Դիտորդական առաքելությամբ ՀՀ ժամանած խմբի անդամները հանդիպել են Հերմինե Նաղդալյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը դիտարկելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ ՄԽՎ դիտորդները՝ Ակրամշո Ֆելալիեւի ղեկավարությամբ:

Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած խմբի անդամները դեկտեմբերի 5-ին հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարթակներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը, սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր, կարեւորել առաջիկա հանրաքվեի արդար, թափանցիկ, ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ԱՊՀ ՄԽՎ դիտորդների կողմից դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, Երեւանում եւ հանրապետության մարզերի ընտրատեղամասերում իրականացվելիք մշտադիտարկման աշխատանքներին:

Նույն օրը ԱՊՀ ՄԽՎ դիտորդների հետ հանդիպել են նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Դավթյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Այնուհետեւ դիտորդների հետ հանդիպել են նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քարոզարշավի ընթացքին եւ ժամանակահատվածին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ազատ եւ թափանցիկ ընտրության անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը: ԱԺ պատգամավորները հյուրերին ներկայացրել են նախընտրական գործընթացի, մասնավորապես առաջիկա հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ իրենց մոտեցումներն ու մտահոգությունները:

Քննարկվել են խորհրդարանական կառավարման մոդելին եւ դրա առանձնահատկություններին առնչվող հարցեր:

Հանդիպումների ավարտին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության ղեկավար Ակրամշո Ֆելալիեւը հանդես է եկել մամլո ասուլիսով:




Լրահոս