Ինչո՞ւ է լռում ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, որ շատերի կարծիքով, ներկայիս կառավարության անդամներից ամենաձախողված անդամն է, չի դադարում զարմացնել հասարակությանը: 
Բանն այն է, որ Նալբանդյանը  ընդունել է Ս.Սարգսյանի երդմնակալության կապակցությամբ Երեւան ժամանած Սլովակիայի ԱԳ նախարարության պատվիրակությանը, որի կազմում է եղել նաեւ Հայաստանում, Ադրբեջանում եւ ՌԴ-ում Սլովակիայի հանրապետության դեսպան Յոզեֆ Միգաշը: ՀՀ-ում եւ Ադրբեջանում միաժամանակ դիվանագիտական առաքելություն իրականացնող այս անձնավորության այցը Երեւան ու հանդիպումը ԱԳ նախարարի հետ ուշագրավ է այն առումով, որ վերջերս նա հայտնվել էր լուրջ սկանդալի կիզակետում: Ի պատասխան ադրբեջանական հարցումների, նա հայտարարել էր, թե Սլովակիայում չկա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այս փաստը բացահայտել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը, որը նաեւ նամակ էր ուղարկել նրան` կից ներկայացնելով Սլովակիայի օրենսդրությունը: Բայց` այդ նամակը մնացել էր անպատասխան:
Այնինչ, Սլովակիայի քրեական օրենսգրքի լրացման 424ա հոդվածում հստակ նշված է` քրեական պատիժ է սահմանվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ժխտում են Հոլոքոստը, ցեղասպանությունները, ֆաշիզմի եւ կոմունիզմի արհավիրքները եւ մարդկության դեմ գործած ոճիրները: Ավելին, Հայոց ցեղասպանության շուրջ Սլովակիայում 2004թ-ին ընդունվել է թիվ 1334 բանաձեւը, որը հայտարարել է այն որպես ոճիր ընդդեմ համայն մարդկությանը, միակն է: Բացի այդ, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը բազմիցս Բրատիսլավայում, Սանկտ Պետերբուրգում, իսկ անցյալ տարի հոկտեմբերին նաեւ Երեւանում հայտարարել է, որ ՔՕ-ի 424ա հոդվածը ստեղծվել է լրացնելու Հոլոքոստը ժխտողների դեմ գործող օրենքը, հատկապես ցեղասպանությունների եւ այդ թվում Հայոց ցեղասպանության մասով:
Այնինչ, ՀՀ-ում եւ Ադրբեջանում միաժամանակ դիվանագիտական առաքելություն իրականացնող անձն իրենց երկրի օրենսդրության վերաբերյալ ադրբեջանցիներին այլ տեղեկություններ է փոխանցել, ընդ որում` սուտ, հայկական կողմին` այլ: Նկատենք, որ սա ամենեւին էլ հասարակ դեպք չէ. իր մեջ այն քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում: Ավելին, տեսակետ կա, որ Միգաշն ընդհանրապես աչքի է ընկնում իր ադրբեջանամետ պահվածքով ու սնվում ադրբեջանական լոբբիից:
Թվում էր` այս պատմությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն կհետաքրքրվեր կատարվածով, պարզաբանումներ կպահանջեր: Մանավանդ, որ Է.Նալբանդյանը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին, որի պատվիրակության կազմում է եղել նաեւ դեսպան Միգաշը: Համենայն դեպս, տրամաբանությունը հուշում է, որ պետք է ՀՀ-ում Սլովակիայի դեսպանից նախարարը հետաքրքրվեր` իրո՞ք նա ադրբեջանցիներին նման տեղեկատվություն է ներկայացրել եւ ի՞նչ նպատակով: Բայց Նալբանդյանը կարծես թե այդ թեմային չի անդրադարձել: Այս մասին լռում է նաեւ Սլովակիան:
Միայն ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. “Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի իշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար եւ կարևորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը”:
Հետո ինչ` կհարցնեք: Հետո այն, որ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր էր որեւէ անդրադարձ կատարել այս հարցին: Մանավանդ, որ Հայաստանը Սլովակիայի հանրապետությունում ունի իր դեսպանությունը. այն տեղակայված է Պրագայում, իսկ դեսպանը Տիգրան Սեյրանյանն է: Բացի այդ, ՀՀ արտաքին գերատեսչությանը տարեկան 10մլրդ 620մլն դրամ է հատկացվում պետական բյուջեից, եւ այդ գումարի մեծ մասն ուղղվում է հենց դեսպանատներին:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս