Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանում։ Նախագահի ամբողջական ելույթը բերված է ստորև.
«Հարգելի նախագահ Լիկետոֆտ,
Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի բոլորիս ակնկալիքները:
Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհավորում եմ նաև մեզ բոլորիս Միավորված ազգերի կազմակերպության 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս կազմակերպության ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է` միավորելով ընդհանուր իղձերի և սկզբունքների շուրջ: Անցած 70 տարիները բնորոշվեցին կարևորագույն դրական զարգացումներով` վերջ դրվեց գաղութատիրությանը, ռասայական խտրականությանն ու ապարտեիդին: Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու և իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասցնելով 193-ի:
Այս բոլոր նվաճումներով հանդերձ՝ պետք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջև` ահաբեկչություն, ծայրահեղականություն, անհանդուրժողականություն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն, թմրամիջոցների, զենքի և մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ և այլն: Այս մարտահրավերների շարքը երկար է: Եվ հենց դրանց դեմ պայքարելու անհրաժեշտությունն է, որ մեզ պարտավորեցնում է վճռականորեն վերահաստատել մեր համատեղ հանձնառությունն այս կազմակերպության առաքելությանն ու նրա Կանոնադրությանը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ես այս ամբիոնից անուն առ անուն շնորհակալություն հայտնեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ կոչ անելով ողջ միջազգային հանրությանը ճանաչման ու դատապարտման միջոցով ցեղասպանությունների կրկնության դեմ պայքարին նոր թափ հաղորդել:
Այսօր նույն այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և հիշատակում նրա կողմից մատուցված պատմական պատարագը, Եվրոպայի խորհրդարանին և մատնանշում նրա ընդունած բանաձևը, Գերմանիայի Նախագահին և վստահեցնում, որ նրա հայտնի ելույթն այսուհետ լինելու է մեր ժողովրդի պատմության էջերում, Ավստրիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Չիլիի օրենսդիր մարմիններին, բազմաթիվ երկրների նահանգային և քաղաքային խորհուրդներին, ինչպես նաև տասնյակ ու հարյուրավոր հասարակական-քաղաքական կառույցներին:
Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաև բազմաթիվ երկրների պատվիրակություններին ապրիլի 24-ին Երևանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար:
Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու մեր հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում մեր կողմից պարբերաբար առաջադրվող բանաձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:
Հարգելի՛ ներկաներ,
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում: Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփմանշարուն գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Թեև բոլորի համար էլ վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, նշեմ սոսկ մի քանի փաստ:
Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:
Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը:
Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով:
Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների: Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում:
Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից:
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես միասնական և համարժեք գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը: Մեր անմիջական հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց պատմական նշանակության համաձայնություն։ Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ։
Այս ամենը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը: Այս համատեքստում կարևորում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում:
Պարո՛ն նախագահ,
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ միանալ բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդեմ խավարի, վանդալիզմի և ատելության: Այս պայքարում չկան մեծ և փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը: Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել մեր ընդհանուր պայքարին:
Շնորհակալություն»։