ԿԱՆԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կանայք մոլորակի շարժիչ ուժն են, կյանքի աղբյուրը… Ինչպես Ռեմարկն է նշել. «Ինչքան քիչ բան կարող ենք ասել կնոջ մասին, երբ երջանիկ ենք: Եվ այնքան շատ բան, երբ դժբախտ ենք: Ինչքան էլ խոսեն կնոջ մասին, միեւնույն է, կինը շարունակում է մնալ չբացահայտված»: 
Կանանց ու աղջիկներին շնորհավորում են հայտնի տղամարդիկ: 
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
-Մեծ սիրով կշնորհավորեմ մեր կանանց, նրանց չի կարելի չնկատել: Առանց կնոջ տունը տուն չէ, երկիրը երկրի չէ, ընտանիքն էլ ընտանիք չէ: Տղամարդու համար էլ ամենաանհետաքրքիր բանը կլինի, եթե մենակ ապրի: Մենք պետք է շատ սիրենք ու գնահատենք մեր կանանց, իրենց պատիվը բարձր պահենք, չնեղացնենք:
Ես ու կինս շատ սովորական ապրում ենք, բայց այս օրն իրենց օրն է: Ոնց որ իրենք են մեր տոնին մեզ լավ բաներ մատուցում, մենք էլ պետք է նրանց նկատմամբ ուշադիր լինենք: Ոչ միայն կնոջս եմ շնորհավորելու, նաեւ աղջիկներիս, ծանոթ կանանց, ում հարգում եմ:
ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ
-Այս տոնի հետ կապված՝ առաջինը ես հիշում եմ իմ մայրիկին, տատիկին, հետո այն մնացած կանանց, որոնք իմ կենսագրության մեջ դերակատարություն են ունեցել:
Ուշադրությունը նվերի տեսքով անպայման կլինի: Ես ամեն ինչ էքսպրոմտ եմ սիրում, ոչինչ չեմ նախատեսել, ոնց կարթնանանք, այնպես էլ օրը կլինի: Տոնն աննկատ չի մնա:
Ուզում եմ ցանկանալ հայ կնոջը, որ բարձր պահի հայ տղամարդու պատիվը, դրանից նաեւ առաջինը կշահի ինքը, իր ընտանիքը եւ մեր հայրենիքը:
ԴԱՎԻԹ ՍԵԽՊԵՅԱՆ
-Շնորհավորում եմ կանանց, ուզում եմ, որ իրենք միշտ ժպտան, մեր կողքին լինեն, մենք էլ մեր հերթին՝ իրենց կողքին: Ես կոնկրետ իմ անունից եմ ասում, ամեն ինչ կանեմ, որ լավ լինի: Հայ տղամարդկանց ուզում եմ ասել` գնահատե՛ք ձեր կողքի կանանց ու թագուհո՛ւ պես պահեք, մի բան էլ ավել: Թող իրենք էլ մեր կողքին միշտ ուրախ լինեն: Չհարցնեք՝ կնոջս ինչ նվեր եմ պատրաստել, դա իմ անձնական կյանքն է:
ՌԻՉԱՐԴ ՄԱԴԼԵՆՅԱՆ
-Մարտի 8-ի համար սովորաբար ինչ-որ յուրահատուկ բաներ չեմ նախապատրաստում: Այդ տոնն ինձ վերաբերում է մայրիկի ու քույրիկի մասով: Նրանց համար պարտադիր ծաղիկներ ու նվեր կլինի: Քանի որ ես չունեմ մեկը, ում համար հատուկ պատրաստվեմ, դրա համար այդ տոնին ինձ մոտ պասիվություն է, ավելի հաճախ աշխատանքային է անցնում: Կարծում եմ, եթե իմ կողքին արդեն լինի նա, ավելի լուրջ կպատրաստվեմ այդ ամենին:
Առաջինը տոնի առթիվ շնորհավորում եմ մայրիկիս, քույրիկիս, հետո Կամերային թատրոնի դերասանուհիներին… 
Որպես տղամարդ՝ գնահատում եմ կանանց: Ուղղակի մի բան չեմ հասկանում, թե ինչու մի ամբողջ ամիս, կարծում եմ՝ իրականում մի քիչ շատ է տոնի համար: Տոնը պետք է լինի տարվա մեջ մաքսիմում 2 կամ 3 անգամ, որ լինի սպասված: Եթե նկատել եք, մարտի 9-ից հետո ոչ ոք չի հիշում, որ միամսյակ է, ֆորմալ բնույթ է կրում: Կարծում եմ՝ կանայք էլ կհոգնեն, եթե ամբողջ ամիս ամեն օր նրանց անակնկալ մատուցես: 
Մեր հայ կանանց մաղթում եմ, որ լինեն հայ տղամարդկանց կողքին: Այդ դեպքում ե՛ւ հայ ազգը ուժեղ կլինի, ե՛ւ ամուր ընտանիքներ կլինեն, ե՛ւ ազգը կբազմանա, ե՛ւ արտագաղթն էլ քիչ կլինի: 
ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆ
-Ընդհանուր առմամբ կանանց միամսյակը սիրում եմ, մենք էլ ամեն կերպ պետք է փորձենք մեր կանանց կյանքը տոն դարձնել, լավ կլինի, եթե յուրաքանչյուր օր կարողանանք նրանց ուրախացնել, այդ դեպքում կինը շատ երջանիկ կլինի: 
Ինչ վերաբերում է կոնկրետ տոնակատարությանը, նվերներ կպատրաստեմ մորս, քրոջս համար, դե կինս եթերում արդեն ստացավ իր անակնկալը: Ես ու կինս վերջերս էինք վերադարձել ԱՄՆ-ից ու այնտեղ չկարողացանք ուտել սովորական խեցգետին, շատ մեծ չափսերի էին: Ես էլ մտապահեցի, ու երբ վերադարձանք, մտածեցի՝ ինչ օրիգինալ նվեր մատուցեմ, գնեցի բավական մեծ քանակությամբ խեցգետին, դրեցի տուփի մեջ, այդ տուփն էլ մեկ այլ տուփի մեջ ու նվիրեցի: Նա նման նվեր բոլորովին չէր սպասում: Ու դա եղավ հաղորդումներից մեկի նկարահանման ժամանակ: Այս տարի այնպես է ստացվել, որ կինս մարտի 8-ին աշխատելու է, ես էլ, բնականաբար, իր կողքին կլինեմ, կաջակցեմ, ինչպես միշտ: 
Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին, առաջին հերթին ցանկանում եմ համբերություն, երազանքների ու նպատակների իրականացում: Մենք էլ մեր հերթին կփորձենք ամեն ինչ անել, որ մեր կանայք իրենց երջանիկ զգան: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս