«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՓԱԽՉՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա» ընկերության շուրջ վերջին օրերին կրկին թեժացած խոսակցությունները երեկ հանգուցալուծվեցին: Պարզ դարձավ, որ ապրիլի 1-ից ազգային միակ ավիափոխադրողը դադարեցնում է իր փոխադրումները:
Երեկ խուճապ ու քաոս էր տիրում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պատրաստվում էին մեկնել երկրից, կանգնած էին լուրջ խնդրի առաջ. «Արմավիա»-ն հրաժարվում էր չվերթեր իրականացնել եւ անգամ հետ վերցնել վաճառված ու անպիտան տոմսերը: «Ժողովուրդ»-ը բազմաթիվ բողոքներ ու զանգեր էր ստանում քաղաքացիներից, որոնք, ժամեր շարունակ օդանավակայանում սպասելուց զայրացած, դիմել էին «Արմավիա»-ի՝ Նալբանդյան 23 հասցեում գտնվող գլխավոր գրասենյակ: Սակայն այնտեղ հրաժարվել էին քաղաքացիներին որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն տալ:
Ավելի ուշ «Արմավիա»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ ընկերությունը որոշում է կայացրել 2013թ. ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները: Նշված էր, որ բոլոր ուղեւորների գնված տոմսերը պետք է փոխհատուցվեն. կա՛մ գումարները կվերադարձնեն, կա՛մ ուղեւորներին կտեղափոխեն այլ ավիաընկերությունների միջոցով:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հետ՝ տեղեկանալու, թե ներկա պահին ՀՀ-ում քանի ավիափոխադրամիջոցներ են գործում, եւ արդյոք «Արմավիա»-ի լուծարումից հետո օդանավերի քանակը կբավականացնի սպառողներին: «Ներկայում ՀՀ-ում գործում է 12 ավիափոխադրող ընկերություն: «Արմավիա»-ի չբացվելու պարագայում մենք էլի չենք ունենալու ուղեւորների փոխադրման ծառայություններ մատուցելու հարց: Իսկ ինչ վերաբերում է ավիաընկերություններին, իրենց թռիչքների ծավալը եւ օդանավերի պարկը բավարարում են ավիափոխադրումների լիարժեք իրականացմանը, եւ մեր ուղեւորների մոտ դեֆիցիտ չի առաջանա»,-նշեց Ա. Մովսիսյանը: Ըստ նրա՝  ներկա պահին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունում քննարկում են անցկացնում, թե փոխադրամիջոցներից որն առաջնային կհամարվի. «Ես կարծում եմ, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում վերջնական որոշում կկայացնենք` այս հարցի հետ կապված: Մեր երկրի համար ստրատեգիական խնդիր է նաեւ սեփական ավիափոխադրում ունենալու հարցը»:
Ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար: Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է, որ միակ մեղավորը ՀՀ կառավարությունն է ու Ռոբերտ Քոչարյանը. «Հիմա Միկա Բաղդասարովի մոտ սնանկացման պրոցես է գնում, որ շուտ փախնի էստեղից, եւ ամբողջ պարտքը մնա պետության վրա: Իսկ ՀՀ կառավարությունը պետք է ոլորտի պատասխանատվությունը վերցնի իր վրա, կառավարիչ նշանակի, չվերթերը պետականացվեն, ոչ թե ընկերությունները, այլ ուղղությունները, եւ նշանակվի փոխադրող: Կարծում եմ, որ պետք է վերականգնվի «Հայկական ավիաուղիներ»-ը: Թե չէ այսպես կամաց-կամաց ամեն ինչ կորցնելու ենք, եւ երկիրը վարի է գնալու»:
Ավելացնենք, որ այս հրատապ խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալու ակնկալիքով դիմեցինք կառավարության լրատվության բաժին, որտեղից մեզ ասացին, որ արդեն օրն ավարտվում է, եւ իրենք կկարողանան մեր հարցին պատասխանել ամենասեղմ ժամկետում՝ երեքշաբթի օրը:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս