Գալուստ Սահակյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ:

Շուրջ քառորդ դար մենք տերն ենք մի արժեքի, որի համար այսօր էլ աշխարհում դեռ պայքար է մղվում, կյանքեր են զոհաբերվում, սահմանային գծեր սրբագրվում: Դա այն արժեքն է, որ մեր մեջ արհեստականորեն չի մտցվել ինչ-որ մեկի կողմից, այլ ամուր նստած է մեր գիտակցության ու հոգու մեջ, արժեք, որից մենք երբևէ չենք հրաժարվել, եթե նույնիսկ ոմանք փորձել են այն ուժով հանել մեր միջից:

Մենք վստահորեն ու միասնական ենք կատարել մեր ընտրությունը, և պարտավոր ենք նույն վստահությամբ ու համախմբվածությամբ լիարժեք իրականություն դարձնել այն ամենը, ինչ ամփոփված է անկախության գաղափարի մեջ: Հակառակ դեպքում այն կնմանվի չամբողջացած երազանքի ու կիսատ մնացած ցանկության:

Մեր հաղթանակները վկան են, որ մենք չենք կարող կիսատ երազանք ունենալ, որովհետև դա վտանգավոր է ապագայի համար: Ուստիև աշխարհի տարբեր վայրերում դրսևորվող մեր ներուժի, բազմիցս ապացուցված մեր կենսունակության, ապագայի հանդեպ ամուր հավատի շնորհիվ մեր հաղթանակների շարունակականությունն ապահովելու, անընդհատ երազելու և այն իրականություն դարձնելու հնարավորություն ու պարտավորություն ունենք, ինչին այլընտրանք չունենք:

Հակառակը անհետանալն է աշխարհի քարտեզից, որի առաջին ու հիմնավոր ստեղծողներից ու այն գծողներից ենք, ինչի հետ հաշվի են նստում նույնիսկ նրանք, ովքեր արհեստականորեն ու ակամա են հայտնվել այդ քարտեզին:

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենիքը յուրաքանչյուրիս մեջ է անկախ մեր բնակության աշխարհագրական տարածքից՝ միավորելով մեզ և միավորվելով մեր մեջ: Անկախության համար պայքարել ենք առանց այդ տարածքն ու տարածությունը հաշվի առնելու, ազատ ու անկախ ապրելու գաղափարը սերնդեսերունդ գիտակցաբար միմյանց փոխանցած, սփյուռքից դեպի Հայաստան ու Արցախ և հակառակ ուղղությամբ գցված, մշտապես ամրապնդվող, երազանքների ու գործնական քայլերի, ազգային մտածողության ու գործելակերպի վրա հիմնված համահայկական կամրջով ու համաժողովրդական ջանքերով:

Մենք համատեղել ենք մեր երազանքը և գաղափարը, մեր միջոցներն ու հնարավորությունները, մեր զարկն ու զենքը և հաղթել: Մենք համատեղում ենք այդ ամենը նաև հիմա և շարունակելու ենք հաղթել, որովհետև պատմական արդարության վերջնական վերականգնումը նշանակում է երազանքի ամբողջացում համահայկական գիտակցական ու աշխարհագրական տարածքում:

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն ու լավատեսություն, ավելի բարեկեցիկ ու ավելի հզոր հայրենիք, որ պիտի շարունակենք կառուցել միասին՝ հավատով, վստահությամբ ու սիրով»:




Լրահոս