Եղջերավոր անասունների շրջանում վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել. գյուղացիներն ասում են «Ծաղիկ», ՍԱՊԾ-ն՝ մաշկաբորբ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ որոշ մարզերում ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր անասունների շրջանում վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել: «Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերի բնակիչներից: Ըստ նրանց՝ կենդանիների մոտ «ծաղիկ» կոչվող վարակիչ հիվանդությունն է: Սակայն գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կարծում են, որ խոշոր եղջերավոր անասունների մոտ նկատված հիվանդությունը մաշկի բորբոքում է:

12208054_746990988740806_1016232813_n

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ մոտ երեք ամիս է, ինչ հանրապետության տարբեր շրջաններում անասունների մոտ արձանագրվել են վարակիչ հիվանդության դեպքեր: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Հացառատ, Գանձակ, Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա, Արազափ, Եղեգնուտ, Արարատի մարզի Ռանչպար, Սայաթ-Նովա, Արբատ գյուղերի անասունների մոտ վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել: Անասնատերերը այս հիվանդությունը նմանեցնում են «ծաղիկ» հիվանդությանը: «Ժողովուրդ»-ը շրջեց մի քանի գյուղերով եւ լուսանկարեց հիվանդ անասուններին: Սակայն պաշտոնապես դեռ հաստատված չէ, որ անասունների մոտ արձանագրվածը հենց այդ հիվանդությունն է:

12204727_746991115407460_414122599_n

Նշենք, որ «ծաղիկ» հիվանդությունը սուր ընթացող, վարակիչ, տենդով ուղեկցվող հիվանդություն է, բնորոշ է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ եւ մաշկի ու լորձաթաղանթների վրա ծաղկաբշտային ցաների առաջացմամբ: «Ծաղիկ»-ով հիվանդանում են գրեթե բոլոր գյուղատնտեսական կենդանիներն ու թռչունները: Վարակի աղբյուրը հիվանդ կենդանին է եւ նրանից ստացված մթերքները: Առողջ կենդանիները վարակվում են շփման միջոցով, բերանով եւ շնչառական ուղիներով: «Ծաղիկ» հիվանդությունն անասուններից փոխանցվում է նաեւ մարդկանց: Ինչ վերաբերում է մսամթերքի ու կաթնամթերքի օգտագործման ռիսկերին, ապա ընդհանրապես արգելվում է հիվանդ անասունի միսը կամ կաթը օգտագործել` առանց համապատասխան մշակման. կաթը 70 աստիճան տաքացնելու դեպքում հարուցիչը մահանում է: Նույնը նաեւ մսի ախտահանմանն է վերաբերում:

12202149_746991052074133_1750364699_n

Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ համայնքում հունիսին բռնկվել էր խոշոր եղջերավոր անասունների «ծաղիկ» հիվանդությունը: Ըստ ԼՂՀ գյուղնախարարության օգոստոսի տվյալներով՝ համաճարակը ՝տարածվել է 96 համայնքներում, որտեղ «ծաղիկ» հիվանդությամբ վարակվել է ավելի քան 1300 անասուն: Դրանցից 544-ն արդեն բուժվել է, մի մասը բուժման ընթացքի մեջ է, իսկ 20-ը սատկել են: Արդյունքում հիվանդության բուժումից անտեղյակ գյուղացիների մոտ խուճապ էր առաջացել, եւ որոշ մարդիկ հապշտապ էժան գներով անասունները սկսել էին վաճառել: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիների խոսքերով՝ դեռեւս անհայտ հիվանդությունը Հայաստան է մուտք գործել հենց Արցախից, որտեղի անասնատերերն իրենց անասուններին վաճառել են ՀՀ տարածքում:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, ով ասաց, որ ԼՂՀ գործընկերներն իրենց ձեռքի տակ չեն ունեցել լաբորատոր ախտորոշում, որը կհաստատեր, որ անասունների մոտ «ծաղիկ» հիվանդությունն է արձանագրվել: «Քանի որ մեր հարեւան պետություններում՝ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանի Իսլամական Հանրապետութունում գրանցվել է հիվանդություն, որը կոչվում է մաշկաբորբ, իսկ ԼՂՀ-ն էլ հարակից է իմ կողմից նշված հարեւան պետություններին, չի բացառվում, որ մեզ մոտ՝ ՀՀ-ում նույնպես գրանցված լինի նույն մաշկաբորբ հիվանդությունը: Այնուամենայնիվ, դրա մասին վերջնական խոսելը, դեռ վաղ է, չկա լաբորատոր ախտորոշում: Մենք առայժմ լաբորատոր ախտորոշում չունենք»,- փոխանցեց մեր զրուցակիցը: Եւ չնայած դրան` նա տեղեկացրեց, որ հիվանդ անասունների միսը վտանգավոր չէ, եթե հիվանդությունը վտանգավոր լիներ, ապա իրենք կպահանջեին կենդանուն հարկադիր սպանդի ենթարկել: Մասնագետը կոչ արեց նաեւ աչալուրջ լինել եւ անհրաժեշտության դեպքում անասնաբույժին ահազանգել:

12207853_746991058740799_497729885_n

«ժողովուրդ»-ին դիմած անասնատերերը, սակայն, հայտնեցին, որ տվյալ հիվանդության դեմ անասուններին հակաբիոտիկ ներարկելու համար անասնաբույժները 3000-5000 դրամ են պահանջում: Գյուղացիներն էլ, չունենալով գումար, ստիպված իրենք իրենց ուժերով են ներարկումները կատարում:

Այս հարցում, սակայն, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի կարող միջամտել: ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Ավագյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պետպատվերի շրջանակներում, որպես սոցիալական աջակցություն, գյուղկենդանիների պատվաստում ծրագրի շրջանակներում 9 միջոցառումներ են նախատեսված, որոնք իրականացվում են անվճար: «Իսկ մյուս՝ թերապեւտիկ, պարազիտար, մեխանիկական ցանկացած միջոցառում ազատականացված է, պետությունը դրանում ոչ մի միջամտություն չունի: ԳՆ-ն սակագին չի սահմանել, որովհետեւ այդպիսի իրավասություն եւ գործառույթներ չունի»,- փոխանցեց Ավագյանը:

12212076_746991028740802_903400556_n

Զրույցի ավարտին ԳՆ ներկայացուցիչը նկատեց, որ արձանագրված վարակիչ հիվանդության դեպքերի մասով համապատասխան լաբորատոր նմուշներ ուղարկվել են, սակայն վերջնական պատասխանը դեռ չկա: «Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: Երկրում անհանգստացնող իրավիճակ չկա, անասնահամաճարակային  վիճակ չկա: Այնպես որ, լաբորատոր հետազոտությունները շարունակվում են»,- նշեց Ավագյանը:  Իսկ թե դրանք երբ կավարտվեն, երկու պետական կառույցների ներկայացուցիչներից որեւէ մեկը չկարողացավ նշել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս