ՔԱՆԻ՞ ԸՆՏՐՈՂ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունը երեկ փաստացի հրապարակեց այս պահի դրությամբ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը, այն է՝ 2 միլիոն 548 հազար 654: Իսկ որքան ընտրող կա իրականում, կամ ավելի ճիշտ՝ որքան ընտրող պետք է լիներ ընտրական ցուցակներում, որպեսզի այն արտացոլեր իրականությունը:

Վերջին 15 տարիներին համապետական ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ հանրության շրջանում քննարկվող հիմնական խնդիրը հենց ընտրողների թիվն է: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները տարեցտարի այնպես են խճճում ընտրողների թիվը, որպեսզի այդպես էլ պարզ չդառնա, թե Հայաստանում իրականում քանի ընտրող կա: Այսպիսով իշխանությունները փորձում են քողարկել իրենց կողմից ընտրողների թվի ուռճացման ծավալները:
Սակայն առկա են բազմաթիվ պաշտոնական տվյալներ, որոնց հիման վրա հստակ կարելի է հաշվարկել այն թիվը, որից ավել ընտրողներ իրավունք չունեին ընդգրկվել ընտրական ցուցակներում: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության (ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կողմից հրապարակված)՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների թիվը, կազմել է 3 մլն 5 հազար 500 մարդ: Կրկնում ենք՝ սա Հայաստանի քաղաքացիների թիվն է, որի մեջ մտնում են նաեւ արտագնա աշխատանքի մեկնող մեր այն հայրենակիցները, որոնք տարվա մեծ մասը Հայաստանում չեն, բայց, օրինակ, Ամանորի տոներից առաջ վերադառնում են իրենց օջախներ: Միջազգայնորեն ընդունված չափանիշ է, որ ընտրողները կազմում են ընդհանուր բնակչության 65 տոկոսը, այսինքն՝ վերը բերված քաղաքացիների թվից ընտրողների թիվը կազմում է մոտ 1 միլիոն 950 հազարը: Բայց հասկանալով, որ վերը բերված հաշվարկը որոշ մարդկանց մոտ կասկածներ կարող է առաջացնել, ուստի ընտրողների թիվը հաշվարկենք` օգտագործելով մեզ հասանելի պաշտոնական տվյալները:
Այսպես, 2011 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանի առկա բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 871 հազար 771 մարդ: Ի տարբերություն մշտական բնակչության թվի, որը իր մեջ ներառում է բոլոր ՀՀ քաղաքացիներին, առկա բնակչությունը ներառում է միայն նրանց, որոնք մարդահամարի պահին Հայաստանում են եղել, այդ թվում նաեւ՝ Հայաստանում բնակվող օտարերկրացիները: Բայց այս դեպքում, որպես բարի կամքի դրսեւորում, օտարերկրացիներին ընդհանուր թվից չենք հանի եւ ընդունում ենք, որ առկա բնակչությունն ամբողջությամբ ՀՀ քաղաքացիներ են:
Մարդահամարից հետո անցել է չորս տարի, ուստի 14 տարեկանից բարձր անչափահասներն այսօր արդեն դարձել են ընտրողներ: Մինչեւ 14 տարեկանները, նույն մարդահամարի արդյունքներով կազմում են 554 հազար 380 մարդ: 2011 թվականից մինչեւ այս տարվա առաջին կիսամյակը Հայաստանում մահացել է 125 հազար 173 մարդ: Այսինքն՝ այս տարվա հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների մահացության թիվը վերը բերված տվյալում ներառված չէ, քանի որ պաշտոնական վիճակագրությունն այս ամսվա վերջին նոր միայն այն կհրապարակի:
2011-ից մինչեւ այս տարի Հայաստանից արտագաղթել է առնվազն 230 հազար մարդ: Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 104 հազար մարդ, սակայն, որպես կանոն, նրանց մի մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են, որոնք տարվա վերջին կվերադառնան: Ուստի այս տարվա կտրվածքով արտագաղթի թիվը հաշվարկել ենք 47 հազար մարդ, ինչպես անցած 2014 թվականին: Այսպիսով, երբ առկա բնակչության թվից հանում ենք անչափահասների, մահացածների եւ արտագաղթածների ընդհանուր թիվը` 910 հազար, ստացվում է, որ պաշտոնական տվյալներով ներկայացված առկա բնակչությունից ընտրողների թիվը կազմում է 1 մլն 960 հազար մարդ: Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնական տվյալների հիման վրա եւս ընտրողների թիվը գրեթե հավասար է մշտական բնակչության 65 տոկոսին:
Այսինքն՝ ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շուրջ 600 հազարով ավել է պաշտոնական ցուցանիշների հիման վրա ստացվող ընտրողների թվից:
Հ. Գ. Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն ե՛ւ անձնագրային, ե՛ւ վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվել է սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման եւ ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության եւ համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների եւ դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Տեսնենք՝ ինչ արդյունք կլինի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՔԱՎՈՐ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է հարցը, թե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քաղաքական դաշտում իր գործունեությունն իրականացնելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ»-ի միջոցով: Նախօրեին Ա. Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հստակ պատասխան չի տվել այդ հարցի հետ կապված: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է «Հայկական վերածնունդ» քաղաքացիական-հասարակական միավորման մամլո խոսնակ Վահե Մոսիյանից պարզել՝ արդյոք 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասին են գործելու: «Արա Աբրահամյանը «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հետ կապ ունի այնքանով, որ Արթուր Բաղդասարյանն ու Արա Աբրահամյանը ընկերներ են 20 տարուց ավել: Բացի այդ, պարոն Աբրահամայանը նաեւ Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրության քավորն է: Այսքանով սահմանափակվում է Արա Աբրահամյանի շփումը «Հայկական վերածնունդ»-ի հետ»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

 

ՄՆԱՑ ՀԱՇՄԱՆԴԱՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի 31-ին Շենգավիթ վարչական շրջանի Պոպովի փողոցում հրազենի կրակոցից տուժած Վարդան Կարապետյանը, որը սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լեւոն Ղազարյանի ընկերն է, չի կարողանում քայլել: Ասել է թե՝ կրակոցներից հետո քրեական հեղինակության ընկերը հաշմանդամ է դարձել: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Կարապետյանի ուղղությամբ հնչած կրակոցները մարտի 4-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց սպանված Երրորդմասցի Լյովիկի սպանության շարունակությունն էր: Ու թեեւ Վարդան Կարապետյանի ուղղությամբ հնչած կրակոցներից անցել է 7 ամիս, այնուամենայնիվ, այս գործով դեռեւս մեղադրյալներ չկան:
Հավելենք, որ այս առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք պահելը, կրելը):

 

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԿՀ-Ի ՇՈՒՐՋ
Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների շրջանում բողոքի ալիք է հասունանում: Դատապարտյալները բողոքում են, որ երբ իրենց հարազատների կողմից ուղարկված հանձնուքներից որոշ մթերքներ կամ ծխախոտ փորձում են կիսել տարբեր խցերում գտնվող դատապարտյալ ընկերների հետ, ՔԿՀ-ի տեսուչները մերժում են խնդրանքը:
Ի դեպ, դատապարտյալները պնդում են, որ մյուս քրեակատարողական հիմնարկներում այդ խնդիրը չկա, եւ իրենք մտադիր են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին բողոք ուղարկել:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԱՍՆԱԿՑԻ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան` մասնակցելու ԱՊՀ ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:

 

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Օրերս սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկման ժամանակ դաշնակցական Արծվիկ Մինասյանին սկանդալային հարց տված «Ոչ»-ի ճակատի ակտիվիստ, ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը «Ազատությանը» հայտնել է, որ դաշնակցական երիտասարդների կողմից բռնության է ենթարկվել։ Նրա խոսքով` նախ իրեն զանգել եւ սպառնացել է դաշնակցական Գերասիմ Վարդանյանը, ինչից հետո էլ նրա հինգ ընկերները եկել են Հարությունյանի բակ։ «Թե բա՝ ի՞նչ հարց ես տվել Արծվիկ Մինասյանին, ես չհասցրեցի պատասխանել, իմ վրա եկավ հարված, դրանից հետո, բնականաբար, իմ կողմից պատասխան եղավ»,- պատմել է Հարությունյանը` նշելով, որ թեեւ հարվածողներին չի ճանաչում, բայց նրանք ներկայացել են որպես Գերասիմ Վարդանյանի դաշնակցական ընկերներ:

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐՈՎ
ՀՀ կառավարությունը երեկ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

 

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին: Ընդգծելով, որ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ անդամ պետությունների ջանքերի համակարգումն է ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես կազմակերպությունում նախագահող երկիր, պատրաստ է ակտիվորեն օժանդակել ՀԱՊԿ խնդիրների ու նպատակների իրագործմանը, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը հակազդման գործում:

 

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐՈՎ
Հոկտեմբերի 14-ին եւ լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար եւ հրաձգային զինատեսակներից: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում», – տեղեկացնում է ԼՂ ՊՆ-ն:




Լրահոս