Եկեղեցի կառուցելուն զուգահեռ կարելի է նաև հավատավոր ժողովրդին տիրություն անել. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում օլիգարխները կամ գործարարները եկեղեցիներ են կառուցում, ինչը ոչ բոլորի կողմից է ընդունվում, քանի որ շատերի կարծիքով կարելի է այդ նույն գումարով կառուցել գործարաններ և ստեղծել աշխատատեղեր:

Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը եկեղեցիների կառուցումը նորմալ համարեց: «Ինձ էլ բախտ է վիճակվել վերակառուցել Ապարանի Սուրբ խաչ եկեղեցին: Դա լավ բան է, ինչի մասին է խոսքը: Մենք հավատքի համար ենք կռվում, բնականաբար շատ կարևոր է, հավատն էլ, առաքելական եկեղեցին էլ»,-ասաց նա:

Ազատամարտիկը միաժամանակ նշեց, որ կան անհատներ, որոնց «մեղքը այնքան շատ է, որ եկեղեցի են կառուցել` մեղքերը ինչ-որ չափով փարատելու համար»: «Բայց նաև կարելի է եկեղեցու հետ զուգահեռ եկեղեցու հավատավոր ժողովրդին էլ տիրություն անել, սա ոչ պակաս կարևոր է: Բայց եթե մարդ նպատակ է դրել եկեղեցու վրա իր գումարները դնել՝ Աստված իրա հետ, ինչ ասեմ»,- ընդգծեց  Ռազմիկ Պետրոսյանը:

Հարցին` ինչպիսի գնահատական կտա այս երևույթին, ազատամարտիկը նշեց: «Իմ գնահատականն այն է, որ երկիրը պիտի երկրի կերպարում լինի: Եթե այս երկրում ամեն մեկն իր առաքելությունը նորմալ կատարի, դրանից հետո եկեղեցի կառուցի՝ կզգանք, որ իր ունեցած ավել միջոցները ուղղորդում է այս նպատակին: Բայց այսօր եկեղեցուց ոչ պակաս կարևոր խնդիրներ կան: Այնպես չէ, որ այդ բարերարից կամ գործարարից ինչ-որ բան պետք է պահանջենք: Մենք պահանջում ենք մեր իշխանություներից, որ մեր ժողովրդին չքավորությունից հանեն: Կարելի՞ է եկեղեցի կառուցել, թե՞ ավելի կարևոր առաջնային խնդիրներ կան»,- հավելեց ազատամարտիկը:

Հիշեցնենք` այսօր Նոր Հաճնում նախատեսված է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված հերթական եկեղեցու բացումը:

Արփինե Թովմասյան




Լրահոս