Երեկ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը հերքում է ուղարկել իրենց: Մինչդեռ տարրական էթիկան պահանջում էր, որ տիկին Սարուխանյանը հերքման տեքստը ուղարկեր միայն «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որտեղ կորոշվեր՝ տպագրվում է, թե «կհանդիպենք դատարանում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին տնօրենը դպրոցի մուտքից տուն էր ուղարկել աշակերտուհի Լիդիային` պատճառաբանելով, թե հանգուստը դպրոցին հարիր չէ, մինչդեռ երեխան եղել էր նորմալ հագուստով: Եվ երբ տուն էր գնացել, մի փոքր ուշ կրկին վերադարձել էր դպրոց՝ արդեն մոր հետ: Լիդիայի մայրը՝ Նատալյա Սարգսյանը, բացատրություն էր պահանջել տնօրենից՝ ձայնագրելով նրա խոսքերը, որտեղ տնօրենը ծնողին ասել էր. «Ձեռք չի տալիս, ռադդ քաշի՛»: Գ. Սարուխանյանը, տեղեկանալով, որ ձայնագրում է, օգնության էր կանչել իր աշխատակիցներին եւ ծեծի ենթարկել Նատալյային:
Նկարագրված պատմությունը երեկ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է երկու կողմների կարծիքներով՝ դատողությունը թողնելով ընթերցողին: Եվ երբ տարօրինակ արձագանք ստացանք տնօրենից, որոշեցինք հետամուտ լինել եւ հասկանալ, թե ինչն է Սարուխանյանի անհանգստության պատճառը, եթե իսկապես չի հրահանգել ծեծել աշակերտուհու մորը:
Կրկին կապվեցինք տուժող Նատալյայի հետ եւ փորձեցինք հասկանալ՝ իսկապես ծեծ եղել է, թե նա մեզ թյուրիմացության մեջ է գցել: Սակայն նա ասաց, որ ինչ ասել է, հարյուրտոկոսանոց ճշմարտություն է. իսկապես ինքը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու մինչեւ վերջ պայքարելու է ճշմարտության համար. «Ի՞նչ եք կարծում, ես ինձ պետք է խփեի ու գնայի դատաբժշկական փորձաքննությա՞ն: Կրկնում եմ՝ մինչեւ վերջ եմ գնալու»:
Սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նատալյան օրեր առաջ հանդիպել է Երեւանի քաղաքապետի հետ, վերջինս էլ հրահանգել է քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին զբաղվել խնդրով: Զրուցեցինք նաեւ նրա հետ:
-Տիկի՛ն Սողոմոնյան, համոզված եմ, որ տեղյակ եք, թե ինչ է կատարվել դպրոցում: Ես ապրիլի 29-ին անձամբ եղել եմ դպրոցում եւ տեղեկացել, որ ինձանից առաջ դպրոց էր եկել քաղաքապետարանի կրթության վարչությունից տեսուչ՝ պարզելու, թե ինչ է կատարվել: Ու թեեւ այդ այցից 5 օր է անցել, սակայն Դուք լռում եք: Ինչո՞ւ:
-Նախ ասեմ, որ մայրը հանդիպել է միայն ինձ հետ, իսկ ես քաղաքապետին դեռ չեմ զեկուցել:
-Ինչո՞ւ, արդեն քանի օր է անցել, ինչո՞ւ չեք արձագանքել:
-Ես այսօր (երեկ-Ք.Մ.) եմ մոր հետ հանդիպել, լսել նրան եւ, իհարկե, տնօրենին: Այն, ինչ պատմել են երկու կողմերը, ի մի կբերենք, կհասկանանք, թե ինչ է եղել, նոր այսօր կզեկուցեմ քաղաքապետին, ու մեզ վերաբերող համապատասխան վերաբերմունք կդրսեւորենք:
-Իսկ եթե ավելի կոնկրետ, ի՞նչ եք պատրաստվում անել:
-Եկե՛ք չշտապենք: Ամենակարեւորը երեխայի կրթությունն է, որն այս պահին շարունակվում է: Կհասկանանք, թե ինչ ենք անելու:
Վերջում հավելենք, որ Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի քույրը՝ Ռուզան Սարուխանյանը, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի տնօրենն է:
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ