ՍԱՍ-ի Արտակը Տիգրան Կարապետիչի կուսակցությունից հետո հանգրվանեց ՀՀԿ-ում ու հիմա էլ դատերի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ի դատական պրոցեսները չեն դադարում: Դեռեւս 2014 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ երկու ընկերություններ «քցել» են «Սասի Արտակ» մականունով հայտնի գործարարին, եւ վերջինս ավելի քան 6.000 դոլարը ետ ստանալու համար ընկել է դատարանի դռները: Շուրջ 1 տարի տեւած քննությունից հետո պատգամավորին պատկանող ընկերությունը դատարանից դուրս եկավ «կիսապարտված»:

Գրել էինք, որ 2014թ. սեպտեմբերի 18-ին «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ապիկոլա» ՍՊԸ-ի: Այս ընկերությունը շուրջօրյա դեղատուն է աշխատեցրել Իսահակյան փողոցում գտնվող ՍԱՍ սուպերմարկետի շենքում եւ վարձավճար չի տվել: Հիմա պատգամավորին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը պահանջում է դատարանի միջոցով «Ապիկոլա» ՍՊԸ-ից գանձել շուրջ 2 միլիոն 200 հազար դրամ:

Ավելին՝ սեպտեմբերի 29-ին ՍԱՍ-ը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի շուրջօրյա դեղատան գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է մասնակի` արգելանք դնելով միայն գույքի վրա: Այս գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են:
Տեղեկացանք, որ 2015 թվականի նոյեմբերի 15-ին Սասի Արտակին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Լոռա» ՍՊԸ-ից գանձել 385 հազար դրամ:

«Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել, որ սա միակ ընկերությունը չէ, որ խնդրի առաջ է կանգնեցրել Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին: Այս տարվա մայիսի 6-ին «ՍԱՍ գրուպը» դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի` պահանջելով 769 հազար 423 ՀՀ դրամ, ինչպես նաեւ՝ 2014 թվականի փետրվարի 3-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը օրական 0.3 տոկոս դրույքաչափով հաշվարկել տույժերը եւ դրանք եւս գանձել: Ասել է թե՝ պատգամավորին պատկանող ընկերությունը, բացի հիմնական պարտքից` 769 հազար 423 դրամ, պարտատիրոջից նաեւ տույժերը գումարելով՝ եւս մոտ 700 հազար դրամ գումար էր պահանջում:

Այս ագահ վերաբերմունքի մասին դատարանում բացատրություններ էին տվել «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ-առաքիչ Հակոբ Մարտիրոսյանը, «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերության օպերատոր Մարինե Ղազարյանը: Թամարա Ասատրյանն էլ բացատրություն էր տվել այն մասին, որ լինելով «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերության առաքման բաժնի ղեկավար՝ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության կողմից ստացել է առաքման պատվեր, որը կազմել է 769 հազար 423 դրամ: Ապրանքը դուրս էր գրվել ընկերությունից, սակայն պարտավորությունը չէր կատարվել:

Արդյունքում, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը հոկտեմբերի 15-ին վճռեց պատգամավորին պատկանող ընկերության հայցը բավարարել մասնակի: «Ալֆա» հեռուստաընկերությունը դատարանի պահանջով պատգամավորին պատկանող ընկերությանը պետք է վճարի միայն մատակարարված ապրանքների վճարման ենթակա 769 հազար 423 դրամ, իսկ ագահության արդյունքում հաշվարկված ու պահանջված տոկոսադրույքների մասով հայցը մերժվեց:

Ահա, այսպես Արտակ Սարգսյանը աջ ու ձախ դատի տալով՝ իր կարողություններն է ապահովում, որպեսզի հասցնի Սերժ Սարգսյանի տված հանձնարարականները ապահովել եւ ըստ անհրաժեշտության հաճոյանալ նրան:

Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը քաղաքական ասպարեզ մտավ «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ, ու երբ ՕԵԿ-ը ընդդիմադիր դիմակ հագավ, նա դավաճանեց ՕԵԿ-ին ու հեռացավ: Երկար ժամանակ քաղաքականապես «անտեր» վիճակում էր, մինչեւ ասպարեզ եկավ Տիգրան Կարապետյանը` իր ԱԼՄ-ով ու ժողովրդական կուսակցությունով: Այդ ժամանակ Արտակ Սարգսյանը հանգրվանեց Կարապետիչի մոտ, սակայն այլեւս պատգամավոր չընտրվեց: Մնաց «կոտրած տաշտակի» առաջ: Եւ այդ ժամանակ նրա մոտ «նժդեհական» հակումներ առաջ եկան, եւ ՍԱՍ-ի Արտակը դարձավ հանրապետական` ստանալով նաեւ պատգամավորի մանդատ: Իսկ հիմա էլ «օրումեջ» դատարաններում է:

Քնար Մանուկյան




Լրահոս