Կարեն Դուրգարյանը չի արտագաղթել. որտե՞ղ է օպերայի թատրոնի նախկին գլխավոր դիրիժորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։ Սա աննախադեպ որոշում էր մի պարզ պատճառով՝ աշխարհում չկա մի այնպիսի օպերային թատրոն, որ չունի գլխավոր դիրիժորի հաստիքը։

Նախկին գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի պաշտոնաթողությունից հետո լրատվամիջոցներում սկսվեցին ինտենսիվ լուրեր տարածվել այն մասին, որ նա արտագաղթել է Հայաստանից՝ ապաստան գտնելով այլ երկրում: Լուրի իսկությունը ArmLur.am-ը փորձեց ճշտել Կ. Դուրգարյանի եղբորից՝ Վրեժ Դուրգարյանից:

-Պարո՛ն Դուրգարյա՛ն, ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Կարեն Դուրգարյանն արտագաղթել է: Որտե՞ղ է նա այս օրերին:

-Կարենը չի արտագաղթել և երբևէ մտադրություն չի ունեցել արտագաղթելու: Եթե նա արտագաղթելու մտադրություն ունենար, դա կաներ այն ժամանակ, երբ տարիներ առաջ օպերայում 18-20 հազար դրամ աշխատավարձով էր աշխատում: Մնացել է իր երկրի մշակույթի համար ծառայելու: Թեպետ այդ ժամանակ բազմաթիվ առաջարկներ է ունեցել տարբեր երկրներից: Նա այս պահին հյուրախաղերի է արտասահմանում: Նախկինում էլ միշտ աշխատել է պայմանագրով և պարբերաբար տարբեր երկրներում գործունեություն է ծավալել: Ցանկացած պրոֆեսիոնալ և պահանջված դիրիժոր պայմանգրով աշխատում է արտասահմանում: Ես հպարտ եմ, որ Կարենի պես եղբայր ունեմ, ով առանց «պապայի շնորհքի» արժանացել է վաստակավոր արտիստի կոչմանը, պարգևատրվել է Մովսես Խորանացու մեդալով: Հպարտ եմ, որ Կարեն Դուրգարյանն ունեցել է այնպիսի ծնողներ, որոնց դաստիարակության շնորհիվ նրան սիրեց ողջ երկիրը:

Հիմա լուրեր են պտտվում, որ Կարեն Դուրգարյանին կփոխարինի, այսպես ասած, աշխարհահռչակ իտալացի դիրիժոր: Ես, իհարկե, պրոֆեսիոնալ չեմ, սակայն կարծիք կհայտնեմ՝ եթե օտարերկրացի այդ դիրիժորն իսկապես պրոֆեսիոնալ լիներ, կմնար և իր երկրի գլխավոր դիրիժորը կլիներ: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ Կարենն ավելի մեծ գործունեություն է տարածել Իտալիայում, քան նշված իտալացի դիրիժորը: Կարենի պես դիրիժոր ունենալու համար Հայաստանին շատ մեծ գումարներ անհրաժեշտ կլինեն:

-Պարո՛ն Դուրգարյան, «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ Կարեն Դուրգարյանին առաջարկ արվել է՝ շարունակելու գործունեությունը թատրոնում… Նա հրաժարվե՞լ է ընդունել առաջարկը:

-Անդրանիկը մեր ընտանիքի ընկերն է, մեզ համար հարազատ մարդ: Սակայն պետք է նշեմ, որ յուրաքանչյուր տնօրեն պետք է կարողանա գնահատել իր լավագույն կադրերին և անի ամեն բան նրան չկորցնելու համար՝ միաժամանակ չլսելով կողքինների սխալ հորդորները: Նախ պետք է հայտնեմ, որ թատրոնից Կարենին նամակ էր ուղղվել և ասվում էր, որ 3 օրվա ընթացքում պետք է պատասխանի: Կարենն, իհարկե, արագ արձագանքել է նամակին՝ հարց ուղղելով, թե ինչու գլխավոր դիրիժորի հաստիքը վերացվեց: Այս հարցի պատասխանը, սակայն, մինչ օրս նրան չի տրվել: Եվ, թերևս, շատ ավելի բարեխիղճ կլիներ հայտնել, որ գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու որոշում է կայացվել կամ կանոնադրություն է փոխվել: Ավելին, եթե Կարենը սահմանված ժամանակում պատասխանել է նամակին, այդ դեպքում ինչո՞ւ հեռացվեց:

-Գուցե, պարզապես հասկացել են, որ գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտությունը չկա՞:

-Ես պետք է կրկնեմ, որ մասնագետ չեմ, սակայն պետք չէ պրոֆեսիոնալ լինել՝ հասկանալու համար մի պարզ և տրամաբանական իրողություն. գլխավոր դիրիժորի հաստիք չլինելը նման է այսպիսի մի բանի՝ ենթադրենք օպերայի տնօրենին հայտնում են, որ մշակույթի նախարարություն այլևս չկա, և հանրապետության մյուս բոլոր նախարարությունները պետք է տնօրինեն թատրոնը: Որքանո՞վ է սա խելքին մոտ: Հիմա միանշանակ յուրաքանչյուր դիրիժոր նվագողներին խորհուրդներ է տալիս, իր դիտարկումներն է անում, սակայն պետք է, չէ՞, լինի գլխավոր մեկը՝ քաոսային և անկառավարելի իրավիճակից խուսափելու համար: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

-Նախարարությունից չեն բացառում, որ հաստիքը կարող է վերականգնվել…

-Դե, եթե վերականգնվի, ուրեմն՝ որոշում կայացնողը հասկացել է, որ սխալ որոշում է կայացրել…

-Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Դուրգարյանը:

-Կարեն Դուրգարյանը չի նեղվում, չի մտահոգվում… Նա պահանջված է, բազմաթիվ առաջարկներ է ստացել տարբեր երկրներից: Կարեն Դուրգարյանը Հայաստան վերադառալուն պես կպատասխանի բոլոր լրատվամիջոցների հարցերին՝ կապված թե՛ նախարարության, թե՛ տնօրենի սխալների մասին հարցերին: Ամեն ինչի համար նա վերջնական պատասխանները կտա:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս