ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ Է ՊԱԿԱՍ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՌՈՄԱՆ ՀԵՐՑՈԳԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխությունները ազդում են նաեւ Սահմանադրական դատարանի ձեւավորման կարգի վրա: Թեեւ Սահմանադրական դատարանը մեկ անգամ չէ, որ անհարիր վճիռներով փոշիացրել է իր հեղինակությունը, բայց եւ այնպես, հարկ է հասկանալ դրա ձեւավորման, դատավորների նշանակման նոր կարգն ու դատավորներին ներկայացվող պահանջները: Ստորեւ կփորձենք ներկայացնել, թե գործող Սահմանադրությունից տարբերվող եւ Հայաստանում տիրող քաղաքական իրադրությանն ակնհայտորեն անհամարժեք կետերը որքանով են առնչվում միջազգային փորձին, մասնավորապես՝ Գերմանիայի ու Իտալիայի մոդելներին:

Ըստ առաջարկվող տարբերակի՝ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Իսկ ահա ՀՀ գործող Սահմանադրության մեջ ՍԴ դատավորին ներկայացվող պահանջների առանձին բաժին չկա: Այս հարցում, կարծում ենք, փոփոխությունն արդարացված է: Ըստ երեւույթին, ՍԴ նախագահ եւ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հաշվի է առել սեփական փորձը, երբ Հայաստանի կոմկուսի կենտկոմում տնտեսագետ-դասախոսի աշխատանքային փորձով դարձավ ՀՀ փոխնախագահ, իսկ ապա՝ ՍԴ նախագահ: Գ. Հարությունյանը կարծես վերաիմաստավորել է 1990-ականների կադրային քաղաքականության բացթողումները, ինչը միանշանակորեն ողջունելի է: Ի դեպ, ներկայումս ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը, հանդես գալով իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսորի կոչումով, ուսանել եւ տեւական ժամանակ աշխատել է ֆինանսահարկային ոլորտում, 2004-2010թթ. եղել ԱԺ իրավաբանական վարչության պետ, որից հետո էլ նշանակվել ՍԴ դատավոր:
Բայց եւ այնպես, իրավաբանական կրթությունն ու այդ ոլորտում 15 տարի աշխատելը ամենեւին էլ բավարար պայման չեն դատարանը անկախ ու կայացած դարձնելու համար: Երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանը մասնագիտացած էր լեզուների ու գրականության ոլորտում, 1997թ. նշանակվել էր ՀՀ ՍԴ անդամ, ինչը փաստացիորեն զուտ քաղաքական որոշում էր: ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, աշխատել է նաեւ որպես ՆԳ նախարար, ԱԱՊՎ պետ եւ այլն:
Ամեն դեպքում փաստ է, որ 1995թ. ձեւավորումից ի վեր՝ Սահմանադրական դատարանը ՀՀ իշխանությունների նկատմամբ որեւէ բացասական որոշում չի կայացրել: Այսինքն՝ դատավորի իրավաբանական փորձառությունը մեր իրականությունում բնավ ցուցիչ չէ, որ նա լինելու է անկախ, արդար եւ վճիռների կայացման հարցում ինքնուրույն: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում ընտրակեղծարարությունն ամեն ընտրությունից հետո առավել հղկված եւ համակարգված բնույթ է ստանում, իսկ ՍԴ-ն շարունակաբար աչքաթող է անում աղաղակող խախտումները, կարող ենք պնդել, որ ՀՀ-ում սահմանադրական վերին այս ատյանի որակն անցած տարիների ընթացքում ամենեւին էլ չի բարձրացել:
Նոր Սահմանադրությամբ նաեւ առաջարկվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին 12 տարի ժամկետով նշանակի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սահմանադրական դատարանը պիտի կազմված լինի ինը անդամից, որոնցից երեքը ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրելու է դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: Գործող կարգի համաձայն՝ ՍԴ անդամը անփոփոխելի է ու անձեռնմխելի, իսկ պաշտոնաթող լինելու է 65 տարին լրանալուն պես: Հավելենք, որ այսօր ՍԴ անդամներից 4-ը նշանակվում են նախագահի, իսկ 5-ը՝ Ազգային ժողովի կողմից: Նոր կարգով ԱԺ-ը լոկ վավերացնելու է նախագահի, կառավարության եւ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկած թեկնածությունները: Տարօրինակ է, որ խորհրդարանական կառավարումը թմբկահարող իշխանությունը ՍԴ անդամների նշանակման գործում ԱԺ-ին վերապահում է միայն վավերացնողի գործառույթներ, իսկ ոչինչ չորոշող նախագահին տալիս ՍԴ դատավոր ընտրելու իրավունք: Այս ոլորտում զսպումների ու հակակշիռների մեխանիզմը Սերժ Սարգսյանի հանձնաժողովի կողմից կարծես կիրառվել է անիմաստ լարվածություն սերմանելու նպատակով:
Իտալիայի Սահմանադրությամբ երկրի Սահմանադրական դատարանը պիտի բաղկացած լինի 15 դատավորներից, որոնցից 5-ը նշանակվում են նախագահի, 5-ը՝ խորհրդարանի, 5-ը՝ բոլոր դատարանների կողմից: Այստեղ դատավոր կարող են դառնալ 20 տարվա իրավաբանական աշխատանքային փորձ ունեցող դատավորները, իրավաբաններն ու իրավագետները: Իտալիայում ՍԴ անդամները պաշտոնավարում են 9 տարի՝ առանց վերանշանակման իրավունքի: ՍԴ դատավորներն իրենցից մեկին ընտրում են ՍԴ նախագահ՝ 3 տարի ժամկետով, որը կարող է վերընտրվել: Իսկ, ահա, Գերմանիայի Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանը ունենա երկու պալատ` յուրաքանչյուրում 8-ական ներկայացուցիչ: Գերմանիայի գերագույն դատարանի անդամների կեսը նշանակվում է Բունդեսթագի կողմից, իսկ մյուս կեսը՝ Բունդեսրատի: Վերջինս Գերմանիայի դաշնային նահանգները ազգային մակարդակում ներկայացնող օրենսդիր մարմինն է: Բունդեսթագի, Բունդեսրատի, դաշնային կառավարության եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչները չեն կարող նշանակվել ՍԴ դատավոր: ՍԴ նախագահ նշանակելու հարցում կրկին իրավասությունը պատկանում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմիններին: Դատավորները նշանակվում են 12 տարով՝ պաշտոնաթող լինելով 68 տարեկանում: Դատավորի պաշտոնին հավակնողը պիտի լինի նվազագույնը 40 տարեկան, աշխատած լինի իրավաբան կամ իրավագետ, իսկ 16 անդամներից 6-ը պիտի պարտադիր կերպով դատավորի աշխատափորձ ունեցած լինեն դաշնային դատարաններից մեկում: ՍԴ դատավորները պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո հեռանում են հասարակական կյանքից, սակայն բացառություն է Ռոման Հերցոգի դեպքը, որը 1994թ. ՍԴ նախագահի պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ անց դարձավ Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ: Արդ, հետաքրքիր է` ե՞րբ է ՀՀԿ-ն բեմադրելու «իսկ ինչո՞վ է պակաս Գագիկ Հարությունյանը Ռոման Հերցոգից» տրագիկոմեդիան:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԴՌՆԵԴՈՒՌ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի խանութներում առեւտրի շուրջ 30-40 տոկոսը կատարվում է ապառիկ: Սննդի խանութներից մեկի տերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցույց տվեց «նիսյայի» տետրը` 50-ից ավելի անուններով, որոնց ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 2 միլիոն 300 հազար դրամ: Խանութի տիրոջ ներկայացմամբ` պարտքատերեր կան, ովքեր վաճառատանը պարտք են 250 հազար դրամ, սակայն չեն կարողանում գոնե մաս-մաս վճարել այդ գումարը: Բնակչության մոտ փողի պակասը հատկապես զգում են էլցանցերի եւ գազի տեսուչները, ովքեր սպառած հոսանքի եւ բնական գազի գումարները հավաքելու համար տնետուն են անցնում, երբեմն նույն սպառողին մի քանի անգամ զանգում, այցելում, հորդորում` չուշացնել գումարների վճարումը:

 

ԱՉԱՋՐԻՑ` ԻՋԵՎԱՆ
«Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուզաննա Գրիգորյանը: Նա մինչ այդ ղեկավարում էր «Աչաջրի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն: Ռ. Գրիգորյանի նշանակման մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչության պետ Նարեկ Վանեսյանից, ով մինչ այդ ղեկավարում էր Իջեւանի ԲԿ-ն: Նշենք, որ Ռ. Գրիգորյանը Նարեկ Վանեսյանի եւ 2 այլ թեկնածուների հետ 2015թ. մայիսի 27-ին մասնակցեց Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, որի արդյունքում, սակայն Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվեց Նարեկ Վանեսյանը: Թե ինչ արդյունքներ կունենա Ռուզաննա Գրիգորյանի նշանակումը Իջեւանի հիվանդանոցի համար, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ տարիներ շարունակ այդ հիվանդանոցում եղել են ֆինանսատնտեսական ապօրինություններ, որոնց հետեւանքով ներկայումս քրեական գործեր են քննվում Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանի, եւ այդ ԲԿ-ն երկար տարիներ ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերաբերյալ:

 

ՊԱՐՏՔԸ ՈՉԽԱՐՈՎ ԵՆ «ԳԱՆՁԵԼ»
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այժմ քննվում է Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչներ, ամուսիններ Վրեժ եւ Արեւ Մխիթարյանների վերաբերյալ քրեական գործը: Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրենց ունեցած պարտքը մարելու համար Մարտիկ Գասպարյանի վստահությանը հանձնված հոտից 2015թ. հուլիսի 25-ին բռնել եւ իրենց տուն են տարել համագյուղացի Կարեն Ասիրյանին պատկանող ոչխարը՝ վերջինիս պատճառելով 45 հազար դրամի վնաս: Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը):

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԽԱԲՈ՞ՒՄ Է ՍՊԱՌՈՂԻՆ
Երեկ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը: Իսկ ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, դիմելով Նազարյանին, հայտարարեց, որ այսօր գազի հաշվիչներն ի վիճակի չեն ճշգրիտ ներկայացնել գազի ծավալը: Պատգամավորը նկատեց նաեւ, որ հաշվիչները փոխելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանք, կախված ջերմաստիճանից, ճնշումից, ճիշտ չեն ցույց տալիս ծախսի ցուցմունքները: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն հաշվիչները, որոնցից օգտվում են մեր բնակիչները, ճշգրիտ գազի ծավալ չեն կարող որոշել, որովհետեւ դա կախված է մի քանի պարամետրերից, ճնշումից, ջերմաստիճանից: Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է՝ նոր հաշվիչներ տեղադրելու, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչքան գազի ծավալ են իրենք սպառում»,- ՀԾԿՀ նախագահից հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան Քոքոբելյանի հարցմանը` Նազարյանը տեղեկացրեց, որ գազի հաշվիչները մինչեւ 2017 թվականը պետք է փոխվեն: Ըստ Նազարյանի՝ կկիրառվեն թվային հատուկ հաշվիչներ, որոնք հատուկ բանաձեւով են հաշվարկելու գազի ծախսը: Ի դեպ, Նազարյանը ընդգծեց, որ հաշվիչները փոխելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ իր հաշվին, սակայն դա դիտարկվելու է որպես ներդրում: Այնուամենայնիվ, նա չպարզաբանեց, թե այդ հաշվիչներն ինչ սկզբունքով են աշխատելու եւ ինչով են տարբերվելու ներկայիս հաշվիչներից: Նկատենք, որ չպարզաբանված է մնում նաեւ այն, թե ներկայիս հաշվիչները ինչ կլիմայական պայմաններում եւ ինչ ճնշման ներքո են ավել գազի ծավալ արձանագրում: Այլ կերպ ասած՝ ինչպես է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «խաբում» սպառողներին: Սակայն ընկերությունից այս հարցերի պատասխանը ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն:

Ս. Հ.




Լրահոս