ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՑԵՆԻՆ ԴԱՐՁԱՎ ՀԱՃԱՐԵՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անսահման է մարդու երեւակայությունը հատկապես այն դեպքերում, երբ ցանկանում է ստեղծագործել, զարմացնել ուրիշներին: Բայց հաճախ հանցագործներն էլ են աչքի ընկնում վառ երեւակայությամբ, եւ դրա մասին է վկայում ներքոշարադրյալ դեպքը: Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Սամվել Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հունվար-փետրվար ամիսներին Իջեւանի անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Դռան գյոլ» անտառամասից ապօրինի կերպով հատել է 743.000 դրամ սակագնային արժեքով, ընդհանուր 2 մլն 229 հազ. դրամի նյութական վնասով 8 հատ հացենի եւ 2 հատ լորենի տեսակի թաց կանգուն ծառեր: Ս. Ստեփանյանը մեղադրվում է նաեւ նրանում, որ նշված հացենի ծառատեսակների գերանափայտի սղոցումից ստացված 12 խորանարդ մետր կողահատ տախտակը 2012թ. հոկտեմբերի 9-ի գիշերվա ժամը 2-ին Երեւան տեղափոխելիս, բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից, ուղեբեռի համար ներկայացրել է իր կողմից կեղծված ձեւաթուղթ հանդիսացող հաշիվ ֆակտուրա՝ նախատեսված հաճարենի կողահատ տախտակի համար: Ս. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի  296-րդ հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս») եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»): 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս քրգործով դատական առաջին նիստը կայացավ մարտի 21-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Հավելենք, որ Սամվել Ստեփանյանի ձերբակալումից հետո ոստիկանությունը Տավուշում սկսեց ապօրինի անտառհատումների դեմ լայնածավալ միջոցառումներ ձեռնարկել: 2012թ. նոյեմբերի 6-ին եւ 7-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը անտառաշատ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ստուգումներ էր կատարել անտառներում, անտառտնտեսություններում, սղոցարաններում, փայտամշակման ձեռնարկություններում, փայտի չորանոցներում: Դրանց արդյունքում հարուցվեց 9 քրգործ, որով պետությանը հասցված վնասը կազմել է 8 մլն 204 հազար 500 դրամ: Միաժամանակ նախապատրաստվել են 11 նյութեր, որոնցով հանցակազմը չի բավարարվել քրգործ հարուցելու համար, վարչական իրավախախտման այդ փաստերով պետությանը հասցված վնասը կազմել է 1 մլն 721 հազար 990 դրամ: Այդ միջոցառումների արդյունքում ոստիկանության 5 աշխատակից, այդ թվում՝ Իջեւանի ոստիկանապետը, ազատվեցին աշխատանքից: 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս