Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» կարճատես եւ անհաշվենկատ արտաքին քաղաքական քայլ էր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 7 տարի առաջ այս օրերին ՀՀ իշխանությունները ցայտնոտայիին իրավիճակում էին, քանի որ արդեն չորրորդ օրն ընթացող ռուս-վրացական պատերազմի արդյունքում Հայաստանը զրկվել էր Վրաստանի տարածքով աշխարհի հետ հաղորդակցվելու, ասել է թե` նաեւ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ ներմուծելու հնարավորությունից: Ոչ վաղ անցյալի այդ օրերը վերհիշելով` շատերը կվկայեն, որ գոյացել էին բենզինի մեծ հերթեր, իսկ ալյուրի պաշարներն էլ, ըստ վիկիլիքսյան բացահայտումների, կարող էին սպառվել արդեն 1 շաբաթից:

Նույն փաստաղթղերի հաղորդմամբ` այդ օրերին Հայաստանը լրջագույն խնդիր էր ունեցել նաեւ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային վառելիքը ՀՀ ներմուծելու հարցում, եւ դժվար է ասել, թե ինչ կլիներ ՀՀ-ի հետ, եթե ռուս-վրացական պատերազմը տեւեր ոչ թե 5 օր, այլ ավելի երկար:

Համենայն դեպս, այդ 5 օրերին ՀՀ-ի կրած վնասը կազմել էր կես միլիարդ դոլար: Եվ դրանից հետո, թվում էր, ՀՀ իշխանությունները պետք է անեին հնարավորը` Հայաստանը նման խոցելի վիճակում չթողնելու եւ մեր պարենային անվտանգության ուղիները տարազանելու համար: Դա անելու փորձ, իհարկե, եղավ Սերժ Սարգսյանի կողմից` ի դմես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողված գործընթացի: Փոխարենը Ս. Սարգսյանը, չգիտես ինչու, թերագնահատեց պարսկական ուղղությունը, այն դեպքում, երբ Իրանի հետ լայնամասշտաբ տնտեսական հարաբերություններ հաստատելու հարցում խոչընդոտներն անհամեմատ ավելի փոքր էին:

Ի վերջո, Իրանին պատժամիջոցների ենթարկած Արեւմուտքի ճնշումներին դիմակայելը շատ ավելի հեշտ կարող էր լինել (հատկապես վրացական պատերազմից հետո` դա հիմնավորելով պարենային անվտանգության ապահովման հրամայականով), քան Ցեղասպանություն իրականացրած, հայերին պետական մակարդակով թշնամի ճանաչող եւ Ադրբեջանին հովանավորող երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը:

Այսօր արդեն ակնառու է, որ Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» կարճատես եւ անհաշվենկատ արտաքին քաղաքական քայլ էր, որը հաջողելու դեպքում անգամ էականորեն չէր նվազեցնելու ՀՀ արտաքին ռիսկերը: Ներկայումս Թուրքիան ներքաշվել է երկճակատ պատերազմական գործողությունների մեջ եւ առաջիկայում կարող է վերածվել երկարաժամկետ անկայունության օջախի:

Նույնը չի կարելի ասել Իրանի մասին, որի հետ հարաբերությունների խորացումը, ի թիվս այլ հարցերի, նաեւ պարենային անվտանգության մակարդակի բարձրացման լուրջ եւ հուսալի ճանապարհ է: Եվ այս համատեքստում միայն ողջունել կարելի է երեկ Թեհրանում 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման հայ-իրանական պայմանագրի կնքումը: Հուսանք՝ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, դասեր քաղել են, եւ սա միայն սկիզբն է:




Լրահոս