ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՀԱՃ ՎԻՃԱԿ
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ը հայտնվել էր անհարմար իրավիճակում. ճեպազրույցը տեւեց ընդամենը 7 րոպե, որովհետեւ ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանի ներածական ելույթից հետո ոչ մի լրագրող այդպես էլ հարց չտվեց: Ի դեպ, ՕԵԿ ներկայացուցիչներին նախորդ գումարման խորհրդարանում եւս լրագրողները որեւէ հարց չէին տվել, ինչից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը զայրացած հեռացել էր բրիֆինգների սրահից:

ԷԼԻ ՄԵՋ ԸՆԿԱՎ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում ՀՀ քաղաքացիների համապետական ժողով գումարել, որպեսզի «հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու»  ուղղությամբ ջանքերը մեկտեղվեն: «Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու եւ մեկուսացնելու վերաբերյալ: Ուստի ապրիլի 9-ին Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, ովքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել եւ չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահմանելու եւ ընդունված որոշումներն ի կատար ածելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

ՀԱՐՈՒՍՏ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԸ
«Իլուր»-ն ուսումնասիրել է  Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու՝  Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակում ընդգրկված Դավիթ Սեդրակյանի՝ ԿԸՀ ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագիրը եւ պարզել,  որ 28-ամյա, չաշխատող երիտասարդի դրամական միջոցները կազմում են 200 միլիոն դրամ (շուրջ կես միլիոն դոլար): Բացի այդ, պատգամավորի որդին հայտարարագրել է ընդհանուր 5,16 հեկտար մակերեսով 7 հողամաս Երեւանում, հիմնականում՝ Էրեբունիում, Ծաղկաձորում եւ միանձնյա սեփականության եւս 5 շինություն: Հայտնի է նաեւ, որ 28-ամյա գործազուրկը երթեւեկում է առնվազն 400 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce Pahntom մակնիշի ավտոմեքենայով, որը, սակայն, ընդգրկված չէ նրա գույքի հայտարարագրում:   

ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
«Կարելի է քննադատել իշխանությանը, սակայն նախագահի երդմնակալությանը ներկա լինել, մասնակցելն ու քննադատությունն իրար հետ կապ չունեն»,-երեկ ասել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, որոնք զբաղեցնում են Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ եւ երրորդ տեղերը, մասնակցել են երդմնակալությանը, թեեւ ԲՀԿ-ն հանդես է գալիս իշխանությունների քննադատությամբ: «Ընդդիմության ողջ իմաստն այն է, որ, լինելով ընդդիմադիր, կարողանա երկխոսություն ծավալել իշխանության հետ եւ աշխատել: Այն ընդդիմությունը, որը չի կարողանում խոսել իշխանության հետ, արդյունավետ չէ»,-պարզաբանել է Օսկանյանը:




Լրահոս