ՄՆՈՒՄ Է՝ ՇԱՐԺՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽԻՂՃԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայց են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք ՍԴ-ից:
-Եթե Սահմանադրական դատարանի հարգարժան անդամներն իրենց պարտականություններն ամբողջությամբ իրականացնեն եւ իսկապես հավատարիմ լինեն Սահմանադրությանը, ժողովրդին եւ պետությանը, ապա մենք կունենանք պետության մեջ առաջին որոշումը, որտեղ պետական ինստիտուտը երկրի իրավիճակի շտկման ուղղությամբ որեւէ քայլ է կատարում: Այստեղ իմ հավատալու խնդիրը չէ: ՍԴ-ի դատավորների խիղճն է պետության սերնդի նկատմամբ:
-ՀՀԿ-ականները հայտարարում են, որ «Ժառանգություն»-ը փաստեր չունի, չկան արձանագրված փաստացի խախտումներ: Ձեր քայլերը ձեւակա՞ն են:
-«Ժառանգություն»-ը բազմաթիվ խախտումներ է արձանագրել, մենք 128 վերահաշվարկի դիմում ենք ներկայացրել, որը մերժվել է, ուստի նրանց հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Բնականաբար, այն տեղամասերում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է,  իմաստ էլ չկար վերահաշվարկի, որովհետեւ այնտեղ ամեն ինչ պարզ է եղել: Եթե վստահված անձին, հանձնաժողովի անդամին ահաբեկել են եւ կաշառք առաջարկել կամ տվել, հենց այդ անդամները հո խախտման մասին չէի՞ն գրի: Դա եւս աբսուրդի շարքին է պատկանում: Էլ չեմ խոսում իրավապահ մարմինների մասին, որոնք ունեին ներկայացուցիչներ տեղամասերում եւ ունեին այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարելու լիազորությունները, որոնք պետք է բացահայտեին այդ ամենը: Բայց իրենք դա չեն արել: Հավանաբար պետք է սուպերմեն մարդկանց փնտրել հանձնաժողովներում, որ մեկ հոգով ի վիճակի լիներ ամբողջ հարձակման դեմն առնել: Այդ կամքը պետք է նախ իշխանությունները ունենան, քանի որ իրենք են պատասխանատու ընտրությունների անցկացման համար: Այնպես որ, իրենց պատասխանատվությունը թող մեզ վրա չբարդեն:
-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ ձեր փաստերը հիմնավո՞ր են:
-Եթե ՍԴ-ն ցանկանա ճիշտ, արդար որոշում կայացնել, փաստերն այնքան շատ են, որ նույնիսկ 4 որոշում կարող են կայացնել:
Հ.Գ. Երեկ ՍԴ է դիմել նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` դարձյալ նույն պահանջով: «Ժառանգության» մի շարք անդամներ երեկ Ղուկասյանի քայլը համարում էին Րաֆֆու նախաձեռնությունը «փչացնելու» գործելաոճ: Սակայն Ա. Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը նման միտում չի ունեցել. «Մենք քննարկում էինք այդ գաղափարը, ես առաջարկում էի այն թեկնածուներին, ովքեր համաձայն չէին արդյունքների հետ, բողոքարկել: Բնականաբար, որեւէ մեկին խանգարելու միտում չկա»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս