ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին, որը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների եւ Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչների հետ Հայաստանում է գտնվում համակարգող խորհրդի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ծնողին զրկեն ծնողական իրավունքից: Եւ տեղեկացրեք նաեւ՝ արդյո՞ք ծնողական իրավունքից զրկելը ազատում է որոշակի պարտավորություններից:

Արմեն Հայրապետյան (47 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծնողական իրավունքներից զրկելու հիմքերն են՝ 1)երեխայի դաստիարակության պարտավորությունից խուսափելը, 2) երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը, 3) ծնողների մոտ խրոնիկ ալկոհոլիզմի կամ թմրամոլության առկայությունը, 4) երեխայի ցանկացած տեսակի շահագործումը, որ երեխային մուրացկանության եւ շրջմոլիկության է ստիպում, 5) երեխայի նկատմամբ դիտավորությամբ կատարած հանցագործության համար ծնողներից մեկին դատապարտումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծնողական իրավունքից զրկումը ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից: Երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ բարեկամների հետ, հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում՝ ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը, կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից: Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը, կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը եւ եթե դա չի հակասում երեխայի շահերին: Ծնողական իրավունքների վերականգնման գործերը վերանայվում են հոգաբարձության եւ խնամակալության մարմինների մասնակցությամբ: Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն նրա համաձայնությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 103: Նրանցից միայն 1-ի ծնողներն են դատական կարգով զրկված ծնողական իրավունքներից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ գործատուները քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացի հետ որեւէ առնչություն ունե՞ն, թե՞ ոչ:

Տիգրան Հունանյան (51 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործատու կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են՝
– ժամանակին եւ սահմանված ձեւով վարել զինապարտների գրանցամատյանը,
– զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաեւ տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու վերաբերյալ տվյալները,
-համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին,
-զինապարտներին ազատել աշխատանքից՝ զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամկետով:
Վերը թվարկվածները, քաղաքացիների զինապարտության կատարման ապահովման խնդրում գործատուների պարտականություններն են, որոնք մանրամասնվում են ՀՀ նորմատիվ իրավական այլ ակտերով, հատկապես ՀՀ կառավարության 2010 թ-ի մայիսի 27-ի թիվ 657-Ն որոշմամբ, որով հաստատված կարգով առավելապես կարգավորվում են բարձրացված հարցերը:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ զինվորական ծառայության ընթացքում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:




Լրահոս