ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ԲԱԶԱՐ»
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ իշխանության հետ բանակցությունների արդյունքում ԲՀԿ-ն փորձում է ստանալ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: Ըստ կայքի՝ Սերժ Սարգսյանը  Գագիկ Ծառուկյանին հասկացրել է, որ դա հնարավոր է, եթե ԲՀԿ-ն լոյալ արձագանքի մայիսի 5-ի ընտրություններին եւ «ավելորդ աղմուկ չբարձրացնի»: Հենց դրանով էլ պայմանավորված է ԲՀԿ-ի ոչինչ չասող հայտարարությունը: Եթե փոխքաղաքապետի պաշտոնի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա այն կզբաղեցնի ԲՀԿ  ցուցակի երրորդ համարը՝ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

ԳԵՂ ԿԱՆԳՆԻ` ՀԷԿ ԿՓԱԿԻ
Երեկ Լոռու մարզի Մարց գյուղի մի խումբ բնակիչներ ձորն են նետել նախօրեին գյուղ բերված՝ երրորդ հէկ-ի կառուցման համար նախատեսված խողովակները: Այդ կերպ մարցեցիները զգուշացնում եւ հերթական անգամ բարձրաձայնում են, որ դեմ են հէկ-ի կառուցմանը: «Մենք հէկ-ը կառուցել ցանկացողներին նախօրոք ասել էինք, որ դեմ ենք այդ նախաձեռնությանը եւ սպասում ենք նախարարություն ուղարկված մեր ստորագրահավաքի պատասխանին, որը մեկ շաբաթից ենք ստանալու, բայց նրանք, անտեսելով մեր պահանջները, խողովակները բերեցին գյուղ»,-«Առավոտ»-ին ասել է Մարցի բնակիչ Պարգեւ Հակոբյանը:

ՍԱԼՅՈՒՏԱՅԻՆ
Մայիսի 5-ին` ուշ երեկոյան, ՀՀԿ-ականները նշում էին իրենց հաղթանակը` մայրաքաղաքի տարբեր համայնքներում արգելված ժամին հրավառություն իրականացնելով եւ խաթարելով քաղաքացիների անդորրը: Այդ կապակցությամբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ հրավառություն իրականացրած 16 իրավախախտ ենթարկվել են վարչական պատասխանատվության:

ՁԿՆԵՐԸ ՍԱՏԿԵԼ ԵՆ
Կապանի միջով հոսող Ողջի գետում երեկ ձկների զանգվածային անկման դեպք է արձանագրվել: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Վահրամ Մարտիրոսյանն «Առավոտ»-ին ասել է, որ ձկների անկման պատճառը երեկ գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, Մեղրի-Երեւան մայրուղու 76-րդ կմ-ում իրանական վթարված ավտոմեքենայից Ողջի գետ արտահոսած ժավելի խտահեղուկն է եղել:

ԲՀԿ-Ի 4-ՐԴ ՀԱՄԱՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Խոսքը միլիոնների հափշտակության մասին է։ Նախկին մարզպետը մի քանի համայնքների ղեկավարներից պահանջել եւ ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների, եղել են կեղծ: Արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։ Սակայն Բագրատյանը հերքում է մեղադրանքը:




Լրահոս