովորական խոսակցություն էր, բամբասախառն, մի մասը իրողություններին հարիր, մի մասը՝ ոչ”:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ իհարկե, երևույթը դատապարտելի է, և եթե բողոքող կողմ լինի, բնականաբար, կհարուցվի քրեական գործ: Նա նշեց, որ ինքն էլ գնում է սրճարան և չի վախենում, որ իրեն էլ կձայնագրեն. “Ես նորմալ խոսքեր եմ ասում, և ինչ ասելու ունեմ բարձրաձայնում եմ, որ ամբողջ աշխարհը լսի”:
ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն իր նախագահի թեկնածուի համար կարգախոս վերցնելով “Դեպի ապահով Հայաստան”, չէր կարող անմիջապես այն կիրառել: “Ասեմ հետևյալը, մի մտածեք ապահով Հայաստան ստեղծելու համար, որ պետք է գիշերը երազ տեսնենք, առավոտը դա կատարվի։ Դա գործընթաց է, և վերաբերվում է ոչ միայն մեզ, այլ ժողովրդին, որին պետք է կարողանանք ազգովի տիրապետել”,- ասաց նա:
Լրագրողները հիշեցրեցին, որ ժամանակին էլ Արթուր Բաղդասարյանին էին ձայնագրել. “Իհարկե, դա էլ է սխալ, ես մտածում եմ, եթե այդ ճանապարհով գնանք, սարքավորում ստեղծվի և հասարակությանը կհասցնի ամբարտավանության, դրա համար դատապարտելի է”:
Իսկ հնարավո՞ր է Արթուր Բաղդասարյանին ձայնագրելու փորձից ելնելով այս դեպքում նույնպես հետաքրքրության կենտրոնում հայտնված կողմերը պաշտոն ստանան, Գալուստ Սահակյանը նշեց. “Աստված անի, որովհետև անընդհատ խոսում են, որ իրենց որևէ ոլորտ տան, իբրև թե, եթե ընդդիմություն ես՝ սուրբ ես, որ ոլորտը վերահսկեն: Կարելի է տալ Ձմեռ պապի”,-ասաց նա:
tert .am




Լրահոս