«ԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ, ՈՐ ԴԱՐՁԱՆ ՄԻՖ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Թոփալյանին հեռուստադիտողները վերջերս տեսան բոլորովին նոր ժանրում: «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում նա մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը: Սամվելը «Ժողովուրդ»-ին պատմել է իր կերպարի մասին, պարզաբանել, թե ինչու վերջերս չի նկարահանվում ֆիլմերում եւ սերիալներում:

-Սամվե՛լ, «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում ընդգրկվելու առաջարկը Ձեզ ինչո՞վ գրավեց: Հումորային այդ կերպարը որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ:
-Ինձ համար կարեւոր չէ` դրամատիկ բնույթի գործ կլինի, թե հումորային. ես մասնագիտությունս սիրում եմ եւ չեմ մտածել այդ հոգեհարազատության մասին: Ընդամենը իմ հնարավորությունների սահմանում իմ գործն եմ անում: Իսկ կերպարս շատ հումորային չէ, նրա շուրջ ստեղծվող իրավիճակներն են հումորային: Ընդհանուր աշխատանքային մթնոլորտն ինձ շատ է դուր գալիս:
-Գեղարվեստական ֆիլմերում վերջերս Ձեզ չենք տեսնում: Դուք նախընտրած ռեժիսոր ունե՞ք:
-Չեմ մտածել նախընտրելի ռեժիսորի մասին, բայց այսօր նկարահանվող ֆիլմերը ինձ բացարձակ դուր չեն գալիս. դրանք ամեն ինչի մասին են` բացի մարդուց: Այդ ֆիլմերն ավելի շատ մեքենաների, հագուստի մասին են եւ ոչ մարդկային փոխհարաբերությունների եւ զգացումների: Այդ ամենը մի բանի համար է արվում` փողի:
-Գրական գործերի հիման վրա նկարահանված հայկական ֆիլմերը շատ են քննադատվում, մասնագետներն ու հանրության մի ստվար զանգված նշում է, որ պրոֆեսիոնալ մոտեցումը պակասում է: Ի՞նչ կասեք: Թերեւս, Ձեր մասնակցությամբ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմն ամենաքիչ քննադատվածների թվում է…
-Այդ ֆիլմերը կարող էին շատ ավելի լավը լինել: Էներգետիկ մի բան կա, որ դրանցում պակասում է. երկրորդ անգամ չես ուզում այդ ֆիլմերը նայել: Խնդիրը կապված է նաեւ գումարի հետ. լավ կինո նկարելը հարուստ պետության գործ է:
-Հեռուստասերիալներում եւս չեք երեւում. հրավերներ չունե՞ք:
-Եղել են հրավերներ, բայց այնպիսի դիրք եմ բռնել, որ չստացվի…
-Այսինքն` հոգնե՞լ եք դրանցում նկարահանվելուց:
-Դե հա, հոգնեցուցիչ է…
-«Գոյ», Հ. Մալյանի անվան թատրոնները, «Թատրոն 32»-ը միանգամայն տարբեր հարթակներ են: Կարողանո՞ւմ եք բոլոր այս տեղերում միաժամանակ ներգրավվելով` ներդաշնակություն մտցնել Ձեր աշխատանքում, թե՞ հենց բազմազանությունն է գրավում Ձեզ այս պարագայում:
-Այս երեք թատրոններն էլ ինձ հոգեհարազատ են ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ անձնակազմի անդամների ունեցած մարդկային որակների առումով: «Գոյ»-ը իմ ուսուցչի հիմնած թատրոնն է, վերանորոգումից հետո վերջերս այն նոր շունչ է մտցրել իր աշխատանքում, խաղացանկային ներկայացումներից զատ մենք ունենք ազատ բեմ, «Գոյ» կինո, որտեղ ցուցադրվում են հեղինակային ֆիլմեր, հանդիպումներ ենք ունենում արվեստագետների հետ, աստիճանաբար թարմացնում ենք նաեւ խաղացանկը: Մալյանում աշխատում եմ արդեն 8 տարի, գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, կարծում եմ, իր հոր արվեստի ավանդույթների անմիջական եւ լավագույն ժառանգորդն է, այդ թատրոնն ընտանիքի պես է ինձ համար դարձել, իսկ «Թատրոն 32»-ում էլ իմ ընկերներն են, համակուրսեցիները:
-Սամվե՛լ, թատերական ինստիտուտում սովորելու տարիներից ունեցե՞լ եք նպատակներ, երազանքներ, որոնք ի դերեւ են եղել գործնական կյանք մուտք գործելուց հետո:
-Փառք Աստծո, ես հայտնվեցի այնպիսի թատրոններում, որ պրոֆեսիոնալ եւ մարդկային առումներով չկոտրվեցի: Իհարկե, կան երազանքներ, որ դարձան միֆ: Այսօր մենք վազվզում ենք ձայնագրության, նկարահանման, թատրոն ու ամեն բան կիսատ ենք թողնում, չի ստացվում մի գործ այնպես անել, որ դու էլ քեզ բավարարված զգաս. գումար աշխատելու խնդիրն է առաջ գալիս, դու չես գոհանում քո արածից, անհրաժեշտ պաշարը չես հավաքում: Շատ լավ գիտակցում եմ, թե դերասանն ինչպիսին պետք է լինի, բայց դրա համար պայմաններ են պետք, որոնք բացակայում են: 3-4 տեղ աշխատելով, գործերդ կիսատ-պռատ անելով` նպատակներդ չես կարող իրականացնել:
-Գուցե ստեղծված մթնոլորտի համար դերասաննե՞րն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:
-Միանշանակ, պետք չէ մի կողմին մեղադրել. ամեն մեկը մեղքի իր չափաբաժինն ունի…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 20 հասցեում, որտեղ ապրել է վարպետը, կբացվի նրա հուշատախտակը։ Այս մասին տեղեկացնում են Սոս Սարգսյանի հիմնած Համազգային պետական թատրոնից: Այնուհետեւ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն։ Նույն օրը Համազգային թատրոնում կցուցադրվի «44 աստիճանի վրա» ներկայացումը՝ ի նվիրումն վարպետի հիշատակին։
Իսկ հոկտեմբերի 28-ին Երեւանի ավագանու հերթական նիստում կքննարկվի Երեւան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցը հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անվամբ կոչելու հարցը:
Նշենք, որ այս տարի լրացավ Հայրիկ Մուրադյանի 110-ամյակը:

 

ՇԵՅԽՈՒՀԻՆ` ԳԱՌՆԻՈՒՄ
H&M (Hennes & Mauritz) շվեդական աշխարհահռչակ ընկերությունը գրառում է կատարել նշանավոր կանանց մասին, ովքեր այս տարվա ընթացքում կրել են ընկերության ապրանքանիշով հագուստներ եւ աքսեսուրաներ: arevelk.am-ի փոխանցմամբ՝ այդ կանանց թվում է նաեւ արաբական աշխարհի ամենահայտնի եւ նորաձեւ կինը` Կատարի շեյխուհի Մոզան, ով այս տարվա հուլիսին այցելել է Հայաստան: Իր մեկօրյա այցի ընթացքում արաբուհի քաղաքական եւ հասարակական նշանավոր գործիչը նաեւ Գառնի է այցելել: Շվեդական ընկերությունը նշում է, որ այդ այցի ընթացքում շեյխուհին ամբողջովին հանդերձավորվել է H&M-ի հագուստով եւ աքսեսուարներով:

 

ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆ ԶՈՒՅԳԸ
Ջորջ եւ Ամալ Քլունիները գլխավորել են InStyle-ի ամենաոճային աստղային զույգերի վարկանիշային աղյուսակը:
Տարեկան վարկանիշի երկրորդ տեղում Մեթյու Մակկոնահին եւ Քամիլա Ալվեսն են՝ երեք երեխա ունեցող օրինակելի ընտանիք: Իսկ երրորդ հորիզոնականում Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն են:
Ի դեպ, հանրահայտ աստղային զույգերից ո՛չ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, ո՛չ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամենա-ամենաների տասնյակում չեն հայտնվել:




Լրահոս