ՄԵԿ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ՈՍԿԵՂԵՆԸ ՉԻ ԳՏՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս  2012 թվականի մարտի 20-ին Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի բնակարանից գողացել էին տիկնոջ ոսկեղենը: Երեկ Ռիմա Վարժապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մեկ տարի է անցել, բայց միայն վերջերս է ոստիկանությունն ինչ-որ մեկին իրենց տուն «բերել», որը հաստատել է, թե ինքն է մտել բնակարան ու գողություն կատարել: Սակայն մինչ օրս իր ոսկեղենը չեն վերադարձրել:
Հիշեցնենք, որ Ռիմա Վարժապետյանը դիմել էր ոստիկանության Արաբկիրի բաժին գողերին գտնելու ակնկալիքով: Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը դեռ մեկ տարի առաջ «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ Երեւանում ամուսնու հետ են բնակվում, իսկ գողության ժամանակ երկուսով տանն են եղել. «Ասեմ, որ մենք մի սովորություն ունենք, մեր բնակարանի դուռը երբեք բանալիով չենք փակում, երբ որ տանն ենք լինում: Մեր տունը միշտ մեր մտերիմներն են գալիս, եւ մեր դռները միշտ բաց են նրանց համար, մեր տունն այնպիսի հնաոճ իրեր չկան, որ մենք անհանգստանանք, բայց տեսնում եք, թե ինչ պատահեց»: Տիկնոջ խոսքով՝ երեկոյան ժամին, երբ իր ամուսինը հեռուստացույց է դիտել, իսկ ինքը խոհանոցում ինչ-որ գործ է արել, հանկարծ տարօրինակ մի բան է նկատել. «Մի վայրկյան ես խոհանոցից ուզեցի դուրս գալ եւ հանկարծ տեսա՝ ինչ-որ մեկը վազքով դուրս է գալիս ննջասենյակից: Այնտեղ ես հուշանվերների մի տուփ ունեմ, որի մեջ ոսկիներն եմ պահում: Տուփն իմ սենյակի տրիմոյի վրա է դրված լինում, ես այն չեմ թաքցնում: Ես այդ մարդու միայն շողքը տեսա, եւ հանկարծ դուռը փակեց ու վերջ»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ գողությունից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էր պահպանում տիկնոջ անվտանգությունը. «Գողության առումով ոչ ոք ինձ չի հսկում, երեւի մեկ այլ պատճառով են հսկում: Կարծում եմ՝ դա չեն անում, որ հսկեն իմ հարստությունը: Այո՛, ինձ հսկում են, եւ ես շատ շնորհակալ եմ պետությանը, որ ինձ պաշտպանում է, որովհետեւ իսկապես ես շատ բան եմ անում հայերի համար եւ շատ եմ ուզում, որ այստեղ ամեն ինչ լավ լինի»: Մեր զրուցակիցը նաեւ նշել էր, որ ինքը թշնամիներ չունի եւ ոչ ոքի չի կասկածում, որ կարող էր թալանել իրենց:
Ի՞նչ տեղաշարժ կա դեպքից մեկ տարի անց: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վարժապետյանը երեկ պատասխանեց. «Ոչ մի բան չկա, մեկ թե երկու շաբաթ առաջ, չեմ կարող կոնկրետ հիշել, մի գողի էին բռնել, բերել մեր տուն, ինքն ասաց, որ հա՛, մտել եմ, էս բանը ստեղ է եղել, էս բանը այնտեղ է եղել: Նկարեցին ու հեռացան: Բայց ոչ մի ապրանք, ոչ մի փող, ոչ մի արդյունք, ոչ մի բան չկա: Ինքն է եղել, թե բարդեցին իր վրա՝ ես չգիտեմ: Ոչ մի բան չգիտեմ, ցավոք սրտի»:
Հայաստանում հրեական համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք մինչեւ այսօր ազգային անվտանգության ծառայությունը պահպանում է իր անվտանգությունը. «Ես ի սկզբանե չեմ դիմել, որ ինձ հսկեն, դա պետության որոշումն էր: Մոտավորապես մեկուկես ամիս եղավ այդ հսկողությունը ու վերջ»: Մեր դիտարկմանը, թե արդյոք այժմ դրա կարիքը չկա, ասաց. «Այն ժամանակ էլ դրա կարիքը չունեի, բայց արել են, իսկ ես էլ շնորհակալություն եմ հայտնել իրենցից իրենց կատարած աշխատանքի համար: Չէ՛, կարծում եմ՝ կարիքը չկա»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանությունն օրերս կալանավորել է երկու անձի, որոնք մատնանշել են նաեւ Ռիմա Վարժապետյանի բնակարանը եւ հայտնել, որ իրենք գողություն են կատարել նաեւ այդ բնակարանից: Տեղեկացանք նաեւ, որ այժմ բնակարանային գողությունների կասկածանքով նշված երկու անձինք կալանավորված են: Կատարվում է քննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս