Պահանջում են «Եվրատեսիլ-2016»-ին ուղարկել Թամար Կապրելյանին. Հ1-ը հաշվի կառնի՞ հանրության կարծիքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` Change.org կայքում ստորագրահավաք է անցկացվում` «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին որպես Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Թամար Կապրելյանին ուղարկելու պահանջով: Ըստ կազմակերպիչների` մեծ թվով մարդիկ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ավստրալիայից, ուզում են Թամարին կրկին տեսնել եվրատեսիլյան բեմում, եւ նրանց թիվն աստիճանաբար ավելանում է: Ստորագրողները կոչ են անում Հանրային հեռուստաընկերությանը հաջորդ տարվա մասնակցին ընտրելիս հաշվի առնել հանրային կարծիքը:

Նշենք, որ ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 300 հոգի: Ինքը` Թամարը, ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ստորագրահավաքին, գրել է. «Նրանք, ովքեր կազմակերպել են սա, պարզապես հրաշալի բան են արել, ոչ թե որովհետեւ խնդրում են ինձ համար, այլ որ իրենց ընտրությունն են առաջ տանում: Սուպեր առաջադեմ եւ ժողովրդավար քայլ: Միացե՛ք, աջակցե՛ք, տարածե՛ք»:

TAMAR-KAPRELIAN-SeptOct-2012

«Ժողովուրդ»-ը Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց` որն է Հ1-ի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, եւ որն է հեռուստաընկերության պատասխանը՝ երգչուհու երկրպագուներին, արդյո՞ք Հ1-ը նպատակահարմար կգտնի Թամար Կապրելյանին երկրորդ անգամ ուղարկել միջազգային մրցույթին, եւ ինչից է կախված այդ որոշումը:

«Մեծերի «Եվրատեսիլ»-ի մասին Հանրային հեռուստաընկերությունն առավել մանրամասն տեղեկատվություն կկարողանա տրամադրել սեպտեմբերին: Դեռ վաղ է որեւէ բան ասել այդ մասով: Այս պահին չի քննարկվում, թե ով է գնալու մեծերի «Եվրատեսիլ»-ին: Մենք բոլոր կարծիքներին, քննարկումներին ու առաջարկներին ծանոթ ենք, իսկ թե ինչպիսին կլինի ընտրությունը, ցույց կտա ժամանակը, եւ բոլորն այդ մասին կիմանան»,-պատասխանեց Հ1-ի PR մենեջեր Արուսյակ Զախարյանը:

video_02c2ac0f81aa3dcea336b74da9231d11

Հիշեցնենք, որ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանն այս տարի Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում` Genealogy խմբի կազմում: Նա ճանաչվեց «Eurovision՚s Next Top Model»` հաղթելով Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում` պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն եւ երգչին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս