Ո՞Վ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տարբեր պետական գերատեսչությունների գործունեության վերաբերյալ զեկույցներ է հրապարակում, որոնք այնքան էլ լավ չեն ընդունվում: Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ կառույցներից շատերը սկսել են ճնշում գործադրել պաշտպանի վրա՝ ընդհուպ մինչեւ նրան պախարակելու պատվերները: Կ. Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դեռ ընդամենը չորսն ենք հրապարակել, եւս 16-ը սպասվում է: Եվ եթե այս տեմպերով գնանք, իհարկե, բարդություններ կլինեն: Արդեն տարբեր գերատեսչությունների կողմից նկատում ենք որոշակի պիտակավորումների փորձեր, եւ ամենազավեշտականն այն է, որ նրանք անընդհատ գրում են, թե ուր են ապացույցները: Իհարկե, մենք ունենք փաստական լուրջ հիմքեր, բայց ներկայացնում ենք սեղմագրերը: Տասնյակ էջերը շուտով կներկայացվեն ԱԺ: Կարծում եմ, որ պետական մարմինները ոչ թե պետք է փորձեն հակադարձել, ճնշել, այլ տեսնեն իրենց խնդիրներն ու հաջորդ տարի դրանք շտկեն»:  
Իհարկե, ՄԻՊ-ը դեռ շատ հեռու է կատարելությունից՝ հաշվի առնելով իրեն այդ պաշտոնին «նշանակողների» շահերը, նույնիսկ ինքը՝ Կարեն Անդրեասյանը, կայանալու խնդիր ունի, բայց փաստ է, որ Հայաստանի իշխանական էլիտայի ներսում դեռ չի ձեւավորվել փաստարկված քննադատություն լսելու կուլտուրա: Ամեն անգամ նմանատիպ զեկույցները սվիններով են ընդունում: Կարծում ենք՝ պատճառն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր օղակներում համակարգերը փտած են, ու չինովնիկներն իսկապես վախենալու տեղ ունեն: 




Լրահոս