Հաշված օրեր անց կմեկնարկի կուրսանտի առանձնակի դաժանությամբ սպանության գործի դատական քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
Ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից՝ գործը մակագրվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Արդեն հայտնել էինք, որ ինքնասպանության իմիտացիա ստեղծելու նպատակով զինծառայողները հագցրել են դաժանության զոհ դարձած համածառայակցի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, և կախել պտտաձողից: Առանձնակի դաժանությամբ սպանության մեջ որպես մեղադրյալներ են ներգրավվել նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Այն է՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանություն: Զինծառայողները կալանավորվել են: Ի դեպ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ անդրադառնալով կատարվածին՝  հայտնել է, որ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հիշեցնենք, որ նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 16-ին կալանավորվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։

Իսկ հոկտեմբերի 1-ին կուրսանտի սպանության դեպքի առթիվ հարուցվել է մեկ այլ քրեական գործ: Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական գործի նյութերով Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) նոր քրեական գործ հարուցել այն փաստով, որ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ դեպքից առաջ դեռևս հրամանատարի տեղակալ Զարմիկ Մարկոսյանը 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը պարբերաբար հանձնարարել է ենթակա համապատասխան սպաներին՝ առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, իր որդուն՝ գործժով մեղադրյալ, նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանին, ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:

Նախաքննական մարմինը որոշել է, որ դրանով իսկ արտոնյալ պայմաններ են ստեղծվել Գ. Թևոսյանի համար: Այսպիսով, Գ. Թևոսյանն արհեստականորեն ստացել է առավելություն, ինչով զինծառայողների շրջանում ստեղծվել է անհավասարության մթնոլորտ: Ի դեպ, պաշտպանական կողմի գնահատմամբ՝ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում միայն վկաների ցուցմունքների հիման վրա:




Լրահոս