ՎԵՐԱՀՍԿԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՆԱՑ ՉԼՈՒԾՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ լուսանկարվելու գործընթացն ավարտվեց, եւ, ըստ այդմ, քաղաքական դաշտում առկա ուժերից միայն երեքը մերժեցին Բաղրամյան 26 գնալու հրավերը: Նախագահականի հրավերը մերժեցին միայն ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները (ի տարբերություն առաջին երկուսի՝ «Ժառանգությունը» մասնակցել էր նախագահականում առաջին` մարտի 12-ին կազմակերպված ֆոտոսեսիային):

Նկատենք, որ նախագահական գնալը քաղաքական ուժերի կողմից Սերժ Սարգսյանի իշխանությունն ընդունելու յուրահատուկ ակցիա էր: Այսինքն՝ բոլոր այն ուժերը եւ գործիչները, որոնք գնացին նախագահական` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, այդպիսով հավաստեցին նաեւ, որ իրենք նրա իշխանությանը ոչնչով չեն սպառնում, եւ իրենց միակ նպատակը արեւի տակ տեղ ունենալն է: Այսինքն՝ նախագահական գնացած քաղաքական ուժերը դարձել են Սերժ Սարգսյանի լուռ դաշնակիցները, եւ նրանց բոլորի ապագա գործունեությունը միտված է լինելու կառավարման ներկա կարգը պահպանվելուն, քանի որ այդ դեպքում իրենք «անտեր» չեն մնա եւ ինչ-որ մասնաբաժին հաստատ կստանան: Մի խոսքով, ֆոտոսեսիայի մասնակիցների քաղաքական կյանքն այլեւս կախված է Սերժ Սարգսյանի եւ նրա ՀՀԿ-ի «հաջողություններից»: Եթե 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանական համակարգին հաջողվի ընտրությունների ողջ գործընթացը վերահսկել, ապա կասկած չկա, որ ֆոտոսեսիայի մասնակիցներից յուրաքանչյուրն իր բաժին «հացը» կստանա: Ի դեպ, վերը ասվածը չի վերաբերում միայն արդեն իսկ գործող քաղաքական ուժերին եւ մարդ-կուսակցություններին: Վերը բերված գնահատականը վերաբերում է նաեւ դեռ չստեղծված, բայց կուսակցություն ստեղծելու իրենց մտադրության մասին հայտարարած գործիչներին:
Իսկ ինչ տեղի կունենա, եթե իշխանական համակարգին չհաջողվի 2017-ի խորհրդարանական ընտրությունները լիարժեք վերահսկել: Իսկ որ նման բան հնարավոր է, մենք համոզվեցինք 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ ընտրությունների արդյունքում իշխանություններն, իհարկե, «արձանագրեցին» Սերժ Սարգսյանի «հաղթանակը»: Սակայն միեւնույն ժամանակում Հայաստանի քաղաքական կյանքում ծնեցին մի բեւեռ՝ ի դեմս նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, որը մի պահ վայելում էր Հայաստանի հանրության մեծամասնության աջակցությունը, նրա շուրջ էին համախմբվել նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր նրա օգտին չէին քվեարկել եւ նրա մասին առանձնապես բարձր կարծիք չունեին: Այն, որ 2013-ի հետընտրական զարգացումները իշխանությունների համար բարեհաջող ավարտ ունեցան, միայն մեկ` նույն այն մարդու շնորհիվ տեղի ունեցավ, ով ակամա էր նման իրավիճակի տերը դարձել, եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթքով ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Հասկանալի է, որ եթե 2017-ին իշխանական համակարգին չհաջողվի լիարժեք վերահսկողություն պահպանել, ապա իրադարձությունները կարող են լիարժեք անկանխատեսելի սցենարով զարգանալ: Այդ դեպքում իշխանական համակարգի առաջին «զոհերը» լինելու են հենց ֆոտոսեսիայի մասնակիցները: Բանն այն է, որ զարգացումների անվերահսկելի ընթացքի դեպքում իշխանական համակարգը ստիպված է լինելու զբաղվել իշխանությունը պահպանելու խնդրի լուծմամբ, իսկ ֆոտոսեսիայի մասնակիցների ճակատագրերը կթողնվեն բախտի քմահաճույքին: Սա հասկանում են բոլորը, այդ թվում նաեւ՝ ֆոտոսեսիայի մասնակիցները, այդ իսկ պատճառով այդ ուժերն արդեն իսկ սկսել են, իսկ առաջիկայում էլ ավելի մեծ եռանդով կթիրախավորեն բոլոր այն ուժերին եւ գործիչներին, որոնք Հայաստանի քաղաքական կյանքը վերահսկողությունից դուրս բերելու հնարավորություններն ի ցույց կդնեն:
Ի դեպ, 2017-ի խորհրդարանական ընտրություններում իրադարձությունների անկանխատեսելի զարգանալու հեռանկարն առաջին հայացքից կարող է անհավանական թվալ: Սակայն, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր Հայաստանի իշխանություններին ամենակարող են համարում, իշխանական համակարգը բոլորից լավ է գիտակցում «անվերահսկելիության» վտանգը: Բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ Հայաստանի բնակչության առնվազն 60-70 տոկոսը ընդդիմադիր հայացքների կրող է: Իշխանությունները բոլորից լավ գիտեն, որ տարիներ շարունակ քաղաքական դաշտում կիրառված ամեն ինչ լղոզելու մարտավարությունը ինչ-որ պահի կարող է եւ չգործել, ու այդ դեպքում ինչ-որ քաղաքական ուժի կհաջողվի ընդդիմադիր 60-70 տոկոսին մեկտեղել:
2017-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանի իշխանական համակարգի համար առավել քան կարեւոր նշանակություն ունեն: Եթե սահմանադրական փոփոխությունների դեմ նախաձեռնված քաղաքական գործընթացները, այսինքն՝ այսպես կոչված՝ «Ոչ»-ը, լայն արձագանք գտնեն, ապա վերջնարդյունքում այդ ամենը բնակչության շրջանում հուսահատության հերթական ալիքի բարձրացման պատճառ կդառնա: Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունները որեւէ դեպքում չեն կարող հանգեցնել իշխանափոխության, այսինքն՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ակնկալիքներն ամեն դեպքում չեն արդարանա: Իսկ նման պարագայում 2017-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունն ապահովելը բավականին կհեշտանա: Մյուս կողմից «Ոչ»-ի ներկայացուցիչները մեծ հաճույքով թիրախավորում են այն ուժերին, որոնք սահմանադրական փոփոխություններին դեմ լինելով հանդերձ՝ այդ գործընթացն անտեսում են: Այսինքն՝ ոչ հեռու ապագայում, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերջնարդյունքները տեսանելի լինեն, կարող է ստացվել, որ «Ոչ»-ը եւս գործել է Սերժ Սարգսյանի ակամա «դաշնակցի» դիրքերից: Սակայն այսօր տեղի ունեցող գործընթացների ողջ հմայքն այն է, որ դրանք չեն կարող լիարժեք ապահովել 2017-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկելիությունը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
Արդեն մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում, որոնց հեղինակները ցանկանում են պարզել, թե արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել: Բանն այն է, որ ամեն տոնից առաջ քրեակատարողական հիմնարկներում սկսում են լուրեր շրջանառվել, թե իբր ուր որ է համաներում կհայտարարվի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարանին համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից: Վ. Հակոբյանը ի պատասխան՝ ասաց, որ նման բան չկա: «Նախ դա մի օրով չի արվում, համաներման վերաբերյալ որեւէ բան չկա, կարճ ասած՝ նման տեղեկությունները իրականության հետ որեւէ կապ չունեն»,- վստահեցրեց ՀՀ նախագահի խոսնակը: Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հավելեց նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում նման տեղեկություններ մշտապես տարածվում են այն օրերին, երբ ՀՀ-ում ինչ-որ միջոցառում է նախատեսվում:

 

 

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻՑ ԳՄ ՆԻՍՏ
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը: ՀՀԿ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գխավորությամբ, ժամը 19-ին կմասնակցի Մովսիսյանի հոգեհանգստին, որից հետո բոլորով կգնան կուսակցության գրասենյակ` գործադիր մարմնի նիստին մասնակցելու: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ ԳՄ նիստը նախատեսված է 20:00-ին: Գլխավոր «հարցը» կրկին լինելու է նոր Սահմանադրության նախագծի «անցկացման» հետ կապված գործընթացի կազմակերպումը:

 

 

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում կընդգրկվի ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը: Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, ըստ որոնց՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է ընդգրկվելու, պատասխանեց. «Այո՛, նրա անունը քննարկման ընթացքի մեջ է»: Ֆարմանյանն ինքն էլ էր հայտարարել, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իրեն առաջարկել է դառնալ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, եւ ինքը սիրով համաձայնել է: Թե ինչու վերջին պահին ՀՀԿ-ն փոխեց դիրքորոշումը եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ոչ այնքան հաջող շոումեն եղբորը չընդգրկեց պատվիրակության կազմի մեջ, դժվար է ասել: Բայց այն, որ Լեւոն Մարտիրոսյանին ՀՀԿ-ում այնքան էլ չեն սիրում, քանի որ ինքնահավան եւ փնթփնթանի համբավ ունի շատ կուսակիցների շրջանում, հայտնի է շատ ՀՀԿ-ականների:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓՈԽԵԼ ԵՆ
Կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, ժամը 11:00-ին: Հիշեցնենք, որ սովորաբար Կառավարության նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին: Ըստ ամենայնի, նիստի օրվա փոփոխությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի` երկրից բացակայելու հանգամանքով:

 

ՉԻ ՄՏՔԱՓՈԽՎԵԼ
Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հրանտ Բագրատյանը չի մտքափոխվել. դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին։ Իսկ նրա ղեկավարած «Ազատություն կուսակցությունն էլ մասնակցելու է «Ոչ»-ի քարոզարշավին։ «Եթե իմ բոլոր առաջարկներն ընդունեն, ես էլի դեմ եմ, որովհետեւ կոնցեպտուալ դեմ եմ, ես նախագահական համակարգի կողմնակից եմ,- ասել է Բագրատյանը` հավելելով. – նախագահական գնացել էի, որովհետեւ ասելիք ունեի, լա՛վ եմ արել։ Ես գնա՞մ Կորեա, Ճապոնիա կամ Եվրոպա, իրենց ասեմ, մեր պետության մեջ չասե՞մ։ Բա ես մտավորական եմ։ Թող ուրիշ մտավորականներն անեն»։

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Պեկինում հանդիպել է Չինաստանի արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ: Քննարկվել են Չինաստանի արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները: Լյու Լյանգը կարեւորել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը մեծ նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ Է ԿԱԽՎԱԾ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերի հետ շարունակում են աշխատել համապարփակ համաձայնագրի մանրամասների վրա, սակայն սույն հարցը նախ եւ առաջ կախված է նախագահների քաղաքական կամքից: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքերով՝ ԼՂ հակամարտությունը «սառեցված չէ»: «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ու զորքերի շփման գծում մեծ լարվածություն է նկատվում: Մենք անհանգստացած ենք զինադադարի ռեժիմի խախտման դեպքերով ու հակամարտող կողմերի կողմից թնդանոթների ու ծանր սպառազինության օգտագործմամբ»,- նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:




Լրահոս