Պարույր Հայրիկյանի մահափորձին հաջորդած իրադարձություններն առավել քան տարօրինակ զարգացումներ են ստանում: Ինչպես հայտնի է` նախագահի թեկնածուի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով կալանավորված անձինք մտերիմ հարաբերություններ ունեն մեկ այլ թեկնածուի` Վարդան Սեդրակյանի հետ: Ասել է թե՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ նախագահի թեկնածուներից մեկը մյուսի դեմ մահափորձ է պատվիրել: Ընդ որում, Սեդրակյանն էլ իր հերթին այնպիսի հայտարարություններ է անում, որ խորացնում է կասկածները` ասելով, թե նախագահի ընտրություններից հետո, երբ արդեն անձեռնմխելի չլինի, իրեն կձերբակալեն:
Թե ինչու է «զոհի» դերում Հայրիկյանը, իսկ «պատվիրատուն»` էպոսագետը, ինչու պետք է հենց Սեդրակյանը եւ հենց Հայրիկյանի դեմ «մահափորձ» պատվիրեր, անհասկանալի է. այս հարցերին որեւէ տրամաբանական պատասխան չկա: Համենայնդեպս, անհասկանալի է՝ ինչու պետք է ոչ բարձր վարկանիշով երկու թեկնածուները միմյանց դեմ պայքարեն, ընդհուպ մինչեւ՝ մահափորձ պատվիրեն:
Մինչ այդ, երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, որ Հայրիկյանի գործով կալանավորվածները, որոնք, ի դեպ, ժամանակին դատապարտվել են թմրամոլության համար, սկսել են ցուցմունքներում հաճախակի հիշել Վարդան Սեդրակյանի անունը: Սեդրակյանը երեկ հայտարարեց, թե կալանավորվածներից Խաչատուր Պետրոսյանը թմրանյութի ազդեցության տակ Քանաքեռում լուրեր է տարածել, թե ինքն ունի պատժիչ ջոկատներ եւ Խաչիկին նշանակել է դրանց հրամանատար, իսկ ընտրվելուց հետո՝ նախարար: Սեդրակյանը չի ժխտում այն հանգամանքը, որ կալանավորվածի մեքենայում իր հարցազրույցներն ու հոդվածներն են հայտնաբերվել. «Ես իմ տպագրված հարցազրույցները տարածել եմ Հայաստանում, եւ դրա դիմաց ես նրանց գումար եմ տվել, ինչի մեջ որեւէ անօրինական բան չկա: Իրենք ասում էին, որ Գյումրիում, Չարենցավանում ծանոթներ ունեն եւ տանում տարածում էին: Հիմա պարզվում է, որ այս հարցազրույցները երբեք որեւէ տեղ չեն տարածվել»:
Սեդրակյանին երեկ հարցրինք՝ իսկ նախընտրական շրջանում ինքն առնչվե՞լ է Հայրիկյանի գործով կալանավորվածների հետ: Պարզվեց՝ այո: «Խաչիկն իմ դիմացի հարեւանն է, ո՞նց կարող եմ նրան չտեսնել: Իսկ ի՞նչ է` Դուք Ձեր հարեւանների հետ առնչություն չե՞ք ունենում»,-տարակուսեց Սեդրակյանը: Նրան նաեւ հարցրինք՝ որեւէ կապ ունի Հայրիկյանի նկատմամբ մահափորձի հետ, եւ ընդհանրապես, պատվիրատուն ինքն է, թե ոչ: Պարզվեց՝ ոչ: «Իհարկե կապ չունեմ, երկրորդ կարծիք լինել չի կարող: Թող կոնկրետ պաշտոնական կառույցներն իրենք ասեն` կապ ունեմ, թե ոչ»,-հայտարարեց նա: Իսկ եթե Հայրիկյանի գործով կալանավորվածները ցուցմունք տան Սեդրակյանի դեմ, ապա թեկնածուի խոսքերով. «Դե հիմա էդ բռնվածները թմրամոլներ են, շատ հնարավոր է՝ ցուցմունքներ էլ տան, բայց պետությունը պետք է ասի` կապ ունեմ, թե ոչ: Ի՞նչ կապ ես պետք է ունենամ կատարվածի հետ: Դրդապատճառ պետք է լինի հանցագործության համար: Ցանկացած հանցագործություն մոտիվացիա պետք է ունենա: Որեւէ նորմալ մարդ կարո՞ղ է ասել, թե իմ դրդապատճառը որը կարող է լինի»: Իսկ թե որն է իր անունն այս դեպքի հետ կապելու պատճառը, Սեդրակյանն այսպես մեկնաբանեց. «Առաջին հայացքից անտրամաբանական է, բայց երբ խորը մտածում ես` կա տրամաբանություն. քարոզարշավի սկզբին` մեկ շաբաթից հետո, բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներով անցկացված էլեկտրոնային քվեարկությամբ ես առաջին տեղում էի, այդ մասին ասել եմ ասուլիսներում, հարցազրույցներում: Ես թափ էի հավաքում, իսկ հիմա մի շաբաթ է` զբաղված եմ ձերբակալվածների հարցով` այդ կապակցությամբ հարցերի պատասխանում, կանխամտածված ստերը հերքում»:
Հարկ է նկատել, որ չնայած ողջ աժիոտաժին, Վ.Սեդրակյանն այս քրեական գործով մինչեւ հիմա չի հարցաքննվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պնդում էր՝ որպես նախագահի թեկնածու՝ ինքն անձեռնմխելի է ու անգամ որպես վկա չի կարող հարցաքննվել: «Կարդացե՛ք ԸՕ-ն, կտեսնեք՝ նաեւ որպես վկա ինձ հարցեր տալու իրավունք չկա»,-նշեց թեկնածուն: Թեեեւ՝ ՀՀ ԸՕ-ն այլ դրույթ է նախատեսում. «Թեկնածուն կարող ձերբակալվել կամ կալանավորվել կամ դատական պատասխանատվության ենթարկվել միայն ԿԸՀ համաձայնությամբ»:
ԱԱԾ-ից էլ փորձեցինք ճշտել՝ պատրաստվում են Սեդրակյանին հարցաքննության հրավիրել, թե ոչ: Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի՝ այդ քրեական գործի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիա արդեն հաղորդվել է, եւ հավելյալ տեղեկատվություն տարածելու անհրաժեշտության դեպքում իրենք կանեն:
Նկատենք, որ այս թեմային անդրադարձել է նաեւ «տուժող» կողմը՝ Հայրիկյանը: «Սեդրակյանին ես ո՚չ մեղադրել եմ, ո՚չ մեղադրում եմ: Ոչ էլ կրակողներին եմ ես ճանաչում, եթե իսկապես իրենք են: Չեմ էլ խորացել անգամ` իրենք են, թե չէ: Ինձ նկարները որ ցույց են տվել, ասել եմ` շնորհակալություն, ինձ պետք էլ չէ, որ դրանց նկարները ես նայեմ: Ինձ համար ամենակարեւոր բանը ես կարողացել եմ անել, ինձ համար եւ ձեզ համար` այդ սադրանքի պահին գլուխս չկորցնել եւ կարողանալ փրկել ինձ ու ձեզ»,-ասել է նա՝ հավելելով, որ Սեդրակյանը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ էպոսագետ:
ՀԱՎԱՍԱՐՈՒՄ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ