ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի-դերասանուհի ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ (Էնջլ) ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում ասաց, որ  պատրաստվում է մեկնել Նյու Յորք` ուսանելու: Օրեր առաջ տեսնելով Գայանեին՝ հետաքրքրվեցինք, թե ինչու է վերադարձել: Պարզվեց` մեկնել է Նյու Յորք, կարգավորել այնտեղ սովորելու հարցերն ու վերադարձել Հայաստան` ավարտելու իր ուսումը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում. «Մեկնելու համար նախ պետք է այստեղ ավարտես: Սեպտեմբերից մինչ նոյեմբերի կեսեր կգնամ Նյու Յորք: Մասնագիտությունը, որ ես ընտրել եմ, ավելի մեծ ապագա ունի ԱՄՆ-ում»:
-Ի՞նչ խնդիրներ ունի այսօրվա երիտասարդ դերասանը:
-Կա գլոբալ խնդիր, այստեղ չկան հնարավորություններ, ապագա… Եթե դու քո առաջ քայլեր ես դնում, պետք է տեսնես նաեւ վերջը, թե ուր ես ձգտում: Այստեղ այդ վերջը շատ մոտիկ է ու ոչ այդքան բարձր: Ո՞ւր ձգտես, սերիալո՞ւմ խաղաս: Սերիալում խաղացել եմ, թատրոնը հարգում, սիրում եմ իր բոլոր մեծերով, բայց դա էլ ապագա չէ: Ես գիտակցում եմ, որ շատ բարդ կլինի դրսում հաստատվելը, գուցե նաեւ լավ չլինի, որովհետեւ շատերի մոտ չի ստացվում, բայց ես, ինքս ինձ վրա շատ վստահ լինելով, պետք է գնամ փորձեմ, որ հետո ինքս ինձ չմեղադրեմ, թե դա չարեցի: Տեսնում եմ, թե  ինչքան լավ դերասանների գագաթնակետն այսօր սերիալն է, ցավոք, թատրոնն այդքան պոպուլյար չէ:
-Եթե չեմ սխալվում, կար ժամանակաշրջան, երբ Դուք էլ էիք նկարվում սերիալներում:
-Այն ժամանակ, երբ ես սկսեցի նկարվել, դեռ դպրոցում էի սովորում, չէի էլ սկսել  Թատերականում սովորել: Դա ինձ պետք էր որպես փորձ: Հիմա էլ կան առաջարկներ տարբեր հեռուստաընկերություններից, բայց չեմ ուզում ժամանակս կորցնել սերիալների վրա: Եթե մի քանի մասանոց հեռուստաֆիլմ լինի, գուցե համաձայնեմ, որովհետեւ եթե գնամ, չգիտեմ, թե երբ կվերադառնամ: Ուսումս երկու տարի է, բայց վստահ եմ՝ այդ ընթացքում նաեւ կաշխատեմ: Ես որոշել եմ ամեն ինչ ինքս անել` ե՛ւ ընդունվելը, ե՛ւ ֆինանսական հարցեր կարգավորելը, ինչը այդքան էլ մատչելի չէ, որովհետեւ իմ ընտրած ակադեմիան աշխարհի լավագույն տասնյակի մեջ է մտնում:
-Ինչքա՞ն է կազմում տարեկան վարձը:
-Տարեկան մոտ 40 հազար դոլար միայն ուսումը՝ այնտեղ մնալու եւ ապրելու գումարը չհաշված:
-Իսկ ի՞նչ եղավ երգչուհու կարիերան, ակումբներում էիք հանդես գալիս` էքսցենտրիկ կերպարներով, հրեշտակի թեւերով:
-Ինչ անում էի, անում էի ինքս ինձ համար ու հաճույքով: Կարծում եմ՝ կային մարդիկ, ում դա դուր էր գալիս: Բայց հիմա չեմ ուզում ժամանակս ծախսել մի բանի վրա, ինչը չունի ապագա:
Նորից կարող եմ թեւերով բարձրանալ, ավելի հետաքրքիր բաներ անել, մայրս էլ կլիպմեյքեր է, կարող եմ շաբաթը մեկ նոր որակյալ տեսահոլովակ նկարել, լինել շատ ավելի հայտնի, քան հիմա, բայց այս երկրում ինձ դա էլ պետք չէ: Չեմ ասում` էստեղ ոչինչ չկա, ուղղակի իմ ամբիցիաներն են մեծ:
-Հիմա որտե՞ղ եք աշխատում:
-Ինտենսիվ գրաֆիկով աշխատում էի «N show» ակումբում, բայց հիմա ժամանակ առ ժամանակ եմ գնում, ուղղակի հաճույքի համար` շաբաթը մեկ կամ ամիսը 2 անգամ:
-Ինչպես նշեցիք, Ձեր մայրը ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանն է, չի՞ փորձում Ձեզ օգնել, բարեխոսել, չէ՞ որ մեր իրականության մեջ ծանոթ-բարեկամ սկզբունքը լավ է աշխատում:
-Հավատացնում եմ, որ անգամ մի դեպք չի եղել, որ ես կամ մայրս ինձ համար որեւէ մեկին որեւէ բան խնդրենք: Բայց կան մարդիկ, որոնք մտածում են, թե այս 5 տարիների ընթացքում, որ ես կամ ասպարեզում, մայրս է օգնել: Մինչդեռ մեր բնավորության գիծն է չխնդրել, ուրիշների օգնությանը չդիմել: Եթե մայրս ինձ համար բարեխոսեր, հիմա ես կլինեի առաջիններից մեկը:
-Նկատել եմ նաեւ, որ շոու բիզնեսի «կաթսայի մեջ չեք եփվում», միջոցառումներին էլ չեք մասնակցում:
-Ճիշտ եք նկատել, մի 3-4 տարի առաջ ոչ բոլոր միջոցառումներին, բայց գնում էի, հետո երեւի տարիքից ու փորձից հասկացա, որ դա ինձ պետք չէ: Գուցե շատերին դա օգնում է առաջ գնալ, բայց ինձ… Բոլորս էլ գիտենք՝ այն ասպարեզներում, որտեղ կա փառք, փող, շատ է քծնանքը, շողոքորթելը: Ինձ համար առաջնայինը մարդկային հատկանիշներն են:
-Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Հատուկ նախասիրություններ չունեմ, հիմնականում տանն եմ լինում, ընկերուհիներիս հետ էլ հազվադեպ եմ գնում բարեր, ակումբներ, գնալուց էլ չեմ գնում ինչ-որ գլամուր տեղեր, նախընտրում եմ հասարակ մի փաբ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս