Armenian text to speach

Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում․ քննարկվել են մարզի խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ։

Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի հետ։

Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի ու աղբահանության կազմակերպմանը, թափառող շների և ջրամատակարարման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև այլ հարցերի։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության վրա։

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք տարաբնույթ խնդիրներ։ Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը, որի շնորհիվ խնդիրները կարող են արագ լուծումներ ստանալ։ Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար գործի իրավունքների իրացման պատշաճ և արդյունավետ համակարգ»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում շարունակաբար կկատարելագործվեն այն համակարգերը, որոնք էական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

Երկուստեք ընդգծվել է խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ հաղորդակցություն ապահովելու կարևորությունը։




Մամուլի Տեսություն

Լրահոս