Ո՞ՒՐ ԿՈՐԱՆ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. վերջին ՀՀ ֆինանսների նախարարությունը, իր իսկ հաղորդագրության համաձայն, բանկերին տրամադրել էր անհրաժեշտ քանակությամբ ավտոմեքենաների տեխզննման կտրոններ, սակայն արդյունքում դրանք չէին բավականացրել, եւ վարորդների շրջանում իրարանցում ու դժգոհություն էր առաջացել: «Ժողովուրդ»-ը փորձեց ֆինանսների նախարարությունից տեղեկանալ, թե ինչ կարող էր լինել տեխզննման կտրոնների հետ, եւ որն էր դրանց պակասի պատճառը:
Վերջին օրերին վարորդների շրջանում խուճապ էր առաջացել՝ կապված ավտոմեքենաների 2013թ. տեխզննման կտրոնների ձեռքբերման դժվարությունների հետ: Դեռեւս 2012թ. վերջին բազմաթիվ վարորդներ չէին կարողացել ձեռք բերել այս տարվա տեխզննման կտրոնները, քանի որ բանկերում կտրոնները վերջացել էին: Այս կապակցությամբ դեռ հունվարի 11-ին ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ պատրաստվում է տրամադրել լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ, որոնք վարորդները կարող են ձեռք բերել հունվարի 21-ից 31-ի ընթացքում՝ «ՎՏԲ Հայաստան» բանկի միջոցով՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը եւ 2012թ. գույքահարկի զրոյական պայմանագիրը:
Հարց է առաջանում, թե ինչպես բանկերում վերջացան կտրոնները, եւ ինչու նախարարության կողմից բանկերին լրացուցիչ կտրոններ տրամադրելու կարիք եղավ, այն դեպքում, երբ դեռ 2012թ. դեկտեմբերին նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ բանկերին տրամադրվել է 36 950 կտրոն եւ ելնելով պահանջարկից՝ լրացուցիչ եւս 20 000-ից ավելի կտրոն: «Ժողովուրդ»-ը փորձեց ֆինանսների նախարարությունից այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ: Նախարարության մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը կրկին հաստատեց, որ այս տարի նույնիսկ ավելի մեծ քանակով կտրոններ էին ուղարկվել բանկեր, քան մեկ տարի առաջ, այդուհանդերձ, խնդիր առաջացավ, որի բուն պատճառը դեռ չեն կարողացել պարզել: Ենթադրվում է, որ բանկերում սխալ հաշվարկ է եղել (խոսքը մեքենաների հաշվարկի մասին է): Ժամանակի ընթացքում նախարարության մասնագետները կփորձեն հասկանալ խնդրի էությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման իրավիճակից խուսափելու համար: Իսկ առայժմ ֆինանսների նախարարությունը ճանապարհային ոստիկանության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ մինչեւ հունվարի 31-ը 2013թ. տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:
«Ժողովուրդ»-ին ահազանգել էին նաեւ մի քանի վարորդներ (որոնք խնդրել էին իրենց անունները չնշել, ուստի նրանց հաղորդած տեղեկությունների հավաստիությունը չենք երաշխավորում) եւ հայտնել, որ դեռ 2012թ. դեկտեմբերին թաղապետարաններում մուծել են գույքահարկը, սակայն բանկերում իրենց ասել են, որ կտրոն չկա, կլինի հունվարից: Հունվարի 11-ից բանկերում ներկայացնելով գույքահարկի զրոյական պայմանագիրը՝ վարորդները պահանջել են իրենց տեխզննման կտրոնները, սակայն բանկերում նրանց ասել են, որ գույքահարկի զրոյական պայմանագիրը պետք է լինի հունվար ամսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերով ձեւակերպվածի դեպքում կտրոն չեն տալիս: Արդյունքում՝  վարորդները ստիպված լրացուցիչ մուծում են արել՝ փաստորեն երկու անգամ վճարելով:
Սրա վերաբերյալ ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ հավանաբար վարորդները սխալ են հասկացել կամ սխալ ձեւակերպել իրենց ասածը: Նրա հավաստմամբ` նույնիսկ լրացուցիչ դրամ մուծելու դեպքում այդ գումարները վերաբերում են արդեն հաջորդ տարվա գույքահարկին, ուստի վարորդները որեւէ կորուստ ունենալ չեն կարող:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս