Նախարարի պաշտոնը քաղաքական է, նա բնավ պարտավոր չէ լինել լավագույն իրավագետը. Գևորգ Դանիելյանը՝ Արփինե Հովհաննիսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքնի ր էջում անդրադարձել է Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը և դրա վերաբերյալ մամուլում շրջանառվող տարատեսակ մեկնաբանություններին:

Գևորգ Դանիելյանը գրել է.

«Նորանշանակ արդարադատության նախարարին՝ Արփինե Հովհաննիսյանին շնորհավորում եմ, մաղթում արդյունավետ աշխատանք, միաժամանակ՝ ափսոսանք հայտնելով մարդկային և մասնագիտական նախաձեռնությունների առանձնակի շնորհ ունեցող Հովհաննես Մանուկյանի համար (հիշենք միայն Վլադիմիր Նազարյանի հուշաքարի տեղադրումը): Իսկ, որպեսզի երիտասարդ նախարարի աշխատանքը հաջողություն բերի, ոչ թե արդեն այս պահին անվայել փնովենք կամ գնահատականներ շռայլենք, մանավանդ, որ դրանք մեծամասամբ ուղղորդված են, այլ փորձենք հավուր պատշաճի աջակցել, նեցուկ լինել. սա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ խորհրդարանական «համակիրներին»:

Վերջին հաշվով, կառավարության գործունեությունում խոտանի հետևանքները յուրաքանչյուրս է զգում իր սեփական մաշկի վրա, դա միայն նախարարի պարտությունն ու ցավը չէ: Կարծում եմ, պետական գործչին քննդատելու լիիրավ հիմք կունենաք (ինքս հասկանալի պատճառներով ձեռնպահ եմ մնալու), եթե մենք ինքներս մեր քաղաքացիական պարտքը պատշաճ կատարենք ու, այնուամենայնիվ, արդյունքը չտեսնենք:

Արձագանքեցի, որովհետև լրագրողները «գրոհում» էին իրենց միևնույն հարցով. «Որքանո՞վ է ճիշտ այս նախարարի նշանակումը»: Կարծում եմ, համամիտ եք, որ հարցն ինքնին «կոռեկտ» չէր: Եվ, խնդրում եմ, շրջանառությունից հանեք «թիվ 1 իրավաբան» ակնհայտ անլուրջ արտահայտությունը. նախարարի պաշտոնը քաղաքական է, նա բնավ պարտավոր չէ լինել լավագույն իրավագետը, նա իր գործունեությամբ պարտավոր է հանրությանը ապացուցել, որ ունակ է համախմբելու կարող ուժերի (թող մի պահ նեղանան ակնկալիքներ որոնող մտերիմ ընկերները և ըմբռնեն, որ հովանավորչությունը գործը ձախողելու ամենակարճ ճանապարհն է), նրանց հետ սերտ համագործակցված համարժեք գնահատել ողջ իրավական համակարգը և արդարադատության հիմնախնդիրները, դրանց բարելավման նրբին ուղիները և ոչ մի դեպքում չտարվել էժանագին իմիտացիաներով ու «փիառներով»: Ինքս համոզված եմ, որ նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի մոտ կստացվի»:




Լրահոս