ՈՐԴՈՒ ԴԻՆ` ՀՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակից Աբրամ Գեղամյանը եւ տեղեկացրել, որ իր ղեկավարը՝ ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանը, մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից ու չի պատասխանում հեռախոսազանգերին: Որոշ ժամանակ հետո ոստիկանությունը Կորյուն Հարությունյանի դին գտել է  Հրազդանի տարածքում գտնվող գերեզմանատանը` հրազենային մահացու վնասվածքով: Առայժմ  դժվար է հստակ ասել` ոստիկանապետն ինքնասպան է եղել, թե նրան սպանել են:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` Կորյուն Հարությունյանի դին հայտնաբերվել է իր հոր գերեզմանի մոտ կայանված «Nissan» մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ավտոմեքենայում՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հարությունյանի ձեռքին եղել է «TT» տեսակի ատրճանակ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 50-ամյա Կորյուն Հարությունյանը որոշ ժամանակ առաջ հեռացվել էր ոստիկանության համակարգից: Նա ի սկզբանե աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, հետո հեռացվել համակարգից, ապա 2013-ի ապրիլի 19-ին նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: Հրազդանի բնակիչների պատմելով` Հարությունյանը իր` գործից հեռացման ու նշանակման հետ կապված մշտապես բողոքներ է ունեցել, բայց թե որոնք են կոնկրետ պատճառները, հայտնի չէ:
Մեր տեղեկություններով` նախօրեին Նաիրիի ոստիկանապետը  զանգահարել է տուն ու ասել, որ ինքը գործից հետո գնալու է աներոջ ծնունդին: Սակայն այդ հեռախոսազանգից հետո վերջինս չի պատասխանել հարազատների զանգերին, եւ միայն առավոտյան ոստիկանների օգնությամբ հարազատները կարողացել են գտնել ոստիկանապետի դին:
Կ. Հարությունյանն ապրում էր Հրազդան քաղաքի Միկրոշրջան կոչվող թաղամասում: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ նա տանից ոչ թե մեկ օր է բացակայել, այլ ավելին, հարազատները մի քանի օր նրան էին փնտրում: «Մենք ինչքան գիտենք, Կորյունի աներոջ որդին արդեն երկու օր է` բոլորին հարցուփորձ էր անում, թե արդյոք Կորյունին չեն տեսել: Ահագին ժամանակ էր՝ իրենց հարազատներով իրան էին ման գալիս, իսկ որ զանգում էին Կորյունին, նա զանգերին չէր պատասխանում: Տենց էլ չկարողացան գտնել, դիմեցին ոստիկանություն: Ինչքանով տեղյակ ենք, ինքը որեւէ լուրջ խնդիր չի ունեցել, թե որն է եղել իր վրա կրակելու պատճառը, ոչ մեկին հայտնի չէ: Մենք որ ճանաչում ենք իրա ընտանիքին, գիտենք, որ նորմալ ընտանիք էր, ինչքան գիտենք, խնդիրներ չունեին, տենց լուրջ խնդիրներ, որ մարդը գնար, ինքն իրա վրա կրակեր»,-մեզ հետ զրույցում նշեցին հրազդանցիները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ Կ. Հարությունյանն ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ: Իսկ հայրը, որի գերեզմանի մոտ էլ նա կնքեց իր մահկանացուն, վախճանվել էր երկու տարի առաջ: Հրազդանցիների համար անհասկանալի է, թե ինչու է Նաիրիի ոստիկանապետը հենց հոր գերեզմանի մոտ ինքնասպան եղել. «Դա չենք կարա ասենք, դե մարդ ա` կարող ա մի բանից նեղված ա եղել, գնացել ա գերեզմաններ ու ընդեղ էլ ինքն իրա վրա կրակել ա: Չգիտենք, մի մասն էլ ասում ա` կարող ա մարդը իրան չի սպանել, այլ իրա վրա են կրակել, բայց դե էտի ո՞վ կարա ասի: Իր հարազատները մենակ գիտեն` Կորյունը թշնամիներ ուներ, թե չուներ: Մարդիկ խոսում, ասում են՝ ինքը աշխատավայրում ա խնդիրներ ունեցել, իր գործից ա դժգոհել, մարդ ես` կարող ա նենց լուրջ բան կար իր աշխատանքի տեղը, որ նա նման քայլի ա գնացել: Մենք հաստատ բան չենք կարա ասենք, համ էլ ի՞նչ գործ ունենք` խոսենք»:
Մահացածի հարազատներից ոչ ոք չցանկացավ մեզ հետ զրուցել, նրանք միայն նշում էին, որ իրենց համար եւս անհասկանալի է կատարվածը, եւ իրենք կսպասեն քննության արդյունքներին: Տեղեկացնենք, որ ոստիկանապետի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել հատուկ քննչական ծառայությունում: Որպես առաջնային վարկած` քննվում է ինքնասպանությունը, քանի որ մահացած ոստիկանապետի մոտ հայտնաբերվել է իրեն ամրակցված տաբելային զենքը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս