ՀՀԿ-Ն ՀԱՐԱՅ-ՀՐՈՑՈՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՉԻ ԱՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հոկտեմբերի 28-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 1֊ին կսկսի սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզչությունը: Սակայն մինչեւ այսօր ՀՀԿ-ն որեւէ ակտիվություն չի ցուցաբերում` բացի ՀՀԿ շտաբում երեկոյան ժամերին անցկացվող հանդիպումները:

«Մինչեւ այդ, վերջնական կհստակեցվի կուսակցության քարոզչության ժամանակացույցը, նոյեմբերի 1֊ին կուսակցությունը կանցնի արդեն ակտիվ քարոզչական աշխատանքների: Հանրապետականն այժմ աշխատում է քարոզչական տեքստի, պաստառների պատրաստման վրա, 2֊3 օր հետո պատրաստ կլինի ե՛ւ լոգոն, ե՛ւ կարգախոսը: ՀՀԿ֊ն օգտագործելու է քարոզչական բոլոր միջոցները, որ մատչելի ձեւով ժողովրդին բացատրի, թե ինչ են իրենցից ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները,-հայտարարել էր Վ. Բաղդասարյանը` հավելելով,-մենք պետք է այնպես կազմակերպենք հանրաքվեն, որ խոցելի կողմ չլինի, քանի որ այս պրոցեսին հետեւում է ողջ միջազգային հանրությունը»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում այս օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես պետք է բաշխվեն աշխատանքները, որպեսզի հանրաքվեի արդյունքները լինեն Սերժ Սարգսյանի «սրտով»: Ըստ մեր տեղեկությունների՝ շտաբում ընդգրկված ՀՀԿ-ականներից շատերը կարծում են, որ պետք չէ մեծ միջոցառումներ իրականացնել, մարդկանց հավաքել, քանի որ մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը այս ժամանակահատվածում տեղերում կաշխատեն: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փնտրում էր ՀՀԿ-ականների` պարզելու համար, թե ինչու ակտիվ քարոզչություն չեն իրականացնում: Սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Աժ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կտրականապես հրաժարվում էին մեր հեռախոսազանգերին պատասխանել:
Ի վերջո, մեզ հաջողվեց զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ով հավաստիացրեց, որ ՀՀԿ-ականների ակտիվ քարոզչությանն ականատես կլինենք արդեն ամենակարճ առաջիկայում:
-Պարո՛ն Ավետիսյան, այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ին որեւէ կերպ չի վերաբերում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն, քանի որ այս ժամանակահատվածում Ձեր կուսակցությունը որեւէ տեսանելի քայլ չի կատարում` հանրությանը իրազեկելու եւ քարոզելու ուղղությամբ: Ինչո՞ւ եք այդքան «պասիվ», ինչո՞ւ քարոզչություն չեք իրականացնում:
-Մենք ժամանակին, հստակ ամեն ինչ կանենք, ու այնպես չի, որ հարայ-հրոցով ենք անելու, նորմալ, ամեն ինչը տեղը տեղին լինելու է: Իսկ քարոզչության միջոցները տարբեր են՝ հեռուստատեսությամբ, մամուլով, անմիջական մարդկանց հետ շփումներով, որն ինձ համար ավելի գերադասելի է: Մենք երկուսն էլ անելու ենք, քարոզչական համապատասխան նյութեր էլ ենք ունենալու: Իհարկե, այսպես մեծ հավաքներ չենք ունենալու, բայց կոնկրետ աշխատանքով զբաղվելու ենք ու հիմա էլ զբաղվում ենք:
-ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, որ արդեն նոյեմբերի 1-ից ՀՀԿ-ն ակտիվ քարոզչություն է իրականացնելու: Ի վերջո, այդ ակտիվությունը լինելո՞ւ է, թե՞ ոչ:
-Տեմպը կամաց-կամաց ենք տալիս, էլի, որպեսզի մի անգամից բան չլինի… Եթե, օրինակ, կոնկրետ ինձ եք հարցնում, ապա ես Գյումրիում վաղուց հանդիպումներ ունենում եմ տարբեր մարդկանց հետ, տարբեր կոլեկտիվների հետ, տարբեր ձեւաչափերով, հեռուստատեսությամբ, այնպես որ, մենք անում ենք մեր գործը, մեր քարոզչությունն իրականացնում ենք, այնպես չէ, որ մենք որեւէ բան չենք անում: Շատ ակտիվ հիմա չենք անում, բայց կամաց-կամաց ակտիվանալու ենք, այդ ակտիվությունը կզգացվի: Մենք չենք շտապում, մենք մեկ ամիս ժամանակ ունենք, այնպես որ, մենք այդ ժամանակահատվածում կարող ենք նորմալ մեր աշխատանքներն իրականացնել: Մենք այնպես ենք պլանավորել մեր գործերը, որ մեզ լրիվ բավարար է այդ մեկ ամիսը:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ է որոշում կայացվել մեծ հավաքներ չկազմակերպել, ՀՀԿ-ն այն համոզմանն է, որ հանրությունն արդեն կողմնորոշվա՞ծ է:
-Մեր շտաբը գտնում է, որ մեծ հանրահավաքներ կազմակերպելն անիմաստ է, իսկ առաձին հանդիպումներ՝ տարբեր ձեւաչափերով, բնական է՝ եղել են, կլինեն: Հիմա ավելի ինտենսիվ կլինեն նման հանդիպումները, քարոզչական նյութեր կլինեն, որը մինչեւ օրս չկա: Պետք է ժողովրդին բացատրել, որպեսզի իմանա այդ ամենի մասին, որովհետեւ այսօր, ցավոք, սրտի շատ շատերը տեղյակ չեն բուն տեքստին, ծանոթ չեն բուն նպատակներին, իսկ դա անհրաժեշտ է անընդհատ մարդկանց ասել, բացատրել: Մեր թիմը այդ հավաքների արդյունավետությունը հենց դրանում չի տեսնում, մենք կարծում ենք, որ ժողովրդին պետք է հանդիպել փոքր ֆորմատներով: Դա հնարավորություն է տալիս նաեւ դիմացինին հարցեր տալ, իսկ հանրահավաքի ժամանակ մարդիկ չեն կարողանում հարցեր հնչեցնել եւ ստանալ իրենց համար ցանկալի պատասխան:
-Գյումրեցիները մշտապես աչքի են ընկել իրենց ընդդիմադիր կեցվածքով…
-Գյումրին ընդդիմադիր չէ, խնդրում եմ՝ Ձեր արտահայտությունների մեջ եղե՛ք կոռեկտ: Գյումրեցին պարզապես ունի սոցիալական խնդիրներ, դրա համար էլ Գյումրիում ավելի բարդ է, եւ այստեղ ավելի պահանջկոտ են իշխանություններից:

 

 

 

 
24 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆ ՈՒ ՄԻՊ-Ի ԲՅՈՒՋԵՆ

Երեկ խորհրդարանում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2016 թվականի բյուջեի նախագիծը, որի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը հաջորդ տարի 24 միլիոն եվրո կստանա Եվրամիությունից տարբեր դրամաշնորհային ծրագրերով: Ըստ Սաֆարյանի՝ այս գումարը բյուջեին ուղղակի աջակցության դրամաշնորհ է: Այսինքն՝ ծախսումը որոշվելու է կառավարության հայեցողությամբ:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը Պ. Սաֆարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք 2016 թվականին Հայաստանում կոնկրետ ներդրումային ծրագրեր նախատեսվում են, մանավանդ, որ շատ է խոսվում այն մասին, թե ՀՀ-ն կարող է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կամուրջ դառնալ: Սաֆարյանն էլ պատասխանեց, թե բացի 24 միլիոն եվրոյից՝ պետբյուջեի շրջանակներում այլ ծրագրեր ու գումարներ չկան:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ հարց ուղղեց, թե ԵՄ-ի կողմից, ընդհանուր առմամբ, վարկային, դրամաշնորհային, մասնավոր ինչքա՞ն գումարներ են տրամադրվում Հայաստանին: Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ նախորդ տարվա համեմատ, մի փոքր աճ կա. չկապակցված դրամաշնորհները 2016-ին կկազմեն 13 միլիարդ 851 միլիոն դրամ, կապակցված դրամաշնորհները` 15 միլիարդ 256 միլիոն դրամ:
Երեկ խորհրդարանում քննարկվեցին նաեւ 2016-ի բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հատկացումներն ու ծախսերը: ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը նախ հայտարարեց, թե որքան գումար անհրաժեշտ է իրենց գործունեության համար, այդքան էլ կառավարությունը հատկացրել է պետական բյուջեից: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նրանից հետաքրքրվեց, թե ՄԻՊ ղեկավար Կարեն Անդրեասյանն ի՞նչ է պատրաստվում անել կալանավորների վաղաժամկետ ազատման խնդրի վերաբերյալ. «Միայն անցյալ շաբաթվա ընթացքում 13 նամակ ենք ստացել վաղաժամկետ ազատման չարաբաստիկ հանձնաժողովի համար: Չե՞ք կարծում, որ հանձնաժողովը կա՛մ պիտի լուծարվի, կա՛մ չպիտի գնա կալանավայրեր՝ մարդկանց հույս տալու եւ գիր ու ղուշի տարբերակով որոշի՝ որը մերժել, որը բավարարել: Որեւէ տրամաբանական մոտիվացիա, կարծես թե, չկա»:
ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, թե նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում եւ հանդիպումներ է ունեցել դատապարտյալների հետ, ինչի վերաբերյալ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա: Ն. Զոհրաբյանն ի պատասխան նշեց, թե շատ հաճելի է, որ պաշտպանը հայտարարությամբ հանդես կգա առաջիկայում, բայց այդպիսի հայտարարություններ իրենք ամեն օր էլ անում են:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՈՎԵՐԸ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել «Լիվեշտոկ» ՍՊԸ-ի եւ «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ: Ըստ այդմ, նշված նախարարությունը ձեռք է բերել 453 հատ խոշոր եղջերավոր կենդանի, կամ այլ կերպ ասած՝ կովեր: Մասնավորապես, 191 հատը շվից ցեղատեսակի կովեր են, որոնց համար նախարարությունը վճարել է 232 մլն 236 հազար դրամ: Մյուս 198 հատը հոլշտին ցեղատեսակի կովեր են, որոնց համար գյուղնախը վճարել է 240 մլն 748 հազար դրամ: Եւս 64 հատ էլ սիմենթալ ցեղատեսակի կովեր են գնել՝ 77 մլն 817 հազար դրամ արժեքով:

 

ԴԱՀԿ-Ի ՍՊՈՒՆԳԸ
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարվող զավեշտալի աճուրդներում նորանոր «ռեկորդներ» են արձանագրվում: «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ ԴԱՀԿ-ն այս անգամ էլ «դրամ հաշվելու սպունգ» է աճուրդի հանել: Այն էլ ընդամենը մեկ հատ: Նշենք, որ սպունգն արժի 112.5 դրամ: Այս պահի դրությամբ գնային առաջարկ չկա: Իսկ գնային առաջարկի մինիմալ քայլն արժի 612.5 դրամ, այն դեպքում երբ սպունգն արժի 112.5 դրամ: Ակնհայտ է, որ ԴԱՀԿ-ն ինչ-որ մեկից պարտքի դիմաց գույք առգրավելու խնդիր է ունեցել, եւ տվյալ անձի ունեցած-չունեցածը եղել այդ մեկ հատիկ «թաց գուպկան»:

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՃՈ-Ն
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թեւան Պողոսյանին եւ դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ է ընդունել:

 

ԱՆՈՆԻՄՈՒՍՆԵՐԻ ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ
Երեկ Երեւանում տեղի ունեցավ «Անոնիմուսներ» երթը: Առաջին անգամ այդ երթը Երեւանում տեղի ունեցավ 2013թ. նոյեմբերի 5-ին, որի ժամանակ բերման ենթարկվեցին Շանթ Հարությունյանը եւ ընկերները: Նրանք հետագայում տարբեր պատժաչափերով ազատազրկման դատապարտվեցին: Երեկվա ակցիայի հիմնական նախաձեռնողը Շանթ Հարությունյանի որդին էր՝ Շահենը: Ազատության հրապարակից մեկնարկած երթը պետք է անցներ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ վերադառնար ելման կետ: Սակայն Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ոստիկաններն ընդհատել են երթը եւ թույլ չեն տվել Նալբանդյանով բարձրանալ դեպի ՀՀ ԱԱԾ շենքը: Մոտ կես ժամ տեւած բանակցություններից հետո երթի մասնակիցները ուղեւորվել են Ազատության հրապարակ:




Լրահոս