Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի
Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր արտադրական գործարանի բացման մասին, որը նախատեսված է միջուկային զենքերի համար վառելիքի արտադրության համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը գործարան այցելության ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան նախատեսում է իր միջուկային ուժերը զարգացնել «էքսպոնենցիալ տեմպերով»։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները՝ Korean Central News Agency (KCNA)-ն, հաղորդել են, որ Կիմը և բարձր պաշտոնյաները հաստատել են երկրի միջուկային ուժերի զարգացման «առաջնահերթ ծրագրերը»։
Փորձագետների գնահատմամբ՝ ներկայացված օբյեկտը, ամենայն հավանականությամբ, ուրանի հարստացման գործարան է։ Հարավային Կորեայի զինված ուժերը նշել են, որ այն կառուցված է ավելի առաջադեմ տեխնոլոգիաներով և գտնվում է միջազգային վերահսկողության ներքո։
Պաշտոնական լուսանկարներում երևում են խիտ դասավորված խողովակներով և սարքավորումներով արտադրական սրահներ, որոնք հիշեցնում են ցենտրիֆուգային համակարգեր։ Մեկ այլ պատկերում Կիմ Չեն Ընը հանդիպում է պաշտոնյաների հետ՝ քննարկելով ռազմավարական ծրագրերը։
Փորձագետների խոսքով՝ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հյուսիսային Կորեան հրապարակայնորեն ներկայացնում է ուրանի հարստացման օբյեկտ, ինչը վկայում է միջուկային ծրագրի շարունակական ընդլայնման մասին։
Ամերիկացի և հարավկորեացի վերլուծաբանները նշում են, որ նոր կայանը, ամենայն հավանականությամբ, կապված է Յոնբյոնի միջուկային համալիրի հետ և կարող է զգալիորեն մեծացնել արտադրական հզորությունները։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային զենքի արտադրության ծավալները վերջին հինգ տարիների համեմատ ավելի քան կրկնապատկվել են, թեև այդ տվյալները անկախ աղբյուրներով չեն հաստատվում։
Վերջին տարիներին Փհենյանը պարբերաբար հայտարարել է միջուկային զինանոցը «էքսպոնենցիալ» զարգացնելու մասին՝ շարունակելով փորձարկումները և ուժի ցուցադրումը։
Փորձագետների գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան ձգտում է միջազգային մակարդակով ճանաչվել որպես միջուկային պետություն՝ հետագայում պատժամիջոցների մեղմացման և հնարավոր բանակցությունների համար առավելություններ ստանալու նպատակով։
Միևնույն ժամանակ, որոշ վերլուծաբաններ նշում են, որ չնայած ծրագրի արագ զարգացմանը, Հյուսիսային Կորեան դեռևս չի ապացուցել միջուկային մարտագլխիկների ամբողջական տեխնոլոգիական պատրաստվածությունը՝ հատկապես հեռահար հրթիռների դեպքում։