ՀԻՇԱՏԱԿԸ, ԱՎԱՆԴԸ ԹԵ ՎԱՐԿԱՆԻՇՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում էր իր հիմնադրման 70-ամյակը: Հիշեցնենք, որ այն հիմնադրել է ժողովրդական նկարիչ, քանդակագործ, ակադեմիկոս, «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանը, ով հայտնի է նաեւ մտավորականի եւ հասարակական գործչի իր կերպարով: Իսկ նրա` մանկավարժի գործունեությունն առավել լայն ծավալ եւ նշանակություն է ստացել 1945-ից, երբ իր գլխավորությամբ հիմնադրվել է Երեւանի գեղարվեստական ինստիտուտը։

«Այդ պատերազմական շրջանում նա դասախոսական հսկա թիմ է հավաքել իր շուրջը, ընդ որում, ինստիտուտի ստեղծմանը Խորհրդային Միությունում շատերը դեմ են եղել, ասել են` Ադրբեջանում, օրինակ, նման ինստիտուտ չկա, ինչո՞ւ եք ուզում, որ Հայաստանում հիմնադրվի: Արա Սարգսյանի օրոք այդ ինստիտուտի շրջանավարտներից էին Սարգիս Բաղդասարյանը, Ղուկաս Չուբարյանը, Լեւոն Թոքմաջյանը, Գրիգոր Խանջյանը եւ այլք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Արա Սարգսյանի հարսը` Իվետա Ենգիբարյանը:
Նա, սակայն, ցավով շեշտեց, որ ակադեմիան այսօր հիմնադրի անունը չի կրում: Դեռեւս 90-ականներից իր ամուսինը` Արա Սարգսյանի որդին, հավաքել է մի շարք մտավորականների ստորագրություններ, ապա այդ հարցով դիմել ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, սակայն ապարդյուն:
«Ժողովուրդ»-ը եւս հարցում ուղարկեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` պարզելու, թե ինչու մտավորականների կարծիքն այս հարցում հաշվի չի առնվում: «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել ակադեմիայի անվանումը թողնել անփոփոխ, հետագայում քննարկել ակադեմիան Մ. Սարյանի անվամբ անվանակոչելու հարցը: Հարցը սահմանված կարգով կքննարկվի նաեւ նույն ակադեմիայի կառավարման խորհրդում»,-պատասխանեցին նախարարությունից:
Մեր ձեռքի տակ է մի շարք մտավորականների` Գրիգոր Խանջյանի, Ջիմ Թորոսյանի, Երվանդ Ղազանչյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, Պողոս Հայթայանի եւ այլոց ստորագրությամբ դիմում-խնդրանքը ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Լ. Մկրտչյանին վերոնշյալ հարցով: Մենք ծանոթացանք նաեւ 2002-ի հունվարին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորատի ընդլայնված նիստի թիվ 7 արձանագրության քաղվածքին: Նիստի կազմը ղեկավարել է ռեկտոր Արամ Իսաբեկյանը: 20 կողմ եւ 3 դեմ ձայնով որոշվել է մերժել ակադեմիան Ա. Սարգսյանի անունով կոչելու` արվեստագետի 100-ամյակի առիթով ձեւավորված հոբելյանական հանձնաժողովի առաջարկը:
Ավելի ուշ` 2015-ին, հարցը կրկին քննարկվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդում: Նիստի արձանագրությունից տեղեկանում ենք, որ ներկաների թվում եղել են Արամ Իսաբեկյանը, նկարիչ-պրոֆեսորներ Անատոլի Գրիգորյանը, Փարավոն Միրզոյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ այլք: Նիստում այս անգամ եւս որոշվել է մերժել դիմում-խնդրանքը:
Մտավորականներից շատերին, սակայն, առավելապես վրդովեցրել է Փարավոն Միրզոյանի` նիստում արտահայտած այն կարծիքը, թե ակադեմիան Ա. Սարգսյանի անունով կոչելը «կնշանակի բուհի վարկանիշը մի քանի աստիճանով իջեցնել»:
«Արա Սարգսյանի ներդրումը հայ կերպարվեստի, քանդակագործության մեջ շատ մեծ է, բայց նրա գործունեությանը Հայաստանից դուրս ծանոթ չեն, ակադեմիան նրա անունով կոչելով` մենք ճիշտ չէինք որակավորի դրա դերն ու նշանակությունը: Ես առաջարկել եմ երկու անուն` Սարյան, քանի որ նրա օգնությամբ է հիմնադրվել ակադեմիան, եւ Այվազովսկի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Փ. Միրզոյանը:
Մեր այն հարցին, թե կոնկրետ Այվազովսկին ինչ կապ ունի ակադեմիայի հետ, պարոն Միրզոյանը պատասխանեց. «Շատ կապ չի ունեցել, բայց նա ունի համաշխարհային ճանաչում»: Հետո պարոն Միրզոյանը նշեց, որ ավելի լավ է` ակադեմիան մնա այնպես, ինչպես կա, այսինքն` ոչ ոքի անունով էլ չկոչվի:
Իսկ, ահա, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաթանակ Շահումյանը, հակադարձելով Փ. Միրզոյանին, պնդեց, որ հարկավոր է ակադեմիան կոչել հենց Ա. Սարգսյանի անունով. «Ինքս բախտ եմ ունեցել երկու տարի ուսանել նրա մոտ, գիտեմ, թե ինչ դժվարություններ է հաղթահարել, ինչ մեծ արվեստագետ է, իսկական հայի տեսակ, զարմանալի մարդ, բոլորին է հայտնի, թե նա ինչպես է օթեւան տրամադրել իր ուսանողներին, հաց տվել, շոր հագցրել… Ինչո՞ւ է Այվազովսկու անունը քննարկվում, երբ նա դրսում է ստեղծագործել, իր անունն է թողել մեզ միայն, իսկ Արայի պես մարդիկ թողել են Եվրոպան ու եկել Հայաստանի համար մեծ գործեր են արել… Դե, միանգամից ակադեմիան դրեք Արշիլ Գորկու անունով. նրան աշխարհում ավելի շատ են ճանաչում. այդպես հո չէ՞»,-նկատեց նա:
Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն էլ, ով ժամանակին ինստիտուտի կոմսոմոլի քարտուղարն է եղել, մեզ հետ զրույցում նշեց, որ ակադեմիան անվանակոչելու հարցում Արա Սարգսյանից բացի՝ մեկ ուրիշի անունն անգամ չարժի քննարկել:
Ի դեպ, մեր ձեռքի տակ է մի ուշագրավ փաստաթուղթ` 1944-ի հունիսի 10-ին Արա Սարգսյանի գրած նամակը Մարտիրոս Սարյանին: «Սրանից մի ամիս ու կես առաջ Հ. Վարդանյանը ինձ կանչեց եւ երկար խոսելուց հետո ինստիտուտի դիրեկտորի պաշտոնն առաջարկեց՝ ավելացնելով, որ կան մի շարք դժվարին կազմակերպչական աշխատանքներ, որ այդպիսիք միայն ես կարող էի լուծել: Ճիշտն ասած՝ այդ գործը ինձանից շատ ժամանակ եւ եռանդ է խլելու, բայց պատմական գործ է, երկրի ժողովրդի կուլտուրայի եւ պատվի հետ կապված լինելու հանգամանքը ինձ ստիպեց տալ իմ համաձայնությունը»,-ասված է նամակում:

 

 

 

 
ՋՈՒՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԵՓ ԿԱՐԴԱԼ

Էպատաժային երգչուհի Ջուսը չի դադարում նոր անակնկալներ մատուցել երկրպագուներին եւ ամեն անգամ ներկայանալ անսպասելի ոճում: Նա շուտով երկրպագուների դատին կհանձնի նոր մի երգ, որի երաժշտությունն, ի դեպ, գրել է հենց ինքը:

Այս անգամ երգչուհին որոշել է ավելի արագ, պարային ստեղծագործություն մատուցել էլեկտրո-դենս ոճում. «Ասեմ, որ հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել, երգն էլ լի է էներգետիկայով, այն բոլորին դրդում է պարել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Ջուսը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կա էլի մեկ երգ, որի հիման վրա ինքը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել, սակայն այս մի ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա արդեն գարնանը: «Այդտեղ ես բոլորովին այլ, նոր ոճում եմ ներկայանալու… Ասեմ ավելին` անգամ ռեփ եմ կարդալու… Այդ երգի հեղինակը երգահան, գործիքավորող Գուժն է»,-պատմեց Ջուսը` հավելելով, որ առաջիկայում ինքը երկրպագուներին ցնցելու էլի առիթներ է ունենալու. «Այնպիսին, ինչպիսին պատրաստվում եմ ներկայանալ, ինձ դեռ ոչ ոք չի տեսել»,-ասաց նա: Իսկ թե կոնկրետ ինչի մասին է խոսքը` երգչուհին դեռ չմանրամասնեց` թողնելով ինտրինգը:
Զրուցեցինք նաեւ Ջուսի անձնական կյանքից: Հիշեցնենք, որ 2014-ի ավարտին Ջուսի կյանքում բավական բարդ շրջան էր: Նա չեղյալ էր հայտարարել ֆրանսաբնակ փեսացուի հետ իր նշանադրությունը, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել: Մենք Ջուսից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նրա անձնական կյանքում, ինչպես ինքն է սիրում ասել, «փոթորիկ է», թե այդ առումով ավելի խաղաղ շրջան է: «Անձնական կյանքում «քնած» վիճակ է, ուստի ամբողջ էներգիաս ռեալիզացնում եմ աշխատանքին նվիրվելու միջոցով»,-նշեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՉԱՐՔԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
17-րդ դարով թվագրվող հայկական ավետարանի մի անկյունում թաքնված չարքի պատկերը, որն ընթերցողի կողմից մտադրված մաքրվել էր, դարեր անց կրկին կվերականգնվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը: Ավետարանի հոյակապ մանրանկարների հեղինակը գրիչ, ծաղկող եւ աստվածաբան Խիզանցի Մեսրոպն է, ով այն գրել է 400 տարի առաջ: Չարքի պատկերը կվերականգնի Օքսֆորդյան գրադարանի պահպանողական ուսումնասիրության ղեկավար Դեւիդ Հոուելը, ով կկիրառի հիպերսպեկտրալ պատկերումը՝ որպես հայկական գանձերի ցուցադրության մաս: Հոկտեմբերի 23-ին մեկնարկող ցուցադրությունը նվիրված կլինի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ
Սանկտ Պետերբուրգի «Ողջույն տաղանդներ» ասոցիացիայի կողմից կազմակերպված «Փարիզ, ես քեզ սիրում եմ» խորագրի ներքո անցկացվող միջազգային XXIV մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնին առաջին անգամ կներկայանա նաեւ Հայաստանը:
Մրցույթն անցկացվելու է Փարիզում, հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը: Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենա Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Միլենա Գեւորգյանը: Միլենան մրցույթ-փառատոնին կներկայանա էստրադային երգեցողություն անվանակարգում՝ 14-18 տարեկանների շրջանում: Մինչ այս Միլենան երգել է «Արեւիկ» եւ «Արեւներ» համույթներում, սակայն արդեն որոշել է հանդես գալ որպես մենակատար, նույնիսկ ունի հատուկ իր համար գրված 2 երգ:

 

ՄԵՐԿ ՆԿԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի Purpose անունը կրող ալբոմը, որը կթողարկվի 2015 թվականի վերջին, արգելել են Մերձավոր Արեւելքում եւ Ինդոնեզիայում, որտեղ տարածված է իսլամը։ Բանն այն է, որ ալբոմի շապիկին Բիբերը մերկ է, իսկ կրծքի վրա խաչի դաջվածք ունի: Նկարը համարվել է պրովոկացիոն, ուստի Բիբերի ստեծագործական թիմը մտածում է նոր նկար ստեղծել հատուկ մուսուլմանական երկրների համար։




Լրահոս