ԴՈՒՐԳԱՐՅԱՆԸ ՄՏԱԾՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ օրեր առաջ մշակույթի նախարարությունում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշում է կայացվել: Արդեն հայտնի է, որ փոփոխությունը տեղի է ունեցել գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով:

Մենք թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահագն Զաքարյանից հետաքրքրվեցինք` ինչ հիմքի վրա է կայացվել թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին որոշումը եւ խնդրեցինք ներկայացնել կոնկրետ պատճառաբանություն: Բաժնից մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ կառուցվածքային փոփոխությունները միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը:
«Ժողովուրդ»-ը Վահագն Զաքարյանից փորձեց ճշտել` այսինքն` Կարեն Դուրգարյանը թերացե՞լ է իր գործում. «Գեղամ Գրիգորյանը կարծում է, որ ստեղծագործական մասով կան թերացումներ, ու հիմա ինքն առաջարկում է դրանք բարելավելու մեխանիզմներ եւ մոտեցումներ: Ըստ նրա` վերջին 5-6 տարիներին թատրոնում ստեղծագործական առումով չի կատարվել բավարար չափով աշխատանք, եւ կարծում է, որ համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կա»,-պատասխանեց նա:
Նաեւ հարցրեցինք` գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու արդյունքում թատրոնում ի՞նչ է փոխվում, թատրոնն ինչո՞վ է շահում, բացի այդ՝ հաստիքը վերացնելու որոշումը կայացնելու թեման քննարկվե՞լ է արդյոք որեւէ խորհրդում. թատրոնում հատուկ խորհուրդ կազմվե՞լ է, թե՞ ոչ (եթե այո, ովքեր են եղել խորհրդի կազմում): Վ. Զաքարյանը նշեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցերին եւ առաջարկեց զրուցել Գեղամ Գրիգորյանի հետ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ թատրոնի տարածած պաշտոնական պատասխանում ամեն բան ասված է: Մենք հակադարձեցինք` տեղեկացնելով, որ ունենք հավելյալ հարցեր, իսկ գեղարվեստական ղեկավարն ընտրեց ամենահեշտ ուղին. պարզապես կախեց հեռախոսը:
Այնինչ՝ մենք ունեինք եւս մի շարք «մութ հարցեր», որոնք կցանկանայինք ուղղել հենց Գեղամ Գրիգորյանին: Թատրոնից մեզ ուղղված պաշտոնական պատասխանում ասվում է. «Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար»:
Այս պարագայում հարց է ծագում` երբ Կարեն Դուրգարյանը 2001թ-ին դարձել է Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, տարիներ շարունակ աշխատել է Գեղամ Գրիգորյանի հետ (Գեղամ Գրիգորյանն օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար է եղել շուրջ 9 տարի եւ աշխատանքից ազատվել է 2008-ին՝ իր դիմումի համաձայն: Դրանից հետո` մինչեւ 2015թ. նրա վերանշանակումը, թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունեցել), ինչո՞ւ երբեւէ վերջինիս մտքով չի անցել կրճատել գլխավոր դիրիժորի հաստիքը, եւ միայն նոր է նրա մոտ հղացել այդ գաղափարը:
Հաջորդ «մութ հարցը». ինչո՞ւ գլխավոր դիրիժորի հաստիքի վերացման հարցը լուծվեց նման աննախադեպ հապճեպ կերպով: Տնօրինությունն ինչո՞ւ է այդքան շտապում:
Նախ` հաստիքը վերացնելու վերաբերյալ թատրոնի ուղարկած ծանուցագիրը Դուրգարյանը ստացել է ընդամենը օրեր առաջ: Այնինչ՝ «Աշխատանքային օրենսգրքի» 115-րդ հոդվածը սահմանում է. «Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը 1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ»: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը»:
Թատրոնից տեղեկացրեցին, որ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է: Այսինքն` նա ավտոմատ կերպով գործից ազատվել է, եւ թատրոնը պարտավորվում է նրան վճարել համապատասխան տուգանք. «Թատրոնի եւ Կարեն Դուրգարյանի միջեւ դադարեցվել է աշխատանքային պայմանագիրը: Համապատասխան օրենքի համաձայն՝ բոլոր հարցերն արդեն լուծված են: Աշխատավարձի եւ աշխատանքային այլ պայմանների վերաբերյալ տվյալներ տրամադրվում են միայն աշխատողի համաձայնությամբ: Ըստ աշխատանքային օրենսգրքի` մենք իրավունք չունենք հրապարակելու նման տվյալներ»,-տեղեկացրեց Վ. Զաքարյանը:
Թեեւ տուգանքի չափի մասին տվյալներ չեն հաղորդվում, ծագում է հաջորդ հարցը` արդյո՞ք թատրոնը, որը նոր նախագծեր իրականացնելու համար հովանավորներ է փնտրում, պատրաստ է վճարել այդ գումարը: Փաստորեն պատրաստ է:
Մենք մի շարք հարցեր ունենք նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանին: Օրինակ` հետաքրքիր է, եթե նույնիսկ Գեղամ Գրիգորյանը հանդես է եկել դիրիժորի հաստիքը վերացնելու առաջարկով, թատրոնի տնօրենը արդյո՞ք ուսումնասիրել է աշխարհի թատրոնների փորձը: Չէ՞ որ աշխարհի առաջատար թատրոններից եւ ոչ մեկում նման բան լինել չի կարող: Կարող է լինել հակառակը, որ թատրոնը չունենա գեղարվեստական ղեկավար, բայց ունենա գլխավոր դիրիժոր. այսինքն` գլխավոր դիրիժորը նաեւ գեղարվեստական ղեկավարն է: Սակայն այսպիսի նախադեպն, իսկապես, արտառոց է: Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել նաեւ Ա. Արզումանյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` առաջարկելով դիմել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուին:
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հարցումով դիմել էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարությանը` հասկանալու համար, թե ինչ մասնակցություն է ունեցել վերջինս վերոնշյալ որոշման գործում: Սակայն նախարարությունից խուսափեցին մեզ որեւէ պատասխան տալ: Փոխարենը նախարարությանը «օգնության հասան» տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` մեկնաբանելով, որ դա թատրոնի ներքին կանոնադրության խնդիրն է, նախարարությունը դրա հետ կապ չունի:
Փորձեցինք թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ Կարեն Դուրգարյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Դուրգարյանն արդեն մտածում է արտագաղթելու մասին: Դիրիժորը, ով բազմիցս մի շարք գայթակղիչ առաջարկներ է ստացել արտերկրից, հիմա մտածում է դրանք ընդունելու մասին: Ու բոլորովին զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց՝ Դուրգարյանին «լիկվիդացնելուց» հետո, Գ. Գրիգորյանը որոշի վերականգնել գլխավոր դիրիժորի հաստիքը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԵՐՈՒՅՔԸ
Երերույքի տաճարի վերականգնումն ու պահպանումը պետք է ներառի ոչ միայն զուտ տաճարի շինությունը, այլ նաեւ համալիրի տարածքն ընդգրկող բնակավայրը: Այս մասին «Արմենպրես»¬ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը: «Երերույքի վիճակն այդքան էլ վատ չէ, որքան ներկայացվում է, բայց, այնուամենայնիվ, վերականգնման որոշակի աշխատանքների կարիք կա, քանի որ սխալ է դիտարկել միայն տաճարական շենքը. այն համալիրի ընդամենը 40%¬ն է կազմում», ¬ ասել է Համազասպ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Եվրոպա նոստրա» եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպության եւ «Եվրոպական ներդրումային բանկ» ինստիտուտի կողմից 14 հուշարձանների եւ տեսարժան վայրերի ցանկը, 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընդգրկելուց հետո, Վենետիկում մարտի 16¬ին կկայանա հրապարակային միջոցառում: Եթե Երերույք հնագիտական հուշարձանը եւ Անի¬Պեմզա գյուղը ի վերջո ներառվեն «7 առավել վտանգված» հուշարձանների շարքում, «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը, իր մանդատի լոբբինգի միջոցով դիմելով բազմազան հիմնադրամներին, կաջակցի հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ միջոցների հայթայթման գործին:

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Փոփի թագուհին վերստին աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել: Մի քանի օր առաջ նա Մանչեսթերում հերթական համերգն էր տվել:
Բացի այն, որ համերգն ուշ էր սկսվել, Մադոննան այն ժամանակից շուտ էր ավարտել։ Իր եզրափակիչ խոսքում, պատասխանելով երկրպագուների դժգոհություններին, Մադոննան բոլորին կոչ էր արել «փակել իրենց բերանները» ու նրանց անվանել էր «տականքներ»: Ավելի ուշ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել՝ բացատրելով, որ իր տրամադրությունը փչացել էր տեխնիկական խնդիրների պատճառով, որոնց հետեւանքով էլ համերգն ուշացած էր սկսվել:

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Վեց տարի առաջ կյանքից հեռացած փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հայտնի Thriller երաժշտական ալբոմը դարձել է պատմության մեջ առաջին ձայնասկավառակը, որն ԱՄՆ-ում վաճառվել է 30 մլն օրինակով: «RIAA-ն ձայնասկավառակներին շնորհում է «ոսկե» եւ «պլատինե» կարգավիճակներ արդեն 60 տարի, սակայն սա պատմության մեջ առաջին անգամ է, երբ ալբոմն անցել է 30 մլն նմուշի սահմանը»,- ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:




Լրահոս