Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ա1+»-ի լրագրողի բողոքը. «Լրագրողների միավորում»-ը հանդես է եկել կոչով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանն մերժեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի և նրա ներկայացուցիչների բողոքը: Դատարանն օրինական համարեց առաջին ատյանի դատարանի ակտը, սակայն լրագրողը պահանջում էր բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը և պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը, առ այն, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրող Մարինե Խաչատրյանի ձեռքին, գետնին գցել տեսանկարահանող սարքը։

ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է ցանկացած ոտնձգություն և խոչընդոտում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացման նկատմամբ: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի դատական համակարգին չնպաստել անպատժելիության մթնոլորտի տարածմանը, որը կնպաստի Հայաստանում խոսքի ազատության հետընթացին և պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող անձանց` անկախ պաշտոնից:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն




Լրահոս