ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՐՁԵԼ ԵՆ ՈՒՇԱԹԱՓ ԱՆԵԼ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը որդու վրա կատարված հարձակման հետ կապված երեկ պատմել է. «Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել»: Վերջինիս տեղեկացմամբ՝ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, 4 դիմակավորված եւ առայժմ անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա: Հարձակվողները փախուստի են դիմել միայն այն բանից հետո, երբ պատգամավորի հարեւաններից մեկը, լսելով աղմուկը, միացրել է լույսը: Ախոյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ կատարվածը բացառապես գողության նպատակով էր եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չէր կարող ունենալ:

ԷԼԻ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
Ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ստորագրած հրամաններով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ: Մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Նշենք, որ մինչ այդ Գ. Ավետիսյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴՐԻԱՍԸ
Ադրբեջանական ոստիկանությունը երեկ՝ առավոտյան, ձերբակալել է նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունեցող իրավապաշտպան Վիդադի Իսքենդերլիին: Վերջինս ձերբակալվել է Տեխնիկական համալսարանի մոտ, երբ ոստիկանությունից պահանջել է վերջ դնել ճանապարհն անցնող ուսանողների ձերբակալմանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 16-ին:

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
«168 ժամ»-ը տեղեկացնում է, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում, ըստ էության, սկանդալային փաստ է արձանագրվել: Իրեն արմատական ընդդիմություն որակող կուսակցության վարչության անդամ է դարձել «Արմենիա» բժշկական կենտրոնի  (Հանրապետական հիվանդանոց) տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 1991թ.-ից: Ի դեպ, ՀԱԿ վարչության կազմում է ընդգրկվել նաեւ այդ հիվանդանոցի բաժնետեր համարվող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ հիվանդանոցի ամենամեծ բաժնետերը համարվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

ԲԱԽՏԻՅԱՐԻ ԲԱԽՏԻՆ
Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան վիճել է իր սիրեցյալ Բախտիյար Սալիմովի նախկին կնոջ հետ: «7 Պվպռ»-ի տեղեկացմամբ՝ Սալիմովի նախկին կնոջ՝ Նատալյա Գանկեւիչի մեղադրանքին ի պատասխան, թե Վոլոչկովան կործանել է իր եւ Բախտիյարի ամուսնությունը, Անաստասիան Twitter-ում գրել է. «Այնքան տարօրինակ է, երբ իմ սիրեցյալների նախկին կանայք փորձում են «պարզություն» մտցնել իմ անձնական կյանքում… Շտապեմ ընդգծել, որ մեր հանդիպման առաջին իսկ օրը Բախտիյարն ինձ տեղեկացրեց, որ իր անձնական կյանքում այլեւս ոչ ոք չկա»: Հուսանք՝ բազմազավակ ընտանիքի հայր Տարոն Մարգարյանը Վոլոչկովային կրկին Երեւան հրավիրելուց առաջ լավ կմտածի` Բախտիյարի բախտին չարժանանալու համար:




Լրահոս