Արդյո՞ք հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ այլևս փողոց դուրս չեն գա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հասարակությունում կան հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, ովքեր հասարակության համար լուրջ վտանգ են ներկայացնում, մինչդեռ նրանք ազատ շրջում են փողոցում: Եւ, ահա, ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կհաստատի շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը:

Տեղեկացնենք, որ շուրջօրյա խնամքի տունը պետական աջակցությամբ ծրագրեր իրականացնող հաստատության տեսակ է: Այն խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման շրջանակում նախատեսված է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց (ՀԱԽՈՒ) մշտական կամ ժամանակավոր բնակության համար:
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ այսպես կստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ՝ հոգեբուժական խոշոր հաստատությունների բեռնաթափման համար, ինչը թույլ կտա այդ հաստատություններն աստիճանաբար փոխարինել այլընտրանքային ծառայություններով:

Նշենք, որ շուրջօրյա խնամքի տունը նախատեսված է ոչ ավելին, քան ՀԱԽՈՒ տասնվեց անձանց միաժամանակյա բնակության համար: Այստեղ, խնամվողի հաշվարկով, չի կարող պակաս լինել 6 քմ-ից: Յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավել, քան երկու ՀԱԽՈՒ անձ: Շուրջօրյա խնամքի տանն ընդունում եւ խնամք են տրամադրում 18 տարին լրացած ՀԱԽՈՒ այն անձանց, որոնք ամբողջովին կամ մասամբ պահպանել են իրենց կենցաղային հմտությունները եւ ինքնուրույնությունը, ունեն հասարակությանը ինտեգրման կարիք, սակայն չունեն իրենց մշտական բնակավայրում բնակվելու հնարավորություն. չունեն ընտանիք, կամ ընտանիքը չի կարող, չի ցանկանում ապահովել նրանց խնամքը: Շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձանց տրամադրում է՝ անհրաժեշտ կահույք, հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն, անկողնային եւ անձնական հիգիենայի պարագաներ:

Իսկ դուրսգրումը կատարվում է ՀԱԽՈՒ անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի, ՀԱԽՈՒ անձի ընտանիքի անդամի գրավոր դիմումի հիման վրա՝ ՀԱԽՈՒ անձին ընտանիք վերադարձնելու ցանկության եւ նրա գրավոր համաձայնության դեպքում: Նաեւ ՀԱԽՈՒ անձի մահվան դեպքում: Նկատեցիք` հոգեկան խնդիրներ ունեցող անձը կարող է դիմում գրել եւ խնդրել իրեն դուրս գրել խնամքի կենտրոնից: Սա բավականին խոցելի կետ է, քանի որ նպաստում է հոգեկան խնդիրներ ունեցողների փողոց դուրս գալուն:

Հ.Գ. Ի դեպ, եթե հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ չունեն համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ իրենք հասարակության համար վտանգ են ներկայացնում, այս դեպքում միայն հանձնաժողովային զննումից հետո է գործն ուղարկվում դատարան: Եւ միայն դատարանն է իրավասու անձին ոչ հոժարակամ հոսպիտալացնել:
Իսկ թե որ հիվանդի դեպքում ինչքան ժամանակ հարկավոր կլինի դատարանին` որոշելու` այդ անձը պետք է մեկուսանա՞ հասարակությունից, թե՞ ոչ, անհայտ է: Եվ ամենեւին բացառված չէ, որ մինչեւ դատարանի որոշումը հիվանդը կարող է իր ձեռքով սպանել հարազատ երեխաներին կամ ծնողներին: Իսկ թե որքանով խնամքի տների ստեղծումը կնպաստի այս վտանգավոր խնդրի լուծմանը, դեռեւս անհայտ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս