ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԿԹՎՈՐՈՒՀԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտագաղթն իսկական աղետ է դարձել սահմանամերձ Տավուշի մարզի համար: Հատկապես Բերդի տարածաշրջանում մարդկանց սոցիալական վիճակն առավել վատթար է, քան Տավուշի մարզի մյուս՝ Իջեւանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Խորհրդային տարիներին սահմանամերձ Մովսես գյուղի միջնակարգ դպրոցն ուներ 1000-ից ավել աշակերտ, մինչդեռ այժմ այնտեղ սովորում է 168 երեխա: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դասարաններ կան, որոնց մեծ մասը մովսեսցի երեխաներ են: Բերդի տարածաշրջանից Ռուսաստան արտագաղթածները, եթե կարողանում են այնտեղ  աշխատանք գտնել կամ սեփական բիզնես հիմնել, հետո վերադառնում են սահմանագոտի եւ  հարազատներին, ընկերներին, հարեւաններին ու համագյուղացիներին տանում իրենց հետ: Այսպես` Բերդի տարածաշրջանում ճանաչված երգիչ Սերժիկ Վարդազարյանի որդին Ռուսաստանի Օրենբուրգի մարզում սեփական բիզնես՝ ֆերմերային հաջողակ  տնտեսություն է հիմնել: Վերջերս նա այդ տնտեսության համար Բերդի տարածաշրջանից  10 կթվորուհի է տարել Օրենբուրգ՝ յուրաքանչյուրին խոստանալով 1000 դոլարին համարժեք աշխատավարձ: Հիմա Բերդի տարածաշրջանի ֆերմերային փոքր տնտեսություններն ամռան սեզոնին կթվորուհի չեն ճարում, որովհետեւ շատերը Ռուսաստան են արտագաղթել կամ էլ չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատել տեղացի ֆերմերի մոտ: Բերդում կա նաեւ «գրեյդեր» քշողի պակաս, սահմանամերձ այդ տարածաշրջանում քիչ են մնացել   եռակցողները: Շատ լավ արհեստավորներ հիմա Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում են աշխատում: Իսկ տարածաշրջանի` ինքնահոս եղանակով ոռոգելի տասնյակ հեկտար բերրի հողեր տարիներով անմշակ են: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը նախաձեռնել է մոտ 50 տարածքի մշակություն, որտեղ հացահատիկ է ցանվել: Սակայն ընդհանուր առմամբ Բերդի տարածաշրջանի վիճակը մտահոգիչ է: Եթե մեր իշխանությունները չսթափվեն, ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում ապրելու, բիզնեսի համար նորմալ պայմաններ չստեղծեն, ապա կարճ առաջիկայում մեր գյուղերը գյուղատեղ են դառնալու: Սահմանապահ զինվորը  պաշտպանում, մարտնչում է սահմանին, եթե իր հետեւում տեսնում է ոչ միայն հող, այլեւ կանանցով, երեխաներով, ահել-ջահելներով շնչող գյուղեր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս