ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԻՐ ԹԻՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում ներկայացրել էր ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների հարաբերակցությունը: Նախագահական ընտրությունների արդյունքներն ըստ տեղամասերի դիտարկելիս բավական ուշագրավ պատկեր է ստացվում. ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի տեղակալների ընտրատեղամասերում ՀՀԿ նախագահը պարզապես պարտվել է: Ս. Սարգսյանը պարտվել է նաեւ մի շարք նախարարների ընտրատեղամասերում: Այս ցուցանիշները, թերեւս, լավագույնն են ապացուցում՝ ով ով է իր թաղում կամ գյուղում, եւ ընդհանրապես՝ որտեղ են սիրում այս իշխանություններին, որտեղ՝ ոչ:
Արգամիչի տեղակալները՝ մրցակցության մեջ
Եվ այսպես՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը գրանցված է Փափազյան 29 հասցեում, ընտրություններին մասնակցել է 5/21 ընտրատեղամասում, որտեղ եւ իրենց թեկնածուն պարտություն է կրել. Ս. Սարգսյանը ստացել է 309 ձայն, Ր. Հովհաննիսյանը՝ 417: Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետի մյուս տեղակալը՝ նրա փեսա Միքայել Մինասյանը, բնակվում է Բայրոնի 3 հասցեում. այս էլիտար շենքերում են բնակվում պետական բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ու մեծահարուստներ: Նա ընտրություններին մասնակցել է Կենտրոնի 10/27 տեղամասում, որտեղ Ս. Սարգսյանը ստացել է 262, Ր. Հովհաննիսյանը՝ 250 ձայն, այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը ձայների չնչին տարբերությամբ է կարողացել առավելության հասնել: Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետի մյուս տեղակալն էլ ՀՀ վերահսկիչ պալատի փոխնախագահ Լեւոն Յոլյանն է. նա գրանցված է Ե. Կողբացու 42 հասցեում եւ քվեարկել է 10/25 ընտրատեղամասում: Այստեղ եւս ձայների տարբերությունը բավական քիչ է. Ս. Սարգսյանը ստացել է 363, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 343 քվե: Նույն տեղամասում է ընտրություններին մասնակցել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ, նա ծնունդով Շիրակի մարզի Ամասիա գյուղից է. այստեղ իշխանություններին հաջողվել է մասնակցության բարձր ցուցանիշ ապահովել. 1506 ընտրողից ընտրություններին մասնակցել է 1011-ը, որից 707-ն ընտրել է Ս. Սարգսյանին, 259-ը՝ Ր. Հովհաննիսյանին:
Նախարարներն ու օլիգարխները՝ տխուր վիճակում
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Ս. Սարգսյանին իր Մետաքս թաղամասի 9/6 տեղամասում 612 ձայն է ապահովել, Ր. Հովհաննիսյանը ստացել է 427 քվե: Փոխարենը Ս. Սարգսյանը պարտվել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի 3/34 ընտրատեղամասում. Սարգսյանը ստացել է 338, Հովհաննիսյանը՝ 382 ձայն: ՀՀԿ թեկնածուն պարտվել է նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի թաղամասում. 9/24 ընտրատեղամասում նա ստացել է 265, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 293 ձայն: Ս. Սարգսյանը պարտվել է նաեւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայրենի Կապան քաղաքում. այստեղ՝ 38/14 տեղամասում, որտեղ գրանցված է Մովսիսյանը, Ս. Սարգսյանը ստացել է 364, Ր. Հովհաննիսյանը՝ 648 ձայն: Նման պատկեր է նաեւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ նույն Դերոյի 6/9 ընտրատեղամասում. այստեղ Սարգսյանը ստացել է 407, իսկ Հովհաննիսյանը՝ 444 ձայն: Նշենք, որ այս ընտրատարածքի համար ոչ պաշտոնապես պատասխանատու է եղել Դումանյանն իր որդիների հետ միասին: Ս. Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածին քաղաքում եւ կոնկրետ այն տեղամասում, որտեղ նա քվեարկում է. 19/10 ընտրատեղամասում Ս. Սարգսյանը ստացել է 298, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 535 ձայն: Ս. Սարգսյանը պարտվել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի 1/12 ընտրատեղամասում. Սարգսյանը ստացել է 419, իսկ Հովհաննիսյանը՝ 447 ձայն: 
Փոխնախագահներով պարտվել են
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի 6/1 ընտրատեղամասում, որտեղ պատասխանատու է եղել Գրիգորիչն իր որդու՝ Արման Սահակյանի հետ, Ս. Սարգսյանը կրկին պարտություն է կրել. նա ստացել է 379, իսկ Հովհաննիսյանը՝ 517 ձայն: Ս. Սարգսյանը պարտվել է ՀՀԿ մյուս փոխնախագահի՝ Ռազմիկ Զոհրաբյանի 7/6 ընտրատեղամասում. նա ստացել է 410, իսկ Ր. Հովհաննիսյանը՝ 489 ձայն: ՀՀԿ գաղափարական գծով փոխնախագահ Մուշեղ Լալայանի 12/35 ընտրատեղամասում եւս ՀՀԿ առաջնորդը պարտվել է. նա ստացել է 261, Հովհաննիսյանը՝ 421 քվե: ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ Էրեբունիում տեղակայված 13/31 ընտրատեղամասում եւս Ս. Սարգսյանի արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն եղել. նա այստեղ էլ է պարտվել՝ ստանալով 451, իսկ Հովհաննիսյանը՝ 477 ձայն: Ս. Սարգսյանը պարտվել է անգամ Ալավերդի քաղաքի այն տեղամասում, որտեղ քվեարկում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. 31/43 տեղամասում Շարմազանովի նախագահը ստացել է 306, իսկ ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 331 ձայն:
Հետաքրքիր է՝ այս ցուցանիշներից հետո Ս. Սարգսյանն ինչ հետեւություններ է անելու, եւ ընդհանրապես՝ հետեւություններ կանի, թե ոչ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս