ԼԵՎՈՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԿՄԵԾԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում Վլադիմիր Կրամնիկը սեւերով պարտվեց Վասիլի Իվանչուկին եւ Կարլսենի հետ վաստակեց 8.5-ական միավոր: Իսկ Կարլսենը վերջին տուրում պարտվեց Պյոտր Սվիդլերին:
Հավասար արդյունքի պայմաններում Կարլսենը գրավեց առաջին տեղը, քանի որ մրցաշարում տարել էր 5 հաղթանակ, իսկ Կրամնիկը` ընդամենը 4: Լեւոն Արոնյանը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը: Վերջին տուրում Արոնյանը պարտության մատնեց Թեյմուր Ռաջաբովին: 8 միավոր վաստակեց նաեւ Պյոտր Սվիդլերը, որն Արոնյանի հետ առաջին շրջանում խաղացել էր ոչ-ոքի, իսկ երկրորդ շրջանում պարտության էր մատնել հայ գրոսմայստերին: Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի դեմ չեմպիոնական մրցախաղը տեղի կունենա հաջորդ տարի:
Լեւոն Արոնյանի ելույթների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանի հետ:
-Մրցաշարից առաջ էլ պարզ էր, որ հիմնականում այդ երեքն էին պայքարելու հաղթանակի համար: Իհարկե, Լեւոնը կարող էր հաղթել, թե ինչը խանգարեց, դա իրենից լավ ոչ ոք չի կարող ասել, եւ չարժե ինչ-որ ենթադրություններ անել:
-Կարլսենը, երեւի կատակով, նշել էր. «Արոնյանի օրինակով մրցաշարի ժամանակ բժիշկ ունենալու մասին չեմ մտածել: Բայց այս անգամ բժիշկն Արոնյանին չօգնեց: Հնարավոր է՝ ապագայում ինձ եւս անհրաժեշտ լինի»:
-Դա կատակի թեմա չէ. ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ իր օրգանիզմն ամենալավն է ճանաչում, ու եթե նա կարծում է, որ իրեն բժիշկ է հարկավոր, ուրեմն պետք է բժիշկ լինի:
-Ոմանց մոտ այնպիսի տպավորություն է, որ Լեւոնը երբեմն անլուրջ է մոտենում, կարծես չի տրամադրվում պայքարի կամ էլ ցանկանում է ինչ-որ յուրահատուկ բան անել…
-Սա այն մրցաշարը չէ, որին ինչ-որ մեկը կարող է անլուրջ մոտենալ, առավել եւս` Լեւոնը: Նրան տեսա մրցաշարից առաջ, մի քիչ խոսեցի եւ շատ լավ գիտեմ, թե ինչպես էր տրամադրված:
-Ըստ Ձեզ` տարեցտարի Լեւոնի հաղթելու հնարավորություններն ավելանո՞ւմ, թե՞ պակասում են: Չէ՞ որ նոր սերունդ է գալիս:
-Չեմ կարծում, որ հաղթելու հնարավորությունները պակասում են: Եթե ուշադիր հետեւեք վերջին տարիների պայքարին, հատկապես մարզական առումով մեծ նշանակություն ունեցող մրցաշարերին, ապա կնկատեք, որ տոն տվողները` Անանդը, Գելֆանդը, Կրամնիկը, Իվանչուկը, 40-ին մոտ են: Իհարկե, երիտասարդանալու գործոնը կա շախմատում, բայց երբ խոսում ենք բարձրագույն արդյունքների մասին, այդտեղ փորձը շատ մեծ դեր է խաղում, եւ Լեւոնը դեռ 10 տարի կարող է աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել: Կարծում եմ` եթե ճիշտ հետեւություններ անի, նրա հնարավորությունները գնալով կմեծանան: Կարլսենից բացի, չեմ տեսնում նրանց, ովքեր Լեւոնին մոտակա ժամանակում կարող են շրջանցել:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս