ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈ
Այսօր «Մեցցո» ակումբում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: Երգահանի բնութագրմամբ` այն կլինի շփում  իր եւ ընկերների հետ: Համերգի ընթացքում նա կպատմի իր երաժշտական գործերի մասին, նաեւ կբացահայտի, թե ինչն է ստեղծագործելու շարժառիթ հանդիսանում: Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանի վերջին ստեղծագործություններից «Ռեքվիեմ»-ի պրեմիերան տեղի է ունեցել մեկ տարի առաջ Գերմանիայում, իսկ հայաստանյան պրեմիերան կայացել է միայն այս տարի` ապրիլի 24-ին:

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Օրեր առաջ՝ մայիսի 5-ին, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները: Մայիսի 1-5-ը տեւած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվեցին 25 կարճամետրաժ ֆիլմեր:
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ շնորհեց 4 անվանակարգում: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Մուղդուսյանի «Իրականության պաթոս» ֆիլմը: «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթողն է Խանե Պողոսյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը» ֆիլմը: Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ ստացավ  Ալբերտ Սարգսյանի «Վաղ գարուն» ֆիլմը: Իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջինն Արտյոմ Բարխուդարյանի «Արթնացի՛ր, Մար» կինոնկարն է:
Ֆիլմերի ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ ժյուրին` ի դեմս ռեժիսոր Վ. Գեւորգովի, կինոռեժիսոր Ա. Գեւորգյանի, օպերատոր Ս. Բաբասյանի, կինոքննադատ Ր. Մովսիսյանի: Ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անետա Երզնկյանը:
Մրցանակներ շնորհեցին նաեւ կինոփառատոնի հատուկ գործընկերները, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր  նվիրեց:




Լրահոս